Հարսանիք. Կարողացա դիմանալ ընդամենը կես ժամ
Advertisement 1000 x 90

Հարսանիք. Կարողացա դիմանալ ընդամենը կես ժամ

Վաչագան Ա. Սարգսյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Այսօր մասնակցում էի ընկերոջս իմ շատ սիրելի աղջնակի հարսանիքին: Կարողացա դիմանալ ընդամենը կես ժամ:
Այն, ինչ կատարվում է մեր հարսանիքներին, խնջույքներին, աննկարագրելի է:
Խոսքս հարյուրավոր դեցիբել աղմուկի մասին է:
Կատարյալ սադիզմ է:

Սեղանների շուրջ նստածները չեն կարող մի երկու բառ փոխանակել: Նստած սեղանների շուրջ ցնցվում են աղմուկից ու թոռոմում բույսերի նման:Հյուրերի թմբկաթաղանթները պայթում են, սրտները քիչ է մնում տեղներից դուրս գան: Ոչ մի դժոխք ավելի վատ լինել չի կարող: Կենդանի կամ կենդանու երաժշտության որակի մասին չեմ խոսում՝ դա այլ թեմա է:
Էս մառազմը արդեն վաղուց է մեր կենցաղում:

Ընդ որում բողոքում են բոլորը՝ հարսանիքի տերերից սկսած մինչև դռնապանը: Բայց ոչ ոք չի կարող դրա դեմն առնել:
Սրահների տերերի նկատառումները պարզ են՝ ինչքան բարձր աղմուկ, այնքան իրենց շահը մեծ կլինի ամեն առումով:
Դուրս եկա սրահից, որ բակում հանգստանամ աղմուկից:
Հիմա իրեն հարգող ոչ մի սրահ առանց գազանանոցի չի կարող լինել: Շրջեցի խեղճ ու կրակ գազանների մեջ: Բայց դրսում ավելի վատ է, քան ներսում: Տեսնեմ նստած է մի պահակ մարդ: Ասացի՝ բոլոր գազաններին տեսա, բայց էս մեկին չեմ կարողանում տեսնել:

– Ո՞ր մեկին,- զարմացավ մարդը:

-Էս որ ոռնում է անընդհատ, էս կողքի ռեստորանից է գալիս ձայնը, ոչ թե հարսանիքի սրահից:

– Այ ցավդ տանեմ,- էստեղ ուրիշ գազան չկա:

– Բա էս ո՞վ է, է՜, սենց ոռնում ու ձենը չի կտրում: Դու, ասում եմ, անընդհատ էստեղ ես, կիմանաս հաստաատ, թե սա ձենը երբ է կտրում:

Մեկ էլ մարդը նայեց ինձ, ժպտաց, հասկացավ՝ ինչ եմ ասում:

– Էդ պատվեր ա, ցավդ տանեմ, մինչև լույս երգելու ա: Գիտես, թե ինչ փող է առնում: Վայ, քու ցավը տանեմ, սկզբից չհասկացա, շշմեցի;

Իսկ ոռնոցը հասնում էր մինչ Արարատ լեռ:
Փախչելու տեղ չկար:
Վերադարձա:

ՎԱՍ»: