Հայ մասնագետները Երկրի ջերմությունն զգացել են, էներգիան` առայժմ ոչ. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Հայ մասնագետները Երկրի ջերմությունն զգացել են, էներգիան` առայժմ ոչ. armeniasputnik.am

Հայաստանը հավակնում է դառնալ երկրաջերմային կայան ունեցող առաջին երկիրը տարածաշրջանում: Կայանքը կարող է կառուցվել Սյունյաց լեռներում, ծովի մակերևույթից 3100 մետր բարձրության վրա, Քարքար կոչվող տեղանքում, եթե, իհարկե, երկրի ընդերքում հայտնաբերվի էներգիայի ցանկալի աղբյուրը։

Հորատման աշխատանքների և առաջին ուսումնասիրությունների արդյունքներն առայժմ ոգևորիչ չեն, պատասխանելով Սյունիքում ընթացող աշխատանքների և երկրաջերմային կայանքի ճակատագրի մասին Sputnik Արմենիայի հարցին, ասաց ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարի տեղակալ Հայկ Հարությունյանը։

«Երկու հորատանցք ունեցանք, մեկը` 1500 մետր, մյուսը` 1600։ Այնտեղ հայտնաբերեցինք շուրջ 120 աստիճան ջերմություն։ Չհայտնաբերեցինք հեղուկ, բայց դա չի նշանակում, որ այնտեղ հեղուկ չկա»,- ասաց փոխնախարարը` հավելելով, որ կառավարությանն այս արդյունքները չեն ընկճել։

Նախարարությունում մտադիր են շարունակել ջերմային էներգիայի հնարավոր աղբյուրի որոնումները։ Բայց դրա համար գումար է անհրաժեշտ։

«Պետք է ներդրող ներգրավենք կամ սեփական միջոցներով նաև 3-րդ, 4-րդ հորատանցքերը հորատենք և այդ հեղուկն էլ գտնենք,- ասում է Հարությունյանը,- մենք վստահ ենք, որ այնտեղ հեղուկ էլ կա, 2000 մետր խորության տակ է, մինչև չհորատես, չես գտնի, բայց մեր վստահությունը ներդրողի համար բավարար չէ, պետք է ինքն իր աչքով տեսնի»։

ՀՀ կառավարությունն իր մտադրությունն ավարտին հասցնելու և ցանկալի արդյունքի հասնելու համար այդ ոլորտի համաշխարհային ընկերություններին է ուղարկել կատարված փորձարկումների արդյունքները և սպասում է նրանց արձագանքին։

Նախորդ երկու հորատանցքերը փորվել և երկրաբանական ուսումնասիրություններն իրականացվել են Կլիմայի ներդրումային հիմնադրամից Հայաստանի կառավարությանը տրամադրած 9 մլն դոլարի գրանտային միջոցների հաշվին։

Հարությունյանը հայտնեց, որ այդ գումարից 6 մլն-ը ծախսվել է ոչ միայն հորատման աշխատանքների, այլև դեպի լեռնային բարձունք տանող ավտոճանապարհների կառուցման, տեխնիկայի տեղափոխման, հետազոտությունների վրա։ Իսկ թե ինչի համար կօգտագործվի մնացած 3 մլն-ը, փոխնախարարի խոսքով, դեռ քննարկվում է։ Հայաստանի հնարավոր առաջին երկրաջերմային կայանի վերջնական ճակատագիրն, ըստ նրա, պարզ կդառնա 2018թ-ին։

Երկրաջերմային էներգետիկան վերականգնվող էներգետիկ ռեսուրս է, որը հնարավորություն է տալիս ստորգետնյա տաք ջրերի ջերմային էներգիան փոխակերպել էլեկտրականության:

Հայաստանում այս այլընտրանքային աղբյուրը փորձ է արվում կիրառել առաջին անգամ։ Հայաստանում Քարքարից բացի, երկրաջերմային էներգիայի պոտենցիալ աղբյուրներ կան նաև Ջերմաղբյուրում, Գրիձորում ու Հայաստան-Վրաստան սահմանին։

armeniasputnik.am