Ազգային ժողովի այսօրվա նիստը մեկնարկեց «Երևանի քաղաքում տեղական ինքնակառավարման մասին օրենքում փոփոխություններ կատարելու մասին նախագծի շուրջ բուռն քննարկումներով։ Նախագծով, հիշեցնենք, առաջարկվում է տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունքը հանել խմբակցություններին տրված լիազորությունների շարքից և այն վերապահել ավագանու մեկ երրորդին։ Նկատենք, որ տեղական հանրաքվե նախաձեռնելու իրավունք Երևանի ավագանիում խմբակցություններն ունեցել են օրենքի ստեղծման պահից՝ 2009 թվականից և մինչ այժմ ոչ մի խմբակցություն նման քայլի չի գնացել։ Օրինագիծը քննարկվում է երկրորդ ընթերցման ռեժիմով։
ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ասաց, թե իր համար զավեշտալի է, որ ԱԺ Հանրապետական խմբակցության պատգամավոր Շիրակ Թորոսյանն ասում է, թե 1/3-րդ-ով հնարավոր է նիստ անել։
«Այս դահլիճում քանի անգամ է մեկ երրորդով արտահերթ նիստ հրավիրվել։ Էդ Հանրապետական մեծամասնությունը ի՞նչ էր անում այդ արտահերթ նիստերը, բոյկոտում էր։ Էդ մեկ երրորդով նիստերը չէին կայանում։ Հիմա էլ եկել եք ասում եք՝ մեկ-երկու անդամ ունեցող խմբակցությունը ո՞նց կարող է հանրաքվե նախաձեռնել։ Էդ Ընտրական օրենսգիրքը դուք եք մշակել, ընդունել, ընենց անեիք, որ էդ խմբակցությունը 50-60 հոգանոց լիներ», – դիմելով Թորոսյանին ու մեծամասնությանը՝ հայտարարեց Փաշինյանը։
Նա հիշեցրեց, որ Սահմանադրական բարեփոխումների ընթացքում իշխանությունը հայտարարում էր, թե ընդդիմությանը գործիքներ են տրվում, բայց նրա խոսքով՝ հիմա էլ իշխանությունն ասում է՝ ընդդիմությունը կարող է բնականոն ընթացքը խանգարել։
«Բնականոն ընթացքի մասին ձեր պատկերացումը ո՞րն ա, որ հարցեր կա՞ն՝ չկան, դեմ կա՞՝չկա։ Կողմ՝ բոլորը, միաձայն։ Ամեն ինչ լավ ա, չաղ ու բախտավոր, ողջ ըլնենք, օջախի կենանցը, էս ա՞ ձեր բնականոն գործունեության մասին պատկերացումը։ Եթե էս ա, ճիշտ ճանապարհ եք ընտրել՝ խմբակցությանը զրկեք ձայնի իրավունքից, պատգամավորին զրկեք իրավունքից, ավագանու անդամին զրկեք իրավունքից։ Վերջում էլ ասեք, որ Երևանի ավագանի ու Ազգային ժողով մուտք ունենալը ցույց է տալիս, որ մեր կուսակցությունը Սերժ Սարգսյանի գլխավորությամբ գնում է դեպի խորհրդարանական ժողովրդավարություն։ Ձեռ ե՞ք առնում», – հայտարարեց Փաշինյանը։
Նշենք, որ այս օրինագծին դեմ է նաև «Ծառուկյան» խմբակցությունը։