Հայաստանում ձգտում են բացառել որևէ դեպք, երբ սոցիալական պատճառները հետևանք են դառնում ընտանիքում երեխայի չմնալուն: Տարեկան ամփոփիչ ասուլիսում այդ մասին հայտարարեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը՝ կարևորելով երեխաների խնամքի գիշերօթիկ հաստատությունների վերակազմակերպումը: «Կառավարությունը հռչակել է յուրաքանչյուր երեխայի՝ ընտանիքում ապրելու իրավունքը: Շատ դեպքերում մենք ծնողական հմտությունների բացակայությունների հետ գործ ունենք: Վերակազմակերպվող հաստատություններն ընտանիքների հետ 6 ամսվա ծրագրեր են իրականացնում, որպեսզի նրանք ինքնուրույն կարողանան երեխաների խնամքը կազմակերպել», – նշեց Արտեմ Ասատրյանը:
«Երևանի երեխաներ խնամքի ու պաշտպանության համար 2 գիշերօթիկ հաստատություն» ՊՈԱԿ-ը «Երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի վերակազմակերպման արդյունքում այստեղ խնամվող 66 երեխայից 51-ը վերադարձել է կենսաբանական ընտանիք, 15 երեխայի խնամքը կազմակերպվել է այլ հատուկ դպրոցում:
Ներկայում երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոնում ծառայություններ է տրամադրվում 101 երեխայի՝ 66 ընտանիքից ( Նուբարաշեն»՝ 72 երեխա 48 ընտանիքից, Էրեբունի՝ 24 երեխա 14 ընտանիքից, Շենգավիթ ՝ 5 երեխա, 4 ընտանիքից), այդ թվում՝ 3-6 տարեկան 30 երեխա, 7-10 տարեկան 34 երեխա, 11-18 տարեկան 37 երեխա: Հատուկ կարիքներով երեխաների թիվը 36-ն է 31 ընտանիքից: Հաշմանդամ երեխաների թիվը 19 ՝ 18 ընտանիքից: