ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանի հրապարակումը Facebook-ի իր էջում:
Բազմիցս առիթ եմ ունեցել արհահայտվելու սոցիալ-տնտեսական կյանքի խնդիրներին։ Մեզ մոտ՝ Արմենիայում, դրանք ներկայումս քաղաքակրթական բնույթի են։ Այսօր, սակայն, ուզում եմ անդրադառնալ ևս մեկ քաղաքակրթական խնդրի՝ հայոց լեզվին։ Առաջիկայում կխոսենք հայ առաքելական եկեղեցու, կնոջ և ընտանիքի դերի մասին արմենական (հայկական) պատկերացումների, քաղաքակրթական և ազգային արժեքների մասին և այլն։
Ես լեզվի մասնագետ չեմ։ Բայց ես մտավորական եմ, հասարակագետ։ Ինձ համարում եմ տեսության (մեգաէկոնոմիկա) հիմնադիր։ Ուստի ամեն օր բախվում եմ մտքերս արտահայտելու խնդրի հետ։ Շփվում եմ տարբեր երկրների մասնագետների հետ։ Գրել եմ 19 գիրք և 68 հոդված։ Գրքերս գրել եմ 4 լեզուներով. Արմեներեն (հայերեն), ռուսերեն, անգլերեն և ուկրաիներեն։
Նկատի ունեցեք, գրել եմ և ոչ թե թարգմանել։ Բացի այդ, ազատ շփվում եմ ևս 2 լեզուներով՝ գերմաներենով և ֆրանսերենով։
Ի՞նչ է ինձ հուշում անձնական աշխատանքային փորձը։
Մեկ էջ հայերենը հավասար է 0.8 էջ ռուսերենի, 0.75 ուկրաիներենի, 0.9 գերմաներենի և 0.7 անգլերենի։
Դա է պատճառը, որ իմ վերջին արմեներեն գիրքը գրել եմ 2001թ։ Գրել արմեներեն, նշանակում է 20-30% ավել ժամանակ ծախսել։ Ինչո՞ւ։
Սիրում ենք անընդհատ ասել՝ մեր լեզուն (պետական) ամենագեղեցիկ լեզուներից է։ Խստորեն կասկածում եմ։ Այն աշխարհի աղքատ (ինչպես և մեր տնտեսությունն է) լեզուներից է։ Օրինակ, վերցնենք բառերի քանակը։
Ըստ իս, այսօր մեր լեզվում կա շուրջ 100 000 բառ։ Դա հեշտորեն ստուգվում է բացատրական կամ թարգմանչական բառարանների միջոցով։ Այսպես, 1984թ հրապարակված Հայ-ռուսական բառարանում (գլխ. խմբագիր Ե.Գալստյան) կա 75 000 բառ, գրեթե նույնքան 1976թ. Է.Աղայանի բառարանում։ Ռուսական ակադեմիական բառարանում (1970թ) կա 132 000 բառ։ Ըստ USA Today-ի 2010-ին անգլերենում կար 999 985 բառ, չինարենում՝ 500 000, գերմաներենում 250 000, ճապոներենում՝ 232 000, իսպաներենում 225 000, ռուսերենում՝ 195 000, (http://news.flarus.ru/?topic=1115; http://www.norma-tm.ru/psychological_war.html)։
Անշուշտ, լեզվի հարստությունը միայն բառերի քանակի մեջ չէ։ Բացի այդ, բառերի քանակի հաշվարկի միասնական մեթոդաբանություն չկա։ Բայց, օրինակ, ո՞վ է մեզ իրավունք տվել թարգմանել կոմպյուտեր կամ ինֆլյացիա բառերը։ Ոչ միայն նրա համար, որ կոմպյուտեր բառը համակարգիչը չէ, իսկ ինֆլյացիան ամենևին էլ գնաճը չէ։ Նրա համար, որ դրանք բառ գործառույթներ, բառ ինստիտուտներ, բառ առարկաներ են։ Անգլերեն լեզուն օրական ավելանում է 15 բառով։ Շեքսպիրը միայն այն հարստացրել է 1 700 բառով։ Պուշկինը ռուսաց լեզուն հարստացրել է 24 000 բառով։ Իսկ մենք նստած թարգմանում ենք ամեն բառ։ Ամենևին էլ դրա իրավունքը չունենալով։ Աշխարհում ամեն տարի արվում է 1.5 մլն պատենտ, գրանցվում է 3 մլն ապրանքանիշ։ Հիմա պիտի թարգմանե՞նք ամեն բան։ Դա ի՞նչ լեզվական շովինիզմ է։ Ամբողջ օրը գոռում ենք. արմեներենը միակ պետական լեզուն է։ Ճիշտ է։ Բայց եկեք զարգացնենք այն։ Միջնադարում ունեցել ենք 60 000 բառ։ Ոչ մի անգլերեն մեզ չէր հասնի։ Հիմա մենք ունենք 100 000, իսկ նրանք 1 000 000։ Ու մի բան էլ։ Ժամանակը չէ՞ մեր երկիրը Արմենիա անվանելու։ Աշխարհի երկրների 80%-ը մեզ Արմենիա է անվանում։ Իսկ մե՞նք։ Հայաստանը ո՞րն է։