Յուսուֆ Քարշ
Advertisement 1000 x 90

Յուսուֆ Քարշ

Կանադահայ լուսանկարիչը հանդգնեց Ուինսթոն Չերչիլի բերանից հանել սիգարը

churchill-2

Հայաստանում ծնված, Կանադայում մեծ անուն հանած մեր հայրենակից լուսանկարիչ Յուսուֆ Քարշը մահացավ 2002թվին՝ 93 տարեկան հասակում: Բազմաթիվ միջազգային մրցանակների արժանացած այս լուսանկարչի կյանքի 65 տարիները ողողված են եղել փառքով: Նա աշխատել է  20-րդ դարի լեգենդների հետ: Այս դարաշրջանի մեծերից շատերը, որոնց մենք այսօր ճանաչում ենք լուսանկարներով, հավերժացել են հենց մեր հայրենակցի լուսանկարչական ապարատի շնորհիվ:

Սոմերսեթ Մոեմը, Էռնեստ Հեմինգուեյը, Ֆրանկլին և Էլիանոր Ռուզվելտները, Ալբերտ Էյնշտեյնը, Պաբլո Պիկասոն, Ֆիդել Կաստրոն, Ջոն Քենեդին, Բիլ և Հիլարի Քլինթոնները, Շառլ դը Գոլը, Բերնարդ Շոուն, Ալբեր Քամյուն, Ջորջ Պոմպիդուն, Ժան Կոկտոն, Մարտին Լյութեր Քինգը, Յուրի Գագարինը (լեգենդար անուններն այնքան շատ են, որ մի էջ կարելի է լցնել միայն նրանցով) այնքան են վստահել Քարշին, որ ֆոտոսեսիաների ժամանակ հանդես են եկել այնպես, ինչպես նրանցից պահանջել է Քարշը:

Ամենահետաքրքիր պատմությունը կապված է Ուինսթոն Չերչիլի հետ: 1941թ. Չերչիլը ժամանել էր Օտտավա, որտեղ Համայնքների պալատում ելույթ ունենալուց հետո՝ Կանադայի այդ ժամանակվա վարչապետ Մաքենզի Քինգը (ով, ի դեպ, եղել է առաջին հայտնի մարդը, ում լուսանկարել է Քարշը: Նա հետագայում մեր հայրենակցին ծանոթացրել է Կանադայի էլիտար խավի հետ) Չերչիլին առաջարկում է «Խոսնակի սենյակում» (Speaker՚s Chamber) ֆոտոսեսիա անցնել: Չերչիլին նախապես չէին զգուշացրել այդ մասին, և նրան այս միտքն այնքան էլ դուր չի գալիս, սակայն չի հրաժարվում: Սովորության համաձայն, Չերչիլը կպցրեց իր սիգարը և «թարս չափեց» 33-ամյա լուսանկարչին: Սա նշանակում էր՝ պատրաստ եմ, նկարի՛ր: Կադրը հաջող չէր, և Քարշը Չերչիլին խնդրեց բերանից հանել սիգարը: Երբ Չերչիլը մերժեց նրա խնդրանքը, երիտասարդ լուսանկարիչը մոտեցավ նրան և ասելով՝ «Ես ներողություն եմ խնդրում», Չերչիլի բերանից հանեց սիգարը: Չերչիլը զայրացած դեմքով նայում էր տղային, երբ լուսանկարչական ապարատը չխկաց: «Դու նույնիսկ գազազած առյուծին կարող ես հանդարտեցնել՝ լուսանկարելու համար»,- հետագայում այսպես է ասել Չերչիլը Քարշին: Այս լուսանկարը եղավ Քարշի հաջողության գրավականը ու երիտասարդ տղային միանգամից հայտնի մարդ դարձրեց: Շատերի կարծիքով, լուսանկարչին հաջողվել էր Չերչիլին պատկերել այնպիսին, ինչպիսին նա ընկալվում էր մարդկանց գիտակցության մեջ՝ հզոր, ահազդու հերոս, ում հետ մեծ հույսեր էր կապում Համաշխարհային պատերազմի մեջ ընդգրկված Անգլիան: Նկարի շուրջ հոդվածներ գրվեցին, այն երկու անգամ տպվեց «Life» ամսագրում: Երկրորդ անգամ նկարը տպվեց ամսագրի՝ մայիսի 21-ի (1945թ.) շապիկի վրա, երբ պատերազմն ավարտվել էր հակաֆաշիստական կոալիցիայի հաղթանակով: Այս լուսանկարի տակ առաջին անգամ Քարշի անունը գրվեց՝ որպես «Օտտավայի Քարշը»: Չերչիլի նկարն այն երեք եզակի նկարներից էր (մյուս երկուսը՝ Էլիանոր Ռուզվելտի և Բերնարդ Շոուի լուսանկարներն են), որ շատ էր հավանում ինքը՝ հեղինակը: Սակայն, ինքն էլ չհասկացավ, թե ինչպես այդ հանճարեղ նկարը նա ընդամենը 100 դոլարով վաճառեց «Life»-ին: Հարկ է նշել, որ հետագայում Չերչիլի հանրահայտ նկարը վերածվեց հուշային դրոշմանիշի, որտեղ նշված է ՝ «Լուսանկարիչ՝ Յուսուֆ Քարշ»:

Einshtein

Albert Einstein, Princeton University 1948, by Yousuf Karsh

Velikijj-fotoportretist-YUsuf-Karsh-Yousuf-Karsh-19

0025w1q1

Մինչև Քարշի այլ հանճարեղ գործերի մասին պատմելը մի քիչ խոսենք նրա ծագման մասին: Յ.Քարշը ծնվել է 1908թ. Արևմտյան Հայաստանում: Նրա ընտանիքը հրաշքով փրկվել է Եղեռնի ժամանակ։ 1924թ., երբ թուրքական ռեպրեսիաները հայերի նկատմամբ դեռևս չէին դադարել, 16-ամյա տղային ուղարկում են Կանադա՝ Քվեբեկ (Շերբուրգ), որտեղ ապրում էր նրա հորեղբայրը՝ լուսանկարիչ Ջորջ Նաքաշյանը: Վերջինս նկատում է, որ տղան կարողանում է լուսանկարչական ապարատով մարդկանց նկարել հետաքրքիր դիրքերով և դեմքի արտահայտությամբ: Լինելով այս գործի մարդ՝ Նաքաշյանը որոշում է իր զարմիկին տանել այդ տարիներին Կանադայում հայտնի լուսանկարիչ Ջոն Գարոյի մոտ: 3 տարին էլ բավական էր Քարշին՝ այս գործի մեջ «գայլ» դառնալու համար: Նա որոշում է տեղափոխվել մայրաքաղաք Օտտավա, որտեղ 1932թ. նրան հաջողվում է բացել սեփական ստուդիան՝ դիմանկարներ անելու համար (ի դեպ, այսօր նույն ստուդիան կոչվում է նրա անունով):

picaso-karsh

674becfd4ed8

1414344596-04386839bfc0258dcf1e1fdbaaca0ce6

image

5997547474_f1fe7c31d7_b

Դրանից երեսուն տարի անց՝ 1962թ., երբ արդեն Քարշը ոչ պակաս լեգենդ էր, ինչպես այն մարդիկ, ովքեր հավերժացել էին իր իսկ լուսանկարչական ապարատի շնորհիվ, հայազգի լուսանկարիչը թողարկում է ինքնակենսագրական մի գիրք՝ «Շքեղություն փնտրելիս»: Սա, իհարկե, նրա առաջին գիրքը չէր, սակայն այս գրքում Քարշ լուսանկարիչն առաջին անգամ խոսում էր Քարշ մարդու մասին: Դեռ 1946թ. լույս էր տեսել նրա «Ճակատագրի դեմքեր» հայտնի դիմանկարների ժողովածուն: «Մեկ նկարը չի կարող հզոր ազդեցություն թողնել: Այն ավելի հզոր է, երբ հավաքական պատկերի մեջ է ներկայացված»,- այս ժողովածուն ներկայացնելիս ասել է Քարշը: 1960թ. Կանադայի Ազգային պատկերասրահում տեղի ունեցավ լուսանկարչի առաջին սոլո ցուցահանդեսը, որից հետո նկարիչը ցուցահանդեսին նվիրաբերեց իր գործերից 100-ը: 1987թ. Կանադայի ազգային արխիվը սկսել էր հավաքել Յուսուֆ Քարշի՝ 1937-ից արած նեգատիվները, լուսանկարները, թերթում տպված նկարները: Սա պատահական չէր արվում, 1989-ին լուսանկարչության 150-ամյակը նշելիս վերոնշյալ երկու կառույցներն էլ ներկայացրին Քարշի ռետրոսպեկտիվ ցուցահանդեսը:

1118full-alfred-hitchcock

1414344578-13c38df3121995c944566e5c78aa3db3

ce17c74729e91018c70e1901396

1992-ին 83 տարեկան Քարշը հրապարակեց «Ամերիկայի ամենահայտնի 73 տղամարդկանց և կանանց տանը» գիրքը, որը կազմվել էր Քարշի նյույորքյան տուրնեից հետո: Մեկ այլ տուրնե էլ նա կատարել էր Ֆրանսիայով, որտեղ նրա ֆոտոսեսիաներին մասնակցել են այնպիսի հայտնի մարդիկ, ինչպիսիք էին Ջ. Պոմպիդուն, Ա. Քամյուն, Շ. դը Գոլը և այլք:

karsh08

EPSON scanner image

John Malkovich

Աշխարհի ամենահայտնի թանգարաններում ցուցադրվել են այս հանճարեղ լուսա-նկարչի աշխատանքները: Հրապարակվել է նաև առանձին գիրք նրա մասին, որտեղ նրա երկու եղբայրները (որոնցից մեկը նույնպես լուսանկարիչ է եղել), ինչպես նաև Քարշի կինը՝ Էստրելիտան, պատմում են այս լեգենդի մասին կադրից դուրս: Գիրքը կոչվում է՝ «Ժամանակի մեջ մեկ րոպե»: 2000թ. լույս տեսավ միջազգային մասշտաբով «Ով ով է աշխարհում» հայտնի հանդեսը, որտեղ 100 ամենահայտնի մարդկանց ցուցակում հայտնվել էր նաև Յուսուֆ Քարշը։ Ի դեպ, այստեղ նա Կանադայի միակ քաղաքացին էր: Հարկ է նշել, որ ամենահայտնի մարդկանց այս ցուցակում տեղ գտած 51-ն այն մարդիկ էին, ում ժամանակին լուսանկարել էր Յուսուֆ Քարշը:

Yousuf-Karsh-self-portrait

Յուսուֆ Քարշը մահացել է վիրահատությունից հետո առաջացած բարդությունների պատճառով, 2002թ.-ին՝ 93 տարեկանում, Բոստոնում, որտեղ ապրել է կյանքի վերջին տարիների ընթացքում: Նրա կյանքի պատմությունը հարուստ է 15.000 հրաշալի լուսանկարներով, որոնք ոչ միայն մեծ փառք են բերել լուսանկարչին, այլև շատ ու շատ լեգենդար մարդկանց ներկայացրել են շահեկան դիրքից:

«Ես ամեն օր անհամբերությամբ եմ սպասում, թե երբ եմ սկսելու աշխատել,- մի անգամ ասել է Յ. Քարշը,- Ինձ թվում է, որ իմ աշխատանքն աշխարհի ամենահետաքրքիր աշխատանքն է»:

«3 Միլիոն»

1 Հունվար, 2008