NewsBook-ն առիթ ունեցել է տեղեկացնելու, որ հոկտեմբերի 7-ին կայանալու է Կինեմատոգրաֆիստների միության արտահեթ համագումարը, որն ընտրելու է միության նոր նախագահ և վարչություն: Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության նախագահի պաշտոնը թափուր մնաց ՀՀ ժողովրդական արտիստ, միության նախագահ Ռուբեն Գևորգյանցի մահվանից հետո՝ այս տարվա հունիսի 23-ից:
Մենք գրել էինք, որ որպես Կինեմատոգրաֆիստների Միության նախագահի թեկնածու առաջադրվել է Հարություն Խաչատրյանը, որն վերջերս հենց այս առիթով պայմանավորված իր դիմումի համաձայն ազատվեց «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրենի պաշտոնից:
Հենց նրա առաջադրման մասին լուրերի ֆոնին վերջինիս կողմից շրջանառության մեջ դրվեց տեղեկատվություն, թե իբր Սերժ Սարգսյանը որոշել է միության նախագահի պաշտոնը վստահել հենց Հարություն Խաչատրյանին: Նա այսօր էլ շարունակում է այս մասին խոսակցություններ բացել ամեն առիթով՝ բացառապես մտերիմների շրջանակներում: Ավելին՝ նա իրեն արդեն նախագահ է պատկերացնում և անգամ մերձավոր շրջապատում բարձրաձայնել է, թե ինչպես է պատրաստվում օգտագործել միության հաշվեհամարին եղած գումարը, որն, ի դեպ, հայաստանյան իրականության համար (միությունների մակարդակով) բավականին մեծ գումար է:
Մեր տեղեկություններով Հայաստանի Կինեմատոգրաֆիստների միության հաշվեհամարին մոտ 1.5 միլիոն ԱՄՆ դոլար կա, որն ավանդի տեսքով ներդրված է բանկում. գումարի վրա եկած տոկոսներով տարիներ շարունակ միության նախկին ղեկավարությունըւ կարողացել է որոշակիորեն թեթևացնել միության անդամների սոցիալական խնդիրները: Ինչպես հայտնի է, միության անդամներից շատերը տարեցներ են, որոնք բացի սոցիալական խնդիրներից ունեցել և ունենում են առողջական խնդիրներ: Նախկին ղեկավարությունը կարողացել է բանկում ներդրված գումարի տոկոսների հաշվին ամբողջական ապահովագրություն ապահովել ռիսկային տարիքում գտնվող միության անդամների համար, ընդորում՝ այդ ապահովագրությունը ծածկել է ամենաթեթև խնդիրներից մինչև բարդագույննները: Խաչատրյանն օրերս ասել է, թե ընտրվելու դեպքում վերացնելու է ապահովագրությունը, ինչպես նաև պարբերաբար ու շուտ-շուտ տրվող օգնությունները նպարեղենի տեսքով: Ավելին՝ նա արդեն գծագրում է այդ գումարը ծախսելու սցենարները:
Հարություն Խաչատրյանն, ինչպես հայտնի է, այն ռեժիսիրոներից է , որոնք բավականին շատ են փող սիրում, ավելի շատ փող, քան գաղափար: Անգամ ֆիլմերն է նկարահանում փառատոնային տրամաբանության մեջ: Կասեք մարդը տիրապետում է փող աշխատելու մշակույթին ու իր արհեստն էլ ծառայեցնում է դրան: Ընդունված մոտեցում է մեր օրերի համար, նույնիսկ ինչ-որ տեղ հաղթող ու ստվերում թողնող գաղափարախոսությունն ու տվյալ պարագայում կինոարվեստը: Բայց մյուս կողմից էլ 1.5 միլիոնի հայթհայթման հետ Հարություն Խաչատրյանը որևէ առնչություն չունի: Մեր տեղեկություններով այն գոյացել է միության բալանսին եղած հանգստի տան վաճառքից (շուրջ մեկ միլիոն ԱՄՆ դոլար), իսկ մնացածն էլ Ռուբեն Գևորգյանցն է կարողացել իր կապերով ստեղծել: Հայաստանն այն եզակի պետություններից է, որոնք Խորհրդային միության փլուզումից հետո կարողացան սովետական երկրին սպասարկող կինոմիության բյուջեից պոկել իրենց հասանելիքը՝ Հայաստանինը: Այս առումով անուրանալի է եղել Գևորգյանցի ջանքը, որն էլ կարողացել է ռուսներից պոկել միության հասանելիքը:
Հիմա Հարություն Խաչատրյանը կարող է թեթևությամբ բոլորի գումարը ծառայեցնել միայն իր ծրագրերի իրականացմանը. և դա կլինի ոչ առաջին ու ոչ էլ վերջին դեպքը: Մի դպեքում իհարկե՝ եթե նրան հաջողվի դառնալ միության նախագահ: