«Կանանց գաղութի» պետն իր ունեցվածքով կարող է «մրցել» գործարարների հետ. hetq.am (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Կանանց գաղութի» պետն իր ունեցվածքով կարող է «մրցել» գործարարների հետ. hetq.am

Արսեն Աֆրիկյանը քրեակատարողական հիմնարկների ղեկավար կազմի ամենահարուստ ղեկավարներից է: Նա արդարադատության նախարարության «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետն է, որը հանրության շրջանում հայտնի է որպես «կանանց գաղութ»: Մինչ այդ Աֆրիկյանը ղեկավարել է նաև «Դատապարտյալների հիվանդանոց», «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկները:

Արսեն Աֆրիկյանը բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով է ներկայացրել 2017 թվականի հուլիսի 1-ի դրությամբ առկա գույքի, եկամուտների հայտարարագիր:

Ըստ այդ հայտարարագրի՝ «Աբովյան» քրեակատարողական հիմնարկի պետն ունի 10 միավոր անշարժ գույք, որից 1 առանձնատուն, 1 բնակարան, 1 բազմաբնակարան շենքի ոչ բնակելի տարածք, 1 հասարակական նշանակության շինություն և 4 միավոր հողամաս:

Արսեն Աֆրիկյանն ունի նաև 2 ավտոմեքենա՝ մարդատար LEXUS LX 570 և բեռնատար՝ FORD TRANSIT 100L 2.5 TD:

Քրեակատարողական հիմնարկի պետը հայտարարագրել է նաև 8 միլիոն դրամը գերազանցող կամ դրան համարժեք արտարժույթից ավելի արժեք ունեցող  գույք՝  կահույք:

Ինչ վերաբերում է եկամուտներին, Արսեն Աֆրիկյանը, հայտարարագրում նշել է միայն աշխատավարձը՝ մոտ 2 միլիոն 595 հազար դրամ:

Փոխարենը եկամուտները մի քանի անգամ գերազանցող դրամական միջոցներ է հայտարարագրել: Հուլիսի 1-ի  դրությամբ Ա. Աֆրիկյանն ունեցել է 45 միլիոն դրամ, 125 հազար դոլար և 15 հազար եվրո:

Լուսանկարը՝ Ա. Աֆրիկյանի  ֆեյսբուքյան էջից

hetq.am