Հոկտեմբերի 5-ից մայրաքաղաքի կինոթատրոններում կցուցադրվի «Սուպեր մամա 2» ֆիլմը։ Ֆիլմի պրոդյուսեր և գլխավոր դերակատար Հայկ Մարությանի խոսքով՝ այն «Սուպեր մամա 1» ֆիլմի տրամաբանական շարունակությունն է։ «Ֆիլմի մտահղացումից անցել է 2 տարի։ Ֆիլմում Սոնայի և Կարենի երեխաները մեծացել են, տարիներ են անցել»,- երեկ «Սուպեր մամա 2»-ի փակ ցուցադրությունից առաջ լրագրողների հետ զրույցում նշեց դերասանը։
Ինչո՞ւ նկարահանվեց «Սուպեր մամա 2»-ը
Հ. Մարությանի խոսքով՝ «Սուպեր մամա 1» ֆիլմն ամբողջական էր, մարդկանց միայն հետաքրքրում էր, թե ինչ է լինում այդ ընտանիքի հետ, ինչպես է շարունակվում նրանց կյանքը․ «Քանի որ մարդիկ շատ սիրեցին այդ կերպարներին, միտք առաջացավ՝ այդ ընտանիքի պատմության շարունակությունը նկարել։ Ոչ թե պատմության կիսատ լինելը, այլ պատմության հաջողությունը բերեց դրան։ Առաջին ֆիլմը ռոմանտիկ կինոկատակերգություն էր, սա՝ արկածային կինոկատակերգություն․ շեշտը դրել ենք հումորի և արկածների վրա»։
Գարիկ Պապոյանը՝ կնոջ կերպարում
Շոումեն և դերասան Գարիկ Պապոյանը պատմեց, թե ինչ դժվարություններ է ունեցել կնոջ կերպարում հանդես գալու ժամանակ․«Եթե մինչ այս կերպարը մարմնավորելն ուղղակի ինձ մոտ հարց էր առաջանում՝ շատ դիմահարդարում կրող աղջիկների հետ կապված, հիմա առհասարակ չեմ հասկանում, թե ինչպես կարելի է ապրել այդ make up-ով: Աղջիկներն ասում էին՝ տեսա՞ր, հիմա մեզ հասկացա՞ր։ Չգիտեմ՝ ինչո՞ւ ես պետք է հասկանայի ձեզ, բայց այո, հիմա ձեզ հասկացա։ Խնդիրներ ունեի կերպարի ձայնը կերտելու հետ, բայց պարզվեց, որ մեթոդ կա՝ նման ձայն ստանալու: Պարզվում է՝ դասընթացներ կար, օգտվեցի դրանից ու կարողացա կանացի ձայն ստանալ։ Մինչ այդ մի քանի անգամ խաղացել էի կանանց կերպարներում, բայց դա ընդամենը կեղծամով և զգեստով սահմանափակվում էր, բայց 13 ժամ լինել այդ շպարով, որն անընդհատ թարմացնում էին, նման բան իմ կյանքում չէր եղել, ու հուսով եմ՝ էլ չի լինի»։
Որքա՞ն է ֆիլմի բյուջեն
Այս ֆիլմը մոտ 2 անգամ ավելի թանկ է, քան «Սուպեր մամա 1»-ը։ Երբ ֆիլմը դառնում է արկածային, այնտեղ շատանում են շարժումները, նկարահանումները բարդանում են, դեկորացիաները շատանում են, և բյուջեն շատ արագ սկսում է աճել։ Անկեղծ եմ ասում՝ այս անգամ վաճառել եմ ավտոմեքենաս, ներդրել եմ անձնական գումարներս, իսկ պակասորդ գումարը լրացրել եմ վարկով՝ ի ուրախություն բանկերի։ Բյուջեի հաշվարկային թիվը կազմում է մոտ 400 հազար դոլար, իսկ իրականը՝ վերջում պարզ կդառնա, երբ մեծ հաշվարկ արվի»։
Լրագրողները հետաքրքրվեցին՝ հնարավո՞ր է՝ հետագայում նաև «Սուպեր մամա 3» լինի, Հայկ Մարությանը պատասխանեց, որ ամեն ինչ կախված է հանդիսատեսից։ «Եթե այս ֆիլմը մեծ հաջողություններ ունենա, հնարավոր է՝ հաջորդի համար ոչինչ չվաճառեմ»,- կատակեց դերասանը։
«Սուպեր մամա 2»-ի հիմնական ուղերձները
Դերասանի խոսքով՝ այս ֆիլմում ևս շարունակական է ընտանիքի գաղափարը, ընտանիքի կարևորությունը․ «Հետաքրքիր են հայր և որդի հարաբերությունները, թե ինչպես որդին կարող է դժվար պահին օգնել հորը, և ինչպես կարող է ամուսինը զոհել իրեն՝ հանուն կնոջ և հանուն ընտանիքի։ Դա մեզ համար շատ կարևոր էր։ Ֆիլմը երջանիկ ավարտ է ունենում, և ընտանիքի սերը հաղթահարում է բոլոր խոչընդոտները»։
Ֆիլմի սյուժեն
Ֆիլմում Կարենը նորից վերածվում է Կարինեի, որ փրկի կնոջն ու ընտանիքին։ Նա հայտնվում է բանտում, այնտեղ է հայտնվում նաև Մենուան՝ որպես Մոնիկա։ Բանտում կերպարներն ունենում են մի շարք արկածներ, հաղթահարում բազում դժվարություններ, ի վերջո, հաշտվում միմյանց հետ և իրենց առաքելությունը հաջողությամբ ավարտում։ Սոնան հոգնում է Կարենի մշտական բացակայություններից և որոշում ամուսնալուծվել, սակայն երեխաներն ամեն կերպ խոչընդոտում են դրան։ Ֆիլմում նաև շեշտվում է այն գաղափարը, որ Հայաստանում էլ կա արդարություն, այստեղ էլ են օրենքներ գործում։
Ռազմիկ Մարտիրոսյան
Ֆոտոշարքը՝ wnews.am-ի