Գրատպության թանգարանը, որտեղ ցուցադրված են 400 նմուշներ, բացառիկ թանգարան է, կենդանի օրգանիզմ, որը պարբերաբար կնորացվի ու կթարմացվի: Այս մասին սեպտեմբերի 25-ին Գրատպության թանգարանի բացմանն ասաց ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:
«Գրատպության 500-ամյակին, երբ Երևանն ընտրված էր որպես գրքի մայրաքաղաք, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հանձնարարականով Հայաստանի ազգային գրադարանի ղեկավարությունը լծվեց այս թանգարանի ստեղծմանը: Կարծում եմ` սա բացառիկ թանգարան է, կենդանի օրգանիզմ, որը պարբերաբար կնորացվի ու կթարմացվի»,- նշեց նախարարը:
Հայաստանի ազգային գրադարանի տնօրեն Տիգրան Զարգարյանի խոսքով` թանգարանն ունի ճանաչողական, կրթական նշանակություն: «Այն բաղկացած է վեց սրահներից` «Գրի ակունքները», «Հայոց այբուբենը», «Հայ գրատպության առաջնեկները», «Հայկական գրատպության սփյուռքը», «Գրահրատարակչություն», «Գրի հավերժությունը»: Սրահներում ներկայացված է հայ գրատպության ուղին առաջին գրքից սկսած մինչև մեր օրերը: Թանգարանի շնորհիվ աշակերտները, ուսանողները կհասկանան, թե ինչ է հայ գիրքը, ինչ ճանապարհ է այն անցել: Ըստ իս` այս կառույցը կարող է գրքի հետազոտման խոշորագույն կենտրոններից մեկը լինել, քանի որ աշխարհում գրատպության թանգարանները սակավ են»,- ընդգծեց Զարգարյանը:
Թանգարանի նպատակը գրատպության անցած ուղին, նրա երախտավոր զավակների ստեղծած ժառանգությունը սերունդներին ներկայացնելն է:
«Թանգարանում կան ցուցանմուշներ նախագրային շրջանից մինչև տպագիր գիր ընկած ժամանակահատվածը: Վեց սրահում կարելի է գտնել սեպագիր արձանագրություններ, գրչության տեսակներ, եվրոպացի հրատարակիչների գործերում փայտափորագիր հայոց այբուբենը, հայերեն տպագիր առաջին գիրքը` «Ուրբաթագիրքը», առաջին Աստվածաշունչը, «Համատարած աշխարհացույցը», քարտեզը, պարբերականը` «Ազդարարը» և այլ նմուշներ»,-շեշտեց Գրատպության թանգարանի վարիչ Բալասան Հարությունյանը:
Նա հավելեց, որ «Հայկական գրատպության սփյուռք» սրահում ներկայացված են Ֆրանսիայում, Իտալիայում, Գերմանիայում, Ռուսաստանում, Հնդկաստանում, Ամստերդամում և այլ երկրներում տպագրված հայկական գրեր: «Այցելուն կարող է ընդհանուր պատկերացում կազմել տպագրավայրերի համառոտ պատմության, ինչպես նաև ներկայացված գրքերի մասին»,-եզրափակեց թանգարանի վարիչը:
Գրատպության թանգարանը բացվեց Հայաստանի ազգային գրադարանում, քանի որ այն համարվում է հայերեն տպագիր նյութի ամենամեծ պահոցը: Թանգարանը հագեցած է նոր տեխնոլոգիաներով, որոնք ոչ ֆորմալ կրթության համար ինտերակտիվ միջավայր են ստեղծում: Այն հայ գրքի հետազոտման կենտրոն դառնալու միտում ունի:
21-րդ դարի մարտահրավերներին ընդառաջ կարևորելով նաև հայ գրքի ռազմավարական նշանակությունը, աշխատանքներ են տարվում ստեղծելու համահայկական թվային գրադարան, որի նպատակը գրքի երկարաժամկետ պահպանությունը և հասանելիությունը ապահովելն է: