Գագիկ Մանասյան. «Ծիծեռնակաբերդում հնչեց Առնո Բաբաջանյանի` մինչ օրս չկատարված բացառիկ ստեղծագործություն». past.agency
Advertisement 1000 x 90

Գագիկ Մանասյան. «Ծիծեռնակաբերդում հնչեց Առնո Բաբաջանյանի` մինչ օրս չկատարված բացառիկ ստեղծագործություն». past.agency

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրեն, «Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի» հայաստանյան մասնաճյուղի ղեկավար, մշակույթի վաստակավոր գործիչ Գագիկ Մանասյանն այն համոզմանն է, որ «Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի», Հայաստանի և Ռուսաստանի պաշտպանության նախարարությունների հետ համատեղ կազմակերպված Առնո Բաբաջանյանի 100–ամյակին նվիրված միջպետական փառատոնը լայնամասշտաբ մշակութային իրադարձություն էր, որը նոր շունչ տվեց ինչպես հայ–ռուսական մշակութային երկխոսությանն, այնպես էլ այն քաղաքներին, որտեղ անցկացվեց փառատոնը: «Փաստ» օրաթերթի հետ զրույցում նա ասաց.

««Գլխավորը հայրենիքին ծառայելն է» խորագիրը կրող փառատոնն այս օրերին մշակութային նոր շունչ հաղորդեց Վանաձոր, Գյումրի քաղաքներին և մայրաքաղաք Երևանին: Այս միջպետական փառատոնը հայ և ռուս ժողովուրդների մշակութային կապերի ամրապնդման գործում կարևոր հետք թողեց: Բաբաջանյանական հանճարեղ գործերը հանդիսատեսին ներկայացնելուց զատ՝ մենք նաև ծաղիկներ խոնարհեցինք Վանաձորում Հայաստանի և Ռուսաստանի բարեկամության հուշահամալիրում, եղանք նաև Գյումրիում՝ Պատվո բլուրում՝ մատուցելով մեր հարգանքի տուրքը»:

Հայաստանի պետական ֆիլհարմոնիայի տնօրենը կարևորեց այն հանգամանքը, որ եռօրյա փառատոնի ընթացքում հնչեցին ինչպես Առնո Բաբաջանյանի հայտնի և սիրված ստեղծագործությունները, այնպես էլ մինչ օրս չհնչած, հայ և ռուս ժողովուրդներին անհայտ ստեղծագործություն. «Սեպտեմբերի 20–ին «Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի» ղեկավար Արա Բաբաջանյանի, ՌԴ ՊՆ զինվորական նվագախմբի և փառատոնի կապակցությամբ Հայաստան ժամանած մյուս հյուրերի հետ այց կատարեցինք Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Մենք հարգանքի տուրք մատուցեցինք 1915 թ.–ին կատարված ոճրագործության զոհերի հիշատակին: Մեր այցը Ծիծեռնակաբերդի հուշահամալիր նշանավորվեց նաև նրանով, որ ՌԴ պաշտպանության բանակի նվագախմբի կատարմամբ հնչեց Առնո Բաբաջանյանի՝մինչ օրս չկատարված ստեղծագործություն»:

Ամփոփելով եռօրյա փառատոնը՝արվեստի վաստակավոր գործիչ Գագիկ Մանասյանն ընդգծեց, որ այն ևս մեկ անգամ եկավ ապացուցելու, որ հասարակությունն ունի որակյալ երաժշտության կարիք: Պարոն Մանասյանին հիացրել է այն հանգամանքը, որ հանդիսատեսի շարքերում տեսել է բազմաթիվ երիտասարդներ. «Գովելի է, երբ տեսնում ես, որ Առնո Բաբաջանյանի ստեղծագործությունները նման հզոր նվագախմբի կատարմամբ լսելու էին եկել մեծ թվով երիտասարդներ: Ոգևորվում ես՝ տեսնելով, թե ինչպես են արտիստների հետ մեկտեղ երգում այդ երգերը: Սա փաստում է մեկ բան՝ «Առնո Բաբաջանյանի հիշատակի հիմնադրամի» նախաձեռնած այս փառատոնն իսկապես սպասված էր»:

Վերջում Գագիկ Մանասյանը նշեց, որ փառատոնով ամեն ինչ չի ավարտվում, ընդհակառակը, սրանով հիմք է դրվում Առնո Բաբաջանյանի 100–ամյակի միջոցառումներին:

«Հիմնադրամը լայնածավալ նախապատրաստական աշխատանքներ է կատարել՝ ընդհուպ հասնելով Չինաստան: Առնո Բաբաջանյանի ստեղծագործություններից մեկը դարձել է Ռուսաստանի Վորոնեժ քաղաքի հիմնը: Հայաստանի պետական ֆիլհարմոնիան ևս կազմակերպելու է լայնածավալ միջոցառումներ ողջ աշխարհում, և, փաստորեն, այս փառատոնով իրազեկում ենք հասարակությանը, որ Առնո Բաբաջանյանի 100–ամյակը նշվելու է շատ մեծ շուքով: Համերգները կամփոփվեն Առնո Բաբաջանյանի մասին պատմող ֆիլմում, կբացվի թանգարան, որտեղ կցուցադրվեն բացառիկ ցուցանմուշներ, և սա դեռ ամենը չէ»,– ասաց մեր զրուցակիցը:

past.agency