Ինչպես հայտնի է՝ երեկ ինքնաձիգով զինված քաղաքացին մտել է «Արմենիա» բժշկական կենտրոն, ուր բուժում է ստանում դատապարտյալ, և անկանոն կրակոցներ արձակել: Հարձակում գործող անձը վնասազերծվել է դատապարտյալին հսկող` քրեակատարողական ծառայողների կողմից: Կանխվել է նաև փախուստի փորձը:
«Փաստինֆո»-ի տեղեկություններով՝ փախուստի փորձ կատարած անձը «Բանդայի» հայտնի գործով անազատության մեջ գտնվող Դավիթ Գալստյանն է: Նրան բժշկական կենտրոն էին տեղափոխել հետազոտման նպատակով:
Նշենք, որ Կենտրեն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի` 2014թ. դեկտեմբերի 26-ի վճռով Դավիթ Գալստյանը մեղավոր էր ճանաչվել մի շարք պաշտոնյաների և մեծահարուստների տներ թալանած բանդայի գործով և դատապարտվել 15 տարվա ազատազրկման:
Երկու տարուց ավելի տևած դատաքննության ընթացքում Դավիթ Գալստյանը երկու անգամ ինքնավնասման փորձ է կատարել:
Հիշեցնենք, որ բանդան վնասազերծվել էր 2011-ի սեպտեմբերի 21-ի լույս 22-ի գիշերը Մյասնիկյանի պողոտայում: