ՀՀ կառավարությունը հինգշաբթի օրվա իր նիստում հավանություն տվեց ՀՀ 2018 թվականի պետական բյուջեի նախագծին։ Այն լրամշակումներից հետո կներկայացվի ՀՀ կառավարության աշխատակազմ, որտեղից նախագծի արդեն լրամշակված տարբերակը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ Ազգային ժողով:
Բյուջե 2018-ի եկամտային մասը կազմելու է 1 տրլն 307.3 մլրդ դրամ (2017թվականի 1 տրլն 210 մլրդ-ի փոխարեն), ծախսային մասը՝ 1 տրլն 464.2 մլրդ դրամ (2017 թվականի 1 տրլն 360.1 մլրդ-ի փոխարեն), դեֆիցիտը՝ 156.9 մլրդ դրամ (2017 թվականի 150.1 մլրդ դրամի փոխարեն):
Այսինքն, բյուջեի եկամուտներն աճելու են 97.3 մլրդ դրամով, ծախսերը՝ 104 մլրդ դրամով, դեֆիցիտը՝ 6.8 մլրդ դրամով։
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը, ներկայացնելով նախագիծը, ընդգծել է, որ 2018-ին բարձրացվել են կապիտալ ու պաշտպանական ծախսերը: Սակայն այդ ինֆորմացիան բավարար չէ՝ հասկանալու համար, թե ինչպես են փոխվել բյուջեի առաջնահերթությունները։
Մինչ այդ ներկայացնենք 2018 թվականի բյուջեի բացվածքը՝ ըստ բյուջետային ծախսերի գործառնական դասակարգման։
Պետական բյուջեի ծախսերի համամասնություններն էական փոփոխություններ չեն կրել։ Ինչպես տեսնում եք Գծապատկեր 1-ում՝ ամենաշատ գումարն ուղղվելու է սոցիալական պաշտպանության ոլորտին՝ 408.6 մլրդ դրամ։
Հաջորդ խոշոր ուղղությունն ընդհանուր բնույթի հանրային ծառայություններն են՝ 272 մլրդ դրամ, որին հաջորդում են պաշտպանությունը (246.9 մլրդ դրամ) և տնտեսական հարաբերությունները՝ շուրջ 150 մլրդ դրամ։
Բացարձակ թվով ամենից շատ՝ 56.4 մլրդ դրամով, ավելացել են տնտեսական հարաբերություններին ուղղվելիք ծախսերը։ Պաշտպանության ոլորտի ծախսերն ավելացել են 37 մլրդ դրամով։ Փոխարենը՝ առողջապահությանը կուղղվի 5.8 մլրդ դրամով պակաս գումար, քան նախատեսված էր 2017 թվականի բյուջեով։ Առողջապահությունից բացի՝ նվազել են նաև հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության, ինչպես նաև՝ սոցիալական պաշտպանության ուղղությամբ ծախսերը, համապատասխանաբար՝ 540 և 160 մլն դրամով։
Ծախսերի փոփոխության մասին ավելի լիարժեք պատկերացում կազմելու համար փոփոխությունները պետք է դիտարկել նաև տոկոսային տեսքով, ինչը և արել ենք Գծապատկեր 2-ում։
Ինչպես տեսնում եք, ֆինանսավորման աճի առումով առանձնանում են հետևյալ ուղղությունները՝ տնտեսական հարաբերությունները (37.6% աճ), բնակարանային շինարարությունը և կոմունալ ծառայությունները (20% աճ), պաշտպանությունը (15% աճ) և շրջակա միջավայրի պաշտպանությունը՝ 14.1% աճ։ Հիմնական բաժիններին չդասվող պահուստային ֆոնդերն աճել են 24.5%-ով։
Բացի ծախսերի գործառնական դասակարգումից, կա նաև բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգում, որը նույնպես հետաքրքիր տվյալներ է պարունակում։
Բյուջեի նախագծից տեղեկանում ենք, որ 2018 թվականին պետական համակարգի աշխատողներին կվճարվի 131.9 մլրդ դրամ աշխատավարձ՝ 2017 թվականի 131.7 մլրդ դրամի դիմաց։ Այսինքն, պետական ապարատի օպտիմալացումը, որի մասին այդքան խոսվում էր, պետական համակարգի աշխատավարձի գծով ծախսերը ոչ թե պակասեցրել է, այլ ավելացրել։ Աճել են նաև գործուղումների և շրջագայությունների գծով ծախսերը՝ 3.8 մլրդ դրամից հասնելով 3.9 մլրդ դրամի։
Մեքենաների և սարքավորումների ձեռքբերման ու պահպանման ծախսերը շատ ավելի տպավորիչ աճ են գրանցել. 2017 թվականի 17.4 մլրդ դրամի փոխարեն՝ 2018-ին նախատեսվում է 32.4 մլրդ դրամ։
20 մլրդ դրամով ավելացել է պետական պարտքի սպասարկման բեռը։ Այսպես, եթե 2017 թվականի բյուջեով պետական պարտքի տոկոսավճարների գծով նախատեսվում էր 120.3 մլրդ դրամ, ապա 2018 թվականի բյուջեով այդ գումարը 140.5 մլրդ դրամ է (որից 62.4 մլրդ դրամը ներքին տոկոսավճարներ են, 78.1 մլրդ դրամը՝ արտաքին)։ Պետական պարտքի գծով ծախսերը բյուջեի ընդհանուր ծախսերի 10%-ն են կազմում։
Բնականաբար, պետական պարտքի սպասարկումը հետագա տարիներին ավելանալու է. ըստ բյուջետային ուղերձի՝ պետական պարտքը այս տարվա վերջին կհասնի 6.8 մլրդ դոլարի, իսկ 2018 թվականի վերջին՝ 7.2 մլրդ դոլարի։
Սակայն կառավարությունը պնդում է, որ անհանգստանալու կարիք չկա։ Նախ, մի կողմից՝ տնտեսական աճի տեմպն է արագանալու։ Ֆինանսների նախարարն ասել է, որ այս տարվա համար ակնկալվում է 4.3% տնտեսական աճ՝ 2017-ին ամրագրված 3.2%-ի փոխարեն, իսկ 2018 թվականին աճի տեմպը կարագանա մինչև 4.5%։ Մյուս կողմից՝ աճելու է նաև հարկեր/ՀՆԱ հարաբերակցությունը։ Այսինքն՝ ստվերի կրճատման և վարչարարության բարելավման հաշվին բյուջեի եկամուտներն ավելանալու են, և պետական պարտքը սպասարկելու խնդիրներ չեն առաջանա։
Բնականաբար, այս ամենը 2018 թվականի բյուջեի շատ փոքր մասն է։ Այդ փաստաթղթում կան շատ այլ հետաքրքիր տվյալներ և կանխատեսումներ։ Սակայն Պետբյուջե-2018-ը դեռ նախագծային տեսքով է. հնարավոր են էական և ոչ էական փոփոխություններ։ Այնպես որ, դեռ ժամանակ կունենանք անդրադառնալու այդ փաստաթղթի ներբերանգներին։