Մի շարք մասնագիտությունների տեր մարդիկ հաճախ ստիպված են լինում Ամանորն անցկացնել ընտանիքից հեռու՝ աշխատավայրում, օրինակ, բժիշկները, հրշեջները և վերջապես` տաքսու վարորդները: Հենց վերջիններս էլ աշխատանքի բերումով Նոր տարվա գիշերն ամենաանհավանական ու հետաքրքիր պատմությունների մեջ են ընկնում։
Վարորդ Աշոտը գրեթե յուրաքանչյուր Ամանորի միայն 15-30 րոպե է ընտանիքի հետ անցկացնում: Ասում է՝ հայերը սիրում են իրար հյուր գնալ, անգամ, եթե ստիպված են բավական երկար ճանապարհ անցնել գիշերով: Հենց այստեղ էլ նրանց օգնության է հասնում Աշոտը, ով տաքսի-սերվիսի վարորդ չէ, պարզապես սեփական մեքենայով աշխատում է՝ ինքն իր համար. «Շատ-շատ է պատահում, երբ ընտանիքով նստում են մեքենաս ու սկսում քննարկել այն մարդկանց սեղանները, ում տուն գնացել էին` սրա բուդն ավելի մեծ էր, նրա սեղանը ճոխ էր, հետո էլ ամբողջ տարի լացում են: Շատ հետաքրքիր է լինում, երբ ջահելներով հավաքվում ու իրենց ընկեր-ընկերուհիների տներով են շրջում: Մի քանի տարի առաջ՝ ամսի երեքին, երկու աղջիկ ու մի տղա նստեցին մեքենաս: Իրենց ընկերոջ տուն էին գնում, բայց տան տեղը կոնկրետ չգիտեին: Հիշում էին, որ գործարանի մոտ է, բայց թե ի՛նչ գործարանի, հաստատ չէին իմանում: Էն ժամանակ էլ էս ձեռքի հեռախոսներն էդքան տարածված չէին, էդ երեխեքից ոչ ոք չուներ: Հերթով ինչքան գործարանի անուն գիտեմ, ասում եմ. մեկը մի բան է ասում, մյուսը՝ մի ուրիշ: Աղջիկներից մեկը մի անգամ եղել էր, ասում է՝ շենքեր կան, փողոցներ: Բայց որտե՞ղ շենքեր ու փողոցներ չկան: Ամբողջ քաղաքով մի ժամ ման եկանք, սուս ու փուս նստած կողքերն էին նայում էս երեխեքը, մեկ էլ հանկարծ աղջիկներից մեկը գոռաց՝ հիշեցի, «Գործարանային» մետրոյի մոտ ա: Մյուս երկուսը խեղճի գլխին «շան լափ» թափեցին: Վերջը, տարա բարեհաջող տեղ հասցրի»:
Վարորդ Արմենը, երրորդ տարին է, տաքսի-սերվիսներից մեկի վարորդն է: Նույնիսկ ուրախ է, որ աշխատանքի բերումով ստիպված է լինում Ամանորի ողջ ընթացքում աշխատել: Նա չի սիրում, երբ այդքան մարդիկ են հերթով գալիս` «օրենքի խաթր»: Ամանորին չի սիրում նաև հյուր գնալ, և խմիչք օգտագործել։ Եվ գործի պատրվակով «ազատվում է» խմելու պարտականությունից: Բայց, հակառակի նման, միշտ հենց իրեն են հարբած ուղևորներ հանդիպում. «Անցած տարի՝ հունվարի մեկն էր, երեկո, մի ամուսնական զույգ նստեց մեքենաս: Ամուսնու «կատարն արդեն տաքացած էր», նստեց ու սկսեց տարբեր թեմաներից խոսել՝ քաղաքականություն, ով ոնց կլինի, ինչ կլինի: Ես էլ նման բաներից հեռու եմ, լուռ լսում էի: Մեկ էլ մի խանութի մոտ ստիպեց կանգնել, թե՝ գնում ենք ընկերոջս տուն, ամոթ է, մի շիշ օղի պետք է գնեմ: Մտավ խանութ, հետ եկավ` օղու շիշը ձեռքին: Մեկ էլ հանկարծ որոշեց, որ պետք է բացի այն, միասին խմենք: Հիմա կինը համոզում է, թե՝ ամոթ է, պետք է օղին հյուր տանենք, մի խմիր: Ամուսինը բարկացավ կնոջ վրա, ու սկսեց ինձ ստիպել, որ կանգնեցնեմ մեքենան, ու միասին խմենք: Հասկանում եմ, որ հարբած է, փորձում էի համոզել, որ չի կարելի, ես աշխատանքի մեջ եմ, ոստիկանները կբռնեն: Մեծ աղմուկ էր բարձրացրել, թե՝ ինձ չես հարգում, չես ուզում Նոր տարիս շնորհավորել: Արդեն ուզում էի նրանց մեքենայից իջեցնել: Մեկ էլ կինը, երևի ինձ օգնելու համար, ամուսնուն ասաց՝ չի ուզում, իր գործն է, դու մենակ խմիր: Մինչև տեղ հասանք, համարյա կեսը խմել էր: Հետո կինը մի կերպ գրկեց, տարավ: Բայց ամուսինն ուրախ-զվարթ երգում էր, ոչ մի վատ բան չարեց: Մի անգամ էլ երկու տղամարդ ու մի կին նստեցին մեքենաս, Մասիվից քաղաք էինք իջնելու: Համարյա տեղ էինք հասել, մեկ էլ էս կինը սկսեց գոռալ, թե ուրիշի վերարկուն է հագել: Մեքենան կանգնեցրի, իջանք, տղամարդկանցից մեկն ամուսինն էր, ուշադիր նայեց, համոզվեցին, որ ուրիշինն է: Էլի հետ քշեցի, գնացին էդ մարդկանց տուն, ինձ էլ խնդրեցին, որ սպասեմ: Մի տասը րոպե հետո տխուր-տրտում իջան, թե՝ հյուրերից մեկն էլ իր վերարկուն է հագել, գնացել: Բայց իմացել էին՝ ով է: Գնացինք դրանց տուն, նոր իր վերարկուն հագին, ուրախ-զվարթ եկավ այդ կինը»:
Վարորդ Միքայելն աշխատում է մի կազմակերպության հետ, որը Ձմեռ Պապիներ է տրամադրում: Ամանորի գիշերը Ձմեռ Պապերին ու Ձյունանուշներին տարբեր տեղեր է տանում: «Մի անգամ Ձմեռ Պապն ու Ձյունանուշը հենց ուղիղ 12-ին պետք է դուռը թակեին ու նվերներով ներս մտնեին: Մի 15 րոպե էին այնտեղ անցկացնելու, էլի պատվեր ունեին: Ինձ էլ ասացին՝ հո մենակ չե՞ս մնալու մեքենայի մեջ, արի մեզ հետ: Գնացինք, լավ էլ մարդիկ էին՝ երիտասարդ ամուսիններ: Երեխեքն էլ շատ լավն էին, մեզ տեսան՝ էնքա՜ն ուրախացան: Ձմեռ Պապն ու Ձյունանուշը որ սկսեցին երգել-պարել, իմ հավեսն էլ եկավ: Էդ մարդկանց տանը մի լավ քեֆ արինք: Մի անգամ էլ գնացի, որ պատվիրատուի տանից Ձմեռ Պապին ու Ձյունանուշին տանեմ։ Ներքևում սպասում էի, տեսնեմ՝ էս խեղճերը սարսափած, կարմրած իրենց գցեցին մեքենայի մեջ: Հետո պատմեցին, որ չար, անշնորհք երեխաներ էին եղել: Մեկը խեղճ Ձմեռ Պապի մորուքն էր քաշել, վրայից պոկել: Մյուսը Ձյունանուշի վրա էր հարձակվել, թե՝ ձեր բերած նվերը լավը չի: Բայց խեղճ մարդիկ ի՞նչ անեին, ծնողներն ինչ առել են, էն էլ նվիրել էին: Մի խոսքով, շատ վախեցած էին, բայց դա էլ իրենց աշխատանքն է»:
Վարորդ Գեղամը մի քանի տարի առաջ է վերադարձել Մոսկվայից, այնտեղ էլ է տաքսու վարորդ աշխատել: Պատմում է, որ Մոսկվայում էլ Ամանորի գիշերը հայերի է տեղափոխել, քանի որ ռուսները չեն սիրում հյուր գնալ. «Այնտեղ ուրիշ է, մեզ նման չեն: Ի՜նչ ուրախ ժողովուրդ են: Ոչ չարչարվում, պարտքի տակ են ընկնում, սեղան գցում, ոչ էլ: 31-ի գիշերը բոլորը դուրս են գալիս տներից, ուրախ երգում-պարում, ոտքով մինչև լույս փողոցներով ման են գալիս: Իսկ այնտեղի հայերն իրենց սովորույթները չեն փոխում: Նույնիսկ Մոսկվայի նման հսկա քաղաքում, որ ժամերով պետք է գնաս, որ քաղաքի մի ծայրից մյուսը հասնես, էլի իրար հյուր են գնում: Բայց որ համեմատում եմ մեր Նոր տարին ու նրանցը, սարերի ու ձորերի տարբերություն է: Ախր, դեկտեմբերի կեսերից քաղաքն էնպես են զարդարում, որ անցնելիս անկախ քեզնից տրամադրությունդ բարձրանում է: Իսկ մեզ մոտ 31-ի գիշերն էլ փողոցով անցնում ես, ընդհանրապես մտքովդ չի անցնի, որ Նոր տարի է՝ ո՛չ սիրուն զարդարված է, ո՛չ ամանորյա աղմուկ կա: Էս մի առումով ռուսներն ավելի ճիշտ են»:
Նատաշա Հարությունյան
Լուսանկարները` Սերժ Դավիդովի
«3 Միլիոն»