Armtimes.com-ը երկու շաբաթ առաջ գրել էր, որ տավարի միսը խանութներում արդեն թանկացել է 8 տոկոսի չափով, և դա պայմանավորված էր եղել Հայաստանից մեծաքանակ խոշոր և մանր եղջերավոր անասունների արտահանմամբ՝ հիմնականում Իրաք և Քաթար:
Առաջին սպառման մթերքների գների ուսումնասիրմամբ պարզեցինք, որ երևանյան խանութներում թանկացել է ոչ միայն տավարի միսը, այլ նաև ոչխարի միսը և կարագը: «Երևան սիթի» սուպերմարկետների ցանցում, օրինակ, տավարի մեկ կիլոգրամ միսն արժե 2790 դրամ, ոչխարի միսը՝ 3190, խոզի միսը՝ 3900 դրամ: Ազգային վիճակագրական ծառայության նախորդ տարի այս ժամանակահատվածի համար հրապարակած տվյալների համաձայն, Երևան քաղաքում տավարի մսի մեկ կիլոգրամի միջին գինը կազմել է 2478 դրամ, ոչխարի միսը՝ 2700 դրամ, իսկ խոզի միսը՝ 2660 դրամ: Այսինքն՝ տավարի միսը թանկացել է ավելի քան 300 դրամով, ոչխարի միսը՝ 500 դրամով, իսկ խոզի միսը՝ 1240 դրամով:
Մասնագետները մսամթերքի թանկացման մի քանի պատճառ են առաջ քաշում: Առաջինը, որ երաշտ է եղել, հետևաբար խոտն է թանկացել, որն էլ բերել է մսամթերքի թանկացմանը, իսկ երկրորդը՝ արտահանումն է մեծացել, այդ իսկ պատճառով էլ ներքին սպառման համար վաճառվող մսի պահանջարկն է մեծացել:
Թանկացել է նաև կարագի գինը: «Նորզելանդական» կարագի մեկ կիլոգրամն արժե 3940 դրամ, իսկ «Անքոր» տեսակի կարագինը՝ 3980 դրամ: Նախորդ տարի նույն ժամանակահատվածում կարագի գնի վերաբերյալ ԱՎԾ-ն կասկածելի թվեր է հրապարակել: Եթե Երևան քաղաքում մեկ կիլոգրամ կարագն արժեցել է 3860 դրամ, ապա մյուս քաղաքներում այն տատանվել է 2600 դրամից մինչև 3000 դրամի միջակայքում: Կարագի գնի էական թանկացումն էլ պայմանավորվում է ԵԱՏՄ-ի սահմանած մաքսատուրքերով:
Բացի առաջին սպառման ապրանքներից թանկացել է նաև «Մասիս տաբակի» արտադրած «Գառնի» տեսակի ծխախոտը: Մեկ տուփի գինը 300 դրամից հասել է 320 դրամի: Նախորդ տարվա համեմատ ծխախոտի այս տեսակը թանկացել է 30 դամով: