Մարկեսի ընտանիքը պատրաստվում է դատի տալ «Բուկինիստ»-ին․ Արմեն Մարտիրոսյան. hraparak.am
Advertisement 1000 x 90

Մարկեսի ընտանիքը պատրաստվում է դատի տալ «Բուկինիստ»-ին․ Արմեն Մարտիրոսյան. hraparak.am

Խորհրդային տարիներին արտասահմանյան շատ հեղինակներ, որոնք անծանոթ էին հայ ընթերցողին կամ ծանոթ էին միջնորդ լեզվի՝ ռուսերենի միջոցով, այսօր դյուրությամբ դառնում են հասանելի։

«Անտարեսը», «Զանգակը», այլ հայտնի և քիչ հայտնի հրատարակչություններ ընթերցողի սեղանին են դնում տարբեր լեզուներից հայերեն թարգմանված գեղարվեստական, մանկական, քաղաքագիտական, փիլիսոփայական և այլ ուղղվածության գրականություն։ Եվ բնականաբար, նման հաճախականությամբ, ողջ և մահացած հեղինակների գործերը առաջին անգամ թարգմանելիս ծագում է հեղինակային իրավունքի խնդիրը։

Ինչպե՞ս են հրատարակիչները ձեռք բերում հեղինակային իրավունքը։ «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը նշում է, որ եթե ողջ հեղինակների դեպքում հեղինակային իրավունքը պատկանում է իրեն, ապա մահացածների դեպքում՝ նրանց ժառանգներին։ Երկու դեպքում էլ օրենքը գործում է նույն ձևով։

«Օրինակ՝ Ալեքսանդր Սոլժենիցինի հեղինակային իրավունքները մենք գնել ենք ֆրանսիական մի հայտնի հրատարակչությունից, որն ունի մի շարք հեղինակների իրավունքներ։ Կա գույքային իրավունքի հարց և հեղինակի իրավունքի հարց։ Արդյոք թո՞ւյլ է տալիս հեղինակը, որ իր ստեղծագործության անվանումը փոխվի, իր անունը գրվի՞, թե՞ ոչ, ավելին՝ ո՞ր լեզվից թարգմանվի։ Հիմա, օրինակ, Ժան Պոլ Սարտրը թույլ կտա՞ր, որ իր գործերը հայերեն թարգմանվեն ռուսերենից։

Եթե ասենք բնագրից թարգմանությունը զիջում է միջնորդ լեզվից կատարված թարգմանությանը, լավը չէ, ապա ինքնանպատակ չէ բնագրից կատարել թարգմանություն։ Թարգմանությունը պետք է լինի որակյալ, ավելի մոտ լինի ստեղծագործությանը։ Հեղինակային իրավունքը գործում է հենց ստեղծագործությունը հրապարակելու պահից։ Հեղինակային իրավունքի պաշտպանությունը ստեղծվում է հենց թարգմանության պահից։ Հայաստանը միացել է Բեռնի կոնվենցիային, որը շատ հզոր փաստաթուղթ է և իրավական մեծ ուժ ունի։ Շատ հեղինակներ ասում են՝ «C»-ն դրեք։

«C»-ն ոչ մի նշանակություն չունի, այն հայտարարություն է հանրությանը, որ եթե ուզում եք գտնել այս հեղինակին կամ հեղինակային իրավունքի կրողին, որպեսզի հրատարակելու կամ վերահրատարակելու, դատի տալու դեպքում իմանան, թե ում դիմեն։ Այդ «C»-ն տեղադրելն ոչ մի իրավական ուժ չունի։ Օրենքում հստակ գրված է, որ հեղինակային իրավունքի պայմանագիրը կարող է լինել միայն գրավոր։ Չի կարող այն լինել նաև անվճար»,- ասաց Արմեն Մարտիրոսյանը։ Նա ասաց, որ իրենք դիմում են «Հայհեղինակ»-ին և փորձում պարզել՝ ունե՞ն տեղեկություն պայմանագրի մասին, թե՞ ոչ։

Չունենալու դեպքում, սակայն, չի նշանակում, որ չկա պայմանագիր, իսկ ունենալու դեպքում էլ չի նշանակում, թե այդ պայմանագիրը չի փոխվի։ «Անտարես»-ի տնօրենը նշում է, որ թե՛ տպագիր, թե՛ էլեկտրոնային տարբերակով լույս տեսնող հրատարակությունները պետք է գնեն թարգմանված և տպագրված հեղինակների հեղինակային իրավունքները։ «Մի քանի շուստրի հրատարակիչներ և ԶԼՄ-ների ղեկավարներ փորձում են խաբել իրենք իրենց և գնում են ստեղծագործության հեղինակային իրավունքը թարգմանչից։ Մինչդեռ՝ հեղինակային իրավունքի տնօրինումն այն կազմակերպությանն է կամ անհատինը, ում լիազորել է հեղինակը»,- նշում է մեր զրուցակիցը։ Որպես օրինակ՝ «Անտարես»-ի տնօրենը նշում է, որ Գ․ Գ․ Մարկեսի յուրաքանչյուր գրքի հեղինակային իրավունքի համար վճարում են 3000 եվրո։ Որքա՞ն ժամանակ է գործում հեղինակային իրավունքը։Արմեն Մարտիրոսյանը հիշեցնում է, որ հեղինակային իրավունքն իր գույքային մասով հեղինակի մահից հետո գործում է 70 տարի, իսկ 71-րդ տարվա հունվարի 1-ի դրությամբ դադարում է գործել։

«Ա․ Ս․ Էքզյուպերին նախանցած տարվանից ազատ է հեղինակային իրավունքի տեսանկյունից, և ցանկացած անձ կարող է այն հրատարակել։ Բայց որոշ մարդիկ վերցնում են թարգմանությունը և ասում են՝ Էքզյուպերին ազատ է։ Էքզյուպերին ազատ է, բայց Նվարդ Վարդանյանի թարգմանությունն ազատ չէ, այն պետք է գնել»,- ասաց մեր զրուցակիցը։ Նա բերում է գրագողության նաև մեկ այլ դեպք․ կայք են բացում, գիրքը պատճենահանում և տեղադրում և հետո ասում, թե դրանով փող չեն աշխատում։ Իսկ դա բանդիտիզմ է։ Արմեն Մարտիրոսյանը նշում է, որ «Բուկինիստ» գրախանութը «Անտարես»-ից գողացել է Գ․Գ․ Մարկեսի թարգմանությունը։

Պարզվում է, որ այս փաստը չի վրիպել Մարկեսի ժառանգների աչքից, և նրանք պատրաստվում են դատի տալ «Բուկինիստ»-ին։Հրատարակիչը նշում է, որ հեղինակային իրավունքները խախտելով են զբաղված որոշ գողական կայքեր, և նրանց էլ աջակցում է «Վիքիպեդիա»-ի հայաստանյան ղեկավարությունը։ Չնշելով կայքի անունը՝ Արմեն Մարտիրոսյանն ասում է, որ նրա հղումները դրված են «Վիքիպեդիա»-ի էջում։ Օրերս էլ, ըստ նրա, Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի աշխատակիցներից մեկն է խախտել հեղինակային իրավունքը, վերցրել իրենց ապրանքը։ ՄԻՊ-ից էլ տեղեկացրել են, որ դա անիրազեկության հետևանք է։

ԵԱՏՄ-ին անդամակցությունը չի շրջանցել նաև գրահրատարակչության ոլորտը՝ ստիպված են տպագրական թղթի և թիթեղների համար ավելացված արժեքի հարկի հետ մեկտեղ վճարել նաև մաքսատուրք, ինչը չկար նախկինում։ «Երբ Հայաստանի հրատարակիչները գնում են, Թուրքիայում կամ Չինաստանում են գիրք տպագրում, ապա այդ գրքի համար ո՛չ ԱԱՀ են վճարում, ո՛չ մաքսատուրք։ Առնվազն 26-28 տոկոս այդ ամենն ավելի թանկ է նստում մեզ վրա, և մեր պետությունը մեզ պատժում է, իսկ Թուրքիայի տպարաններին քարտ-բլանշ է տալիս, աջակցում թուրք հրատարակիչներին»,- ասաց մեր զրուցակիցը։ Եվ այդպիսով գիրք հրատարակելը Հայաստանում դարձել է թանկ հաճույք։

Թագուհի Հակոբյան

Նյութի աղբյուրը ` hraparak.am