«Երկրորդ ճամփորդություն» (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

«Երկրորդ ճամփորդություն»

Արմեն Ջիգարխանյանի եւ Պիեռ Ռիշարի հետ

Լուսինե Թովմասյանը շուտով կնկարահանվի ֆրանսիական «Երկրորդ ճամփորդություն» վերնագրով կինոկատակերգության մեջ: Գլխավոր դերերում խաղալու են աշխարհահռչակ դերասաններ Պիեռ Ռիշարն ու Արմեն Ջիգարխանյանը: Ֆիլմի մի փոքրիկ հատված նկարահանվելու է Հայաստանում, մնացած ամբողջ մասը` Ֆրանսիայում։

 

– Լուսինե, ինչի՞ մասին է ֆիլմը:

– Դա պատմություն է մի ընտանիքի մասին, ֆրանսահայ մի կնոջ, որը Հայաստանում մահանում է: Նրա մահից հետո ամուսինն արդեն հանգուցյալ կնոջ նամակներում անսպասելի անակնկալ է հայտնաբերում։ Ռեժիսորը ֆրանսիացի հայտնի ռեժիսոր է: Պրոդյուսերական կազմում ևս ֆրանսիացիներ են: Ֆինանսավորման և նախապատրաստական ամբողջ աշխատանքներն ավարտված են: Նկարահանման աշխատանքները շուտով կսկսվեն։

– Հայաստանցի այլ դերասաննե՞ր կան։

– Հայաստանից այլ դերասաններ դեռ ընդգրկված չեն։

– Եվ ի՞նչ լեզվով է լինելու ֆիլմը:

– Հիմնականում ֆրանսերեն, բացառությամբ այն հատվածների, երբ հայերեն են միմյանց հետ խոսում:

– Հայկական կողմից ո՞վ է ֆինանսավորում ֆիլմը, Հանրային հեռուստաընկերությո՞ւնը:

– Այո, ոչ միայն: Հանրային հեռուստաընկերությունը, Ազգային կինոկենտրոնը և «Պարադիզ» ընկերությունը։ Մինչև տարեվերջ ֆիլմը պատրաստ կլինի: Ի դեպ, դա հեռուստատեսային ֆիլմ չէ: Նախատեսված է էկրանային ցուցադրման համար, այն դասական ֆրանսիական կոմեդիա է։ Ֆիլմի համաեվրոպական պրեմիերան կլինի արդեն հաջորդ տարի։

– Ո՞վ առաջարկեց քեզ խաղալ այդ ֆիլմում:

– Ֆիլմի ֆրանսիացի ռեժիսորն առաջարկեց: Նա Հայաստանում փնտրում էր մի աղջկա, որը պետք է խաղար այդ դերը, պարզվեց, որ նա ուղիղ եթերում տեսել էր «Միսս Եվրոպա 2005» մրցույթը, հետո նաև` «Մի վախեցիր» ֆիլմի DVD-ն և Ֆրանսիայում Հայաստանի դեսպանատան միջոցով ինձ առաջարկեց այդ դերը: Վերջերս Փարիզում էի, պրոդյուսերի և ռեժիսորի հետ հանդիպում եղավ, վերջնական բոլոր պայմաններն այնտեղ հստակեցվեցին: Պրոդյուսերը տեղում առաջարկեց նկարահանվել նաև երկրորդ ֆիլմում, մանավանդ այդ երկրորդ ֆիլմի հերոսուհու անունը նույնպես Լուսինե էր սցենարով, և ավելի շատ է կապված Հայաստանի հետ։ Այդ ֆիլմը մի ֆրանսիացի տղայի մասին է, որը գալիս է Հայաստան բիզնեսի գործերով և այստեղ սիրահարվում։

– Համաձայնվեցի՞ք նկարահանվել:

– Դեռ ոչ: Այդ ֆիլմից պատրաստ է դեռևս միայն սցենարը:

– Մեր տեղեկություններով՝ պետք է նկարահանվեք ևս մեկ ֆիլմում:

– Այո, փաստորեն, շուտով «Ուլիս-մեդիա» ընկերությունը և «Երևան» ստուդիան համատեղ կնկարահանեն 4-6 մասանոց մի սերիալ, որն արտացոլում է ժամանակակից հայկական կյանքը։ Դա շատ արագ է նկարահանվելու և նախատեսվում է սեղմ ժամանակներում ավարտել` մինչև տարեվերջ։ Սա մի ֆիլմ է այսօրվա մեր կյանքի մասին` իր դաժանություններով, հանցագործներով, իր կրիմինալով և ամեն ինչով: Այսպես ասենք, «էքշըն» ոճի ֆիլմ է, և այստեղ գլխավոր դերերից մեկն առաջարկվել է ինձ։ Այն մինչև տարեվերջ պատրաստ կլինի։ Այս ֆիլմը սկզբում կցուցադրվի Հայաստանի կինոթատրոններում, հետո DVD տարբերակը դուրս կգա։

– Հաճախ եք երևում հեռուստատեսությամբ, համերգներ եք վարում, «Երկու աստղ» նախա-գծում ժյուրի էիք, նաև երգում եք։ Եվ բոլորը կապված են Հ1-ի հետ: Ինչո՞ւ միայն Հ1-ում:

– Դեռևս 2005 թվականին, երբ պատրաստվում էի մեկնել «Միսս Եվրոպա» մրցույթին, համագործակցության պայմանագիր կնքեցի Հանրային հեռուստաընկերության հետ, ըստ որի՝ երկար տարիներ հանդես եմ գալու Հ1-ի տարբեր ծրագրերում։ Փաստորեն, այդ պայմանագիրը կա, և բացի այդ` Հանրային հեռուստատեսության խորհրդի նախագահի մամուլի քարտուղարն եմ, այսինքն` ուղղակի կապ ունեմ Հ1-ի հետ: Եղել են առաջարկներ նաև այլ հեռուստաընկերություններից, սակայն, հասկանալի պատճառներով՝ հրաժարվել եմ:

– Իսկ Հ1-ում ունե՞ք նոր նախագծեր:

lu5

lu6

– Նոր ծրագրերի առաջարկներ շատ կան և Հ1-ից, և «Նոր ալիքից»։ Առայժմ այդ առաջարկներից ոչ մեկը, այսպես ասած` սրտովս չի: Սակայն կշարունակեմ վարել տարբեր միջոցառումներ և համերգներ։ Ընդ որում` ոչ միայն Երևանում:

– Լուսինե, եթե գաղտնիք չէ, որպես մոդել, որքա՞ն գումար եք վաստակում։

– Չեմ ցանկանա ասել։ Այդ հարցերով զբաղվում է իմ պրոդյուսեր Գևորգ Եղիազարյանը, և երկրորդ, դրանք տարբեր են` կախված, թե ինչ առաջարկ են, ինչ տևողությամբ և ինչ ընկերություն է։ Ես գումարներ եմ աշխատում ոչ միայն Հայաստանում: Ամեն դեպքում ասեմ, որ Հայաստանի գների համեմատ շատ բարձր է։ Այն, ինչ ես վաստակում եմ որպես մոդել, Հայաստանում ոչ ոք նման գումարներ, նույնիսկ դրան մոտ գումար չի վաստակում։

– «Ուլիս-մեդիայի» հիմնադիրներից եք, այսինքն` մեծ մասի բաժնետերը, նաև` Հայաստանի ֆուտբոլի առաջնության բարձրագույն խմբում հանդես եկող «Ուլիս» թիմի հիմնադիրներից մեկն եք։ «Ուլիս-մեդիայի» ձեռքբերումների մասին բազմիցս խոսվել է և արդյունքներն էլ հայտնի են` «Նոր ռադիո», «New mag»: Ինչ ձեռքբերումներ կան ֆուտբոլային ասպարեզում` կապված «Ուլիսի» հետ:

– Կոմերցիոն տեսանկյունից «Նոր ռադիոն» և «New Mag»-ը շատ հաջող նախագծեր են: Ընդամենը երկու տարվա թիմ է «Ուլիսը», բայց արդեն շուտով կունենա իր սեփական մանկապատանեկան դպրոցը` Շենգավիթի ֆուտբոլի դպրոցը, մարզաբազան: Այս տարի բացի բարձրագույն խմբից՝ «Ուլիսը» թիմ կունենա նաև առաջին խմբում` Շենգավիթ անունով: Եթե հիշում եք, անցյալ տարվա երկրորդ կեսին շատ լավ արդյունքներ ցույց տվեց «Ուլիսը», ամենաշատ միավորները ստացավ երկրորդ խաղաշրջանում: Վաղուց թիմը սկսել է մարզվել, 2 ուսումնամարզական հավաք կանցկացնի Հայաստանում, մեկն էլ` Հայաստանից դուրս: Թիմի առաջ խնդիր է դրված հաջորդ տարվանից Եվրոպական գավաթների մրցաշարերի մասնակցության իրավունք նվաճել: Թիմի հովանավորը «Վիվա Սել» ընկերությունն է, որի հետ համագործակցությունն այս տարի, հուսով եմ, ավելի խորացված կշարունակվի:

– Վերջերս հարցազրույցներից մեկում ասել էիր, որ բիզնես նախագծեր ունես, որոնք անակնկալ կլինեն:

lu1

lu4

– Դրանցից մեկի մասին կասեմ միայն: «Ուլիս-մեդիա» ընկերությունը նախաձեռնել է և շուտով Երևանում կսկսի աշխատել աննախադեպ նոր ոճի վարսավիրանոց, որը շատերի համար չափազանց հետաքրքիր կլինի: Այժմ վերանորոգման աշխատանքներն են ընթանում: Կան նաև այլ նախագծեր, որոնց մասին դեռ չեմ ասի: Պարզապես սիրում եմ խոսել այն բաների մասին, որոնք արդեն ռեալ են:

– Նոր ֆիլմերում նկարահանվելը, առավել ևս՝ ֆրանսիական ֆիլմում, առանց այն էլ՝ աշխատատար և մեծ ժամանակ ու ջանքեր խլող գործ է: Դրան գումարած՝ ֆուտբոլային ակումբ, «Նոր ռադիո», «Նոր հանդես», վարսավիրանոց, հեռուստատեսային նախագծեր, և վերջապես չմոռանանք, որ ուսանում ես Սլավոնական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետում և համարում ես, որ քո մասնագիտությունը դիվանագիտությունն է: Դժվար չէ՞ այդքանը համատեղելը:

– Ի դեպ, այս տարի արդեն ավարտելու եմ համալսարանը, արդեն դիպլոմայինը հանձնել եմ: Չի բացառվում, որ ուսումս շարունակեմ արևմտաեվրոպական հայտնի համալսարաններից մեկում: Եթե միայնակ զբաղվեի այդքան գործերով, իհարկե, դժվար կլիներ: Ավելին` գուցե և չստացվեր ոչինչ: Բայց կան ընկերներ, կա թիմ` նույն «Ուլիս-մեդիան», բավականին մեծ կոլեկտիվ, որը աշխատում է և, բնականաբար, բոլոր խնդիրներով անձամբ չեմ զբաղվում: Իմ խնդիրը գործընկերներիս հետ միասին այդ ամենը ղեկավարելն ու կոորդինացնելն է:

– Տարբեր մարդիկ տարբեր կերպ են բացատրում քո կարիերայի վերելքները: Իրականում ինչո՞վ է պայմանավորված քո հաջողակ լինելը:

– Իհարկե, տարբեր մարդիկ տարբեր բաներ կարող են ասել, բայց իրականությունն այն է, որ ես 14 տարեկանից արդեն սկսել եմ ինքնուրույն ապրել և աշխատել: Այդ ժամանակ 2 ամսով մեկնեցի Ճապոնիա` որպես մոդել աշխատելու: Այնուհետև դարձյալ որպես մոդել՝ աշխատել եմ Փարիզում, Միլանում` «AMG» միջազգային հայտնի մոդելային ընկերությունում:

– Փաստորեն, դեռ այդ տարիքից սկսել ես մեծ գումարներ վաստակել:

– Այո: Կարելի է և այդպես ասել: Հետագայում այդ հաջողությունների հետ միասին հայտնվեցին մարդիկ, ովքեր ցանկացան համագործակցել ինձ հետ: Իհարկե, բազմաթիվ նախագծեր չէին իրականանա, եթե չլինեին իմ այսօրվա գործընկերները:

– Օրինա՞կ:

– Օրինակ, ֆուտբոլի թիմը չէր կայանա, եթե չլիներ «Վիվա Սել» ընկերությունը: «Նոր ռադիոն» և «Նոր հանդեսը» չէին կայանա, եթե չլիներ «Սիգմա TV»-ն: Բացի հայաստանյան իմ գործընկերներից, ունեմ նաև արտասահմանցի գործընկերներ և մտերիմ բարեկամներ` հանրահայտ մարդիկ կամ իրենց ոլորտում կայացած մարդիկ, որոնց հետ համագործակցությունն էլ թույլ է տվել ինձ հաջողություններ ունենալ:

– Իսկ արտաքին տվյալներն ի՞նչ դեր ունեն երիտասարդ աղջկա կարիերայում:

– Իհարկե, շատերի համար հաճելի է աշխատել մի աղջկա հետ, որն իրենց կարծիքով՝ գեղեցիկ է, բայց միայն դա բավարար չէ: Բազմաթիվ գեղեցիկ աղջիկներ կան, բայց պարտադիր չէ, որ նրանք բոլորը բիզնես հաջողություններ ունենան կամ ֆիլմում նկարահանվելու առաջարկ ստանան:

Հարցազրույցը` Գայանե Ղազարյանի

«3 Միլիոն»