Լաս Վեգասի սպանդի մանրամասները. Վեգասի հայ համայնքը ցավում է ողջ Ամերիկայի հետ միասին. amerikayidzayn.com
Advertisement 1000 x 90

Լաս Վեգասի սպանդի մանրամասները. Վեգասի հայ համայնքը ցավում է ողջ Ամերիկայի հետ միասին. amerikayidzayn.com

«Մենք շատ լուրջ ենք վերաբերվում այս դեպքերին: Այստեղ, Լաս Վեգասում, հայ համայնքում բոլորը զգաստ վիճակի մեջ են», – Լաս Վեգասի Սբ. Կիրակոս Հայ Առաքելական Եկեղեցու հովիվ հայր Սասուն վարդապետ Զմրուխտյանը ցնցված է: Եկեղեցու հարևանությամբ գտնվող Mandalay Bay հյուրանոցի առջևի տարածքում տեղի ունեցածը Միացյալ Նահանգների պատմության խոշորագույն զանգվածային սպանդն էր:

Ոստիկանության տվյալներով, 64-ամյա ամերիկացի թոշակառու Սթիվեն Փեդոքը 32-րդ հարկում գտնվող հյուրանոցի իր համարի պատուհանից կրակ արձակելով հյուրանոցի առջև անցնող համերգին եկածների վրա, սպանել է առնվազն 58 և վիրավորել 500-ից ավելի մարդ: Կրակը մարդասպանն արձակում էր ինքնաձիք զենքից, յուրաքանչյուր կրակահերթը՝ 50-100 փամփուշտ: և այսպես 10 անգամ, որից հետո սպանում է ինքն իրեն: Իր համարում ոստիկանները գտնում են 10-ից ավելի զենքեր, այդ թվում՝ հրացաններ:

«Դա իրական չարիքի արարք էր», – Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը հազիվ է զսպում զայրույթը՝ կոչ անելով միասնության և խնդրելով Աստծուց ուղի ցույց տալ այս բարդ ժամերին: Պատճառների մասին Լաս Վեգասի շերիֆ Ջոզեֆ Լոմբարդոն դժվարանում է խոսել.

«Ես չեմ կարող հոգեկան հիվանդի գլուխը մտնել»:

ԱՄՆ-ի հատուկ ծառայությունները հերքում են Դաեշի ահաբեկիչների հայտարարությունը, որոնք, օգտվելով առիթից հայտարարում են, թե իբր Փեդոքը «Իսլամական պետություն» խմբավորման անդամ էր դարձել:

Զոհերի մասին ստույգ տվյալներ դեռևս չեն հաղորդվում: Հայր Սասունի խոսքով, նախնական չճշտված տեղեկություններով հայեր զոհերի թվում չկան.

«Վստահ եմ, հայեր եղած կլինեն այդ հյուրանոցում այս դեպքի ընթացքում, բայց վստահ չենք, որ այս համերգին իրենք ներկա կլինեին, որովհետև համերգը հյուրանոցի դիմաց բաց տարածքում է տեղի ունեցել»:

Ողբերգության կապակցությամբ դիմելով համաքաղաքացիներին, նախագահ Թրամփն ընդգծել է, որ ամենադժվար փորձությունների առջև Ամերիկան համախմբվում է.

«Ողբերգության և սարսափի պահերին Ամերիկան միասնական է հանդես գալիս՝ որպես մեկ բռունցք: Մենք դառնում ենք այն կապերին, որոնք միավորում են մեզ՝ մեր հավատքը, մեր ընտանիքը, մեր ընդհանուր արժեքները»:

Այս շաբաթ Միացյալ Նահանգներում բոլոր պետական դրոշները իջեցված են մնալու՝ ի հիշատակ անմեղ զոհերի: ԱՄՆ-ի հայ համայնքը նույնպես կիսում է ընդհանուր ցավը.

«Ծրագրում ենք կազմակերպել համայնքային հոգեհանգիստ հինգշաբթի երեկոյան, որպեսզի հայ համայնքը իր մոմավառությամբ և հոգևոր աղոթքով մասնակից լինի այս ցավին և վշտին», – ասում է հայր Սասունը:

amerikayidzayn.com



Նման նյութեր