Արևմտյան Հայաստան այցելելը հայերի երազանքն է: Տարիներ առաջ այն շատերի համար այդպես էլ անկատար է մնացել, իսկ այսօր գոնե մեր կորցրածը տեսնելու հնարավորություն ունենք: Վերադարձնելու մասին դեռ վաղ է խոսել, քանի դեռ արտագաղթը շարունակվում է, տնտեսապես էլ հզոր չենք: Քանի դեռ այնտեղ թուրքական կառավարությունը հաստ շերտով է ասֆալտապատում իրականացնում, այստեղ բարակ ու ամեն տարի…
Երբ ոտք ես դնում Կարս, Անի, Վան կամ Մուշ ամեն ինչ այնքան հարազատ է թվում՝ քարերը, լեռները…Օտար են միայն այն նոր շենքերը, որոնք օրեցօր բազմանում են ու մարդիկ, որոնք հաստատվել են այնտեղ՝ հիմնականում քրդեր, ադրբեջանցիներ: Կարսում, Անիում կամ Վանում դուք հայերի չեք հանդիպի, գուցեև կան, նրանց աչքերը հետևում են ձեզ, բայց մթության ու լռության միջից: Միայն Մուշում է, որ թաց աչքերը կժպտան ու կլսես «բարև, հա՞յ ես, ինչպե՞ս ես»-ը:
Սպասված բարևն ու հարցը հնչեցրեց նաև ինքնությունը պահած ու դրա համար կռիվ տվող, Մուշի հայ համայնքի ղեկավար Արմեն Գալստյանը: Եվ, քանի որ նաև հաճախ է այցելում Երևան ու տեղյակ է ամեն ինչից, հարցեր տալու իրավունքը մեխնիկորեն ինձ անցավ: Նրա հետ զրուցեցինք համայնքի խնդիրների, ինքնությանը վերադառնալու փորձեր կատարող ու չկատարող հայերի, թուրքերի կողմից հետապնդումների և այլ հարցերի շուրջ:
Պարո՛ն Գալստյան, շատ լավ եք հայերեն խոսում, հայկական դպրոց հաճախելու արդյո՞ւնքն է, թե՞ ինքնակրթության:
-Պապս է գաղտնի սովորեցրել հայերենը: Հիշում եմ՝ անընդհատ ասում էր՝ նայի՛ր, տես, մարդ չկա չէ՞: Գիտե՞ս, պապս 3 տեղից վիրավորվել է 1915 թվականին, բայց Մուշում է մնացել, հետո գնացել է Տիգրանակերտ, 8 տարի անց երբ վերադարձել է՝ ասել են, թե Աթաթուրքը որոշում է թողել այն մասին, որ 15 տարեկանից մեծ մարդկանց պետք է մորթեն: Փախչել է Սիրիա ու կրկին վերադարձել: Նա ամեն ինչ անում էր, որ տանը հայերեն խոսեինք, հիմա էլ ես եմ նույնը պահանջում որդիներիցս ու թոռներիցս: Ցավոք, այստեղ դպրոց չկա, միայն Ստամբուլում են հայկական դպրոցները, որոնք թվով 18-ն են: Իսկ այստեղ փորձում ենք մանկապարտեզ բացել, որ գոնե օրը 2 ժամ երեխաները հաճախեն այնտեղ, երեկոյան էլ մեծահասակները գան, տառերը սովորեն, պատմությունն իմանան, միմյանց ճանաչեն: Այստեղ խնդիրները շատ են, ես մենակ ի՞նչ կարող եմ անել: Այդտեղից գալիս են, ոչինչ չեն անում, բայց գովերգում են իրենց: Միայն Գևորգ Չաուշի գերեզմանոցի համար 20 անգամ Անկարա եմ գնացել:
– Ասում են՝ Գևորգ Չաուշի գերեզմանը վերակառուցելու համար գումար հավաքողները խաբեբաներ են, ճի՞շտ է.
– Ոչ: Ուզում ենք պարսպապատել, հուշարձան դնել: Դրա համար էլ Ռուսաստանում գումար են հավաքում: Երիտասարդները եկան այստեղ, տեսան ու որոշեցին օգնել: ՀՀ Կառավարությունը, Սփյուռքի նախարարությունը պետք է մի բան անեն, ժողովուրդն ի՞նչ անի:
– Ի՞նչ եք ակնկալում օրինակ՝ Սփյուռքի նախարարից:
-Դպրոց կարող ենք բացել, համերգներ կազմակերպել: 2 տարի առաջ Ներսիկ Իսպիրյանն եկավ: Պետք է ուղղակի տեղեկացնել այստեղի Մշակույթի նախարարությանը և վերջ: Մենք հայ բոլոր երգիչներին էլ գիտենք: Երեխաները «Հայ քաջեր» երգելով գնում են: Հետևում ենք նաև Հայաստանի հեռուստաալիքներին: 4-5 ալիք կա:
– Որքա՞ն հայ է այս պահին ապրում Մուշում:
– 300 ընտանիք է ապրում Մուշում: Սա նրանց թիվն է, ովքեր ասում են, որ հայ են:
– Վտանգ կա՞ այսօր:
-Արդեն չեմ էլ հիշում, թե տարիներ առաջ ինձ քանի անգամ են ձերբակալել: Հիմա մի փոքր վիճակը փոխվել է: Այս տարի մեկ անգամ են ձերբակալել՝ ապրիլի 19-ին, ինչ է թե որդիս սոցիալական ցանցում գրել էր, թե կեղտոտ արյունները թափեցին մաքուր արյուններ: Գիշերը եկան նրան տանելու՝ ես գնացի: Մի գիշեր պահեցին ու բաց թողեցին:
– Շատերը թաքցնում են իրենց հայ լինելը, արդյո՞ք թուրքական կառավարությունը չգիտի, թե նրանք իրականում ի՞նչ ազգի են:
-Գիտի, ո՞նց չգիտի: Ամեն մարտ ամսին գալիս ու հարցնում են, թե որքա՞ն հայի զավակ է ծնվել ու անունները վերցնում են: Ուզում ես միլիոն անգամ ժխտիր: Օրինակ ՝ ասենք հայ է, դարձել է մուսուլման, երկու ժամ առաջ էշի պես գնում է մզկիթ, որ գան տեսնեն՝ ասեն օ՜, մուսուլման դարձավ: Բայց հակառակն է լինում.հայհոյում ու անցնում են: Ասա՝ այ էշի քուռակ, հայ ես, գնա գործիդ: Մարդ մի քիչ ուղեղ պետք է ունենա: Կանչում ասում եմ՝ հլը քո ազգին նայի ու դրանց՝ այդ մարդասպաններին, գողերին, ի՞նչ գործ ունես դրանց հետ:
Հայ ազգն ամբողջ աշխարհում անուն ունի, տե՛ս, Մուշը, մյուս շրջանները, բոլորը հայկական են: Ինչո՞ւ ես ամաչում կամ վախենում: Նման խոսակցություններից հետո շատերն ինձ տեսնելիս ճանապարհը փոխում են, հետո փոշմանում գալիս են:
Պետք է ասեմ, որ ի հակադրություն սրան՝ ինքնությանը վերադարձողների թիվն էլ օրեցօր ավելանում է: Դերսիմից մի քանի հոգու ես եմ ուղարկել Հայաստան, որ մկրտվեն, որովհետև այստեղ Աթեշյանը չէր կնքում:
– Միգուցե հնարավոր երկրորդ ցեղասպանությունի՞ց են վախենում ինքնությանը չվերադարձողները:
-Չէ, Թուրքիան այլևս չի կարող նման բան անել: Նրան հետևող աչքերը շատ են:
– Իսկ ինչպե՞ս է լուծվում ամուսնությունների հարցը.հայը հայի հե՞տ է կյանքը կապում:
-Հայերն այստեղ հայերի հետ են ամուսնանում, գոնե արյունը չեն կեղտոտում: