«Պետական չինովնիկին արգելված է սեր որոնել». Նարեկ Մալյան
Advertisement 1000 x 90

«Պետական չինովնիկին արգելված է սեր որոնել». Նարեկ Մալյան

Նարեկ Մալյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Չորրորդ դասարանցի էի, բայց մինչև հիմա պարզ հիշում եմ սարսափելի զգացողությունը, երբ գրականության ուսուցչուհին պատմեց Րաֆֆու «Սամվելը» վեպի վերջաբանը։
Այդ վեպը իրականում շատ քիչ մարդ է ամբողջությամբ կարդացել, բայց շոկային ֆինալի մասին գիտեն բոլորը՝ Սամվելը սպանեց իր ծնողներին։ Շոկը դեռ երկար ինձ ուղեկցեց իմ կյանքում։ Միայն բոլորովին վերջերս վեպը կարդալուց տասնյակ տարիներ անց սկսեցի հասկանալ գրողի կոդավորված ուղերձը։

Մեր ազգային խնդիրը կայանում է նրանում, որ մեր բոլորի արժեքային համակարգում այն ինչ մոտ է սեփական մորթուն գերիշխող է համընդհանուր շահին։ Ավելի ճիշտ կլինի ասել համընդհանուր շահ հասկացողությունը հայկական արժեքային բուրգում բացակայում է։ Րաֆֆին գրողի աչքով նկատել է, որ մենք հայրենասեր ենք այնքան, քանի դեռ հայրենասիրությունը չի հակադրվում մեր ընտանիքին։ Գրողը շատ կոպիտ կերպով, թքած ունենալով ընթերցողի ապրումների վրա, ես կասեի շոկաթերապիայի միջոցով պարադոքսալ իրավիճակ է նկարագրել։ Նա հարցնում է ընթերցողին, «իսկ եթե դու ընտրեիր պետությու՞ն թե քո քավորին (ես նույնիսկ չեմ ասում ծնողին)։ Որը՞ կլիներ քո ընտրությունը։

Պետական չինովնիկը պարտավոր չի լինել լավ ընկեր, լավ հարևան, լավ քավոր, դժվար մարսելի բան կասեմ, բայց նույնիսկ լավ ծնող կամ զավակ։ Ինձ միշտ տարօրինակ է թվացել ընտանեկան լուսանկարների ֆորմատով նախընտրական պաստառները։ Ի՞նչ է ցանկանում ասել իր սեփական զավակներին գորովանքով գրկած պատգամավորացուն։ Որ սիրու՞մ է իր զավակին։ է հա, ո՞վ չի սիրում…

Պետական չինովնիկին արգելված է սեր որոնել։ Նա պետք է համառ, հետևողական և պարտաճանաչ իրականացնի այն աշխատանքը ինչի համար իրեն նշանակել են, եթե նույնիսկ բոլորը ատեն իրեն։ Ոչ ոք իրավունք չունի պետության հաշվին լավամարդ լինել։

Րաֆֆին մեծ հաշվով կոռուպցիայից ազատվելու և հզոր պետություն ունենալու բանաձևն է կոդավորել ու պատգամել ապագա հայերին…

Հ.Գ. կներեք, բայց այս գրառման տակ բոլոր մեկնաբանությունները ջնջելու եմ։ Կան տեքստեր (որոնցից օրինակ մահախոսականը), որոնք քննարկելը ճիշտ չի»։