Սլկունիներ
Advertisement 1000 x 90

Սլկունիներ

Պատմաբան Վահե Անթանեսյանի գրառումը:

Սլկունիների քրմական և նախարարական տոհմը Մեծ Հայքում ամենահայտնիներից էր: Նրանց նահապետ Սլաքը սերում էր Հայկ Նահապետից։

Սլկունիների տոհմական կալվածքը Մեծ Հայքի Տուրուբերան նահանգի Տարոն գավառն էր։ Ըստ Գահնամակի, Սլկունիները զբաղեցրել են 48-րդ «բարձը», իսկ ըստ Զորանամակի, Հայոց զորաբանակին տվել են 300 հեծյալ մարտիկ։

IV դ. սկզբին Սլկունիների նահապետ Սղուկը ապստամբել է Տրդատ Գ Մեծ արքայի դեմ և ամրացրել իր Ողական բերդում։ Մամիկոնյանների նահապետ Մամգունը նենգ դավաճանությամբ գրավել է Ողականը և կոտորել Սլկունիներին։ Այդ ծառայության դիմաց արքունի հրովարտակով Սլկունիների կալվածները շնորհվել են Մամիկոնյաններին։ Սլկունիների վերջին շառավիղներից հիշատակվում են Գինդ եպիսկոպոսը (IV դ.), Ներսես Ա Մեծ կաթողիկոսը կարգել է վանահայր, և Այրուկ իշխանը (V դ.), որը կռվել է Վարդանանց կողմից։ Հետագա աղբյուրներում Սլկունիների մասին տեղեկություններ չեն հանդիպում։

Օրերս Արևմտյան Հայաստանի Մուշ քաղաքի հայոց հին գերեզմանատանը տեսա Սլկունիներից սերող և երիտասարդ տարիքում մահացած մի հայորդու տապանաքար:

Փաստորեն, Սլկունիները պատմության ասպարեզից չեն վերացել: Նրանք ապրել են (գուցե դեռ ապրում են) իրենց հայրենի Տարոնում: