Լրագրողական կազմակերպությունները դատապարտում են Նարինե Ավետիսյանի նկատմամբ բռնությունը
Advertisement 1000 x 90

Լրագրողական կազմակերպությունները դատապարտում են Նարինե Ավետիսյանի նկատմամբ բռնությունը

Լրագրողական կազմակերպությունների հայտարարություն են տարածել՝ ս.թ. սեպտեմբերի 28-ին «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանի նկատմամբ բռնություն կիրառելու և մասնագիտական աշխատանքը խոչընդոտելու վերաբերյալ։ Հայտարարության մեջ ասվում է.

«2017թ. սեպտեմբերի 28-ի երեկոյան Վանաձորում մասնագիտական պարտականությունները կատարելիս ֆիզիկական բռնության է ենթարկվել «Լոռի» հեռուստաընկերության գլխավոր խմբագիր Նարինե Ավետիսյանը։ Նա, տեղեկություն ստանալով, որ հորդառատ անձրևի պայմաններում քաղաքի Սուրբ Աստվածածին եկեղեցուն կից կամրջի վրա ասֆալտապատում է իրականացվում, մեկնել է այդ վայր։ Նկարահանումներ կատարելու պահին «Շինպլյուս» շինարարական կազմակերպության ղեկավար Տիգրան Նազարյանն իր աշխատակիցների հետ հարձակվել է Նարինե Ավետիսյանի վրա, ոլորել թևերը, նրան գցել գետնին և խլել հեռախոսը։

Մենք՝ ներքոստորագրյալ լրագրողական կազմակերպություններս, ի գիտություն ենք ընդունում, որ միջադեպի փաստով քրեական գործ է հարուցվել։ Միևնույն ժամանակ ստիպված ենք արձանագրել, որ ըստ մեր բազմամյա դիտարկումների՝ տասնյակ այսօրինակ գործեր անարդյունք են մնացել, և մեղավորները պատասխանատվության չեն ենթարկվել։ Այս միջադեպն էլ նմանատիպ իրավախախտումների անհետևանք մնալու և ձևավորված անպատժելիության մթնոլորտի արդյունք է։ Ընդ որում, առաջին անգամ չէ, երբ իր աշխատանքը կատարելիս Նարինե Ավետիսյանը ճնշման է ենթարկվում։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք.

– ՀՀ քննչական կոմիտեի Վանաձորի ստորաբաժանումից՝ սկզբունքայնություն ցուցաբերել և անաչառ քննություն իրականացնել միջադեպի բոլոր հանգամանքներին համապատասխան գնահատականներ տալու և մեղավորներին պատասխանատվության ենթարկելու համար,

– ՀՀ դատախազությունից՝ պատշաճ հսկողություն սահմանել նախաքննության օբյեկտիվությունն ապահովելու նպատակով։

Մենք ուշադիր հետևելու ենք իրավապահ մարմինների գործողություններին և հանրությանն իրազեկելու ենք այս քրեական գործի ընթացքի և արդյունքների մասին»։

ԽՈՍՔԻ ԱԶԱՏՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ԿՈՄԻՏԵ

ԵՐԵՎԱՆԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ

ՄԵԴԻԱ ՆԱԽԱՁԵՌՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ

ԼՐԱԳՐՈՂՆԵՐԻ «ԱՍՊԱՐԵԶ» ԱԿՈՒՄԲ

ԲԱԶՄԱԿՈՂՄԱՆԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ – ՀԱՅԱՍՏԱՆ

ՀԱՆՐԱՅԻՆ ԼՐԱԳՐՈՒԹՅԱՆ ԱԿՈՒՄԲ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ԱՊԱԳԱՅԻ» ՀԿ

«ԼՐԱԳՐՈՂՆԵՐ ՀԱՆՈՒՆ ՄԱՐԴՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ» ՀԿ

ԳՈՐԻՍԻ ՄԱՄՈՒԼԻ ԱԿՈՒՄԲ