Դատապարտյալի փախուստը հիվանդանոցից կազմակերպելու կասկածանքով անձը ձերբակալվել է
Advertisement 1000 x 90

Դատապարտյալի փախուստը հիվանդանոցից կազմակերպելու կասկածանքով անձը ձերբակալվել է

Նախօրեին «Արմենիա» բժշկական կենտրոնում հնչած կրակոցների և «Բանդայի» հայտնի գործով դատապարտյալ Դավիթ Գալստյանի փախուստը կազմակերպելու կասկածանքով ձերբակալված անձ կա: Այդ մասին «Փաստինֆո»-ի թղթակիցը տեղեկացավ Քննչական կոմիտեից:

Ավելի վաղ Քննչական կոմիտեն պաշտոնական հաղորդագրությամբ էր հանդես եկել հայտնելով, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 238-րդ հոդվածի 3-րդ մասի 3-ր կետով, ստեղծվել է քննչական խումբ։

Նախաքննության գաղտնիությունից ելնելով ձերբակալված անձի ինքնության վերաբերյալ ՔԿ-ից այլ մանրամասներ չտրամադրեցին:

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՔԿՀ-ից դատապարտյալին տեղափոխել են ԲԿ հետազոտման նպատակով, այդ ընթացքում մեկ այլ անձ է մուտք գործել նրան հիվանդասենյակ և կրակել է հատակին:

Քրեակատարողական հիմնարկի աշխատակիցներին հաջողվել է վնասազերծել դատապարտյալի հիվանդասենյակ մուտք գործած և կրակ արձակած անձին, սակայն այդ ընթացքում դատապարտյալը խլել է ՔԿՀ-ի աշխատակիցներից մեկի զենքը և ևս կրակել է հատակին, որից հետո փախուստի է դիմել, թեև հիվանդանոցից դուրս գալ չի հաջողվել. նրան էլ վնասազերծել են ոստիկանները: