BBC-ի թղթակից Բեն Լերվիլը հետաքրքիր հոդված է հրապարակել Հայաստանի և հայերի մասին։ Հեղինակը ճամփորդել է Վրաստանից Հայաստան և կիսվել իր տպավորություններով։
Ամենատպավորիչը նրա համար եղել է Դիլիջանում անցկացրած գիշերը։ Հեղինակը նշում է, որ ինքն ի սկզբանե չէր պլանավորել մնալ Դիլիջանում։ Սակայն քանի որ ճանապարհից հոգնած էր և տրանսպորտ էլ այլևս չկար, որոշել է մնալու տեղ գտնել՝ իր ձեռքի տակ եղած հին ճամփորդական ուղեցույցի միջոցով։ Գտել է մի հյուրատուն և գնացել այնտեղ։ Մնացածը ներկայացնում ենք թարգմանաբար։
«Տունը գտնվում էր մի հանգիստ բլրի վրա՝ ճանապարհի փոշուց պաշտպանված մետաղյա դարպասով։ Ես դուռը թակեցի, սակայն երկար լռություն էր։ Թվում էր՝ հյուրեր այստեղ հազվադեպ են լինում։ Հասկացա, որ սա այլևս հյուրատուն չէ։ Արդեն կասկածում էի՝ միգուցե սխա՞լ տեղ եմ եկել:
Շեմից ներս հայերեն ասացի՝ «բարև ձեզ»։ Սկզբում ցածր, հետո բարձր ձայնով։ Ոտնաձայներ լսվեցին։ Դարպասը բացեց միջին տարիքի մի կին՝ գոգնոցով։
Նա հարցական հայացքով նայեց ինձ վրա։ Ցույց տվեցի ուղեցույցը, որտեղ նշված էր այդ տան հասցեն։ Ի ուրախություն ինձ՝ կինը ժպտաց և արմունկիցս բռնելով՝ ուղեկցեց ինձ դեպի տուն։Նա ցույց տվեց ինձ սենյակը, որտեղ գույնզգույն վերմակներով հարդարված անկողին էր դրված։
Տան մեջ աղմուկ էր, միջանցքից բարձր ծիծաղ էր լսվում։ «Nineteen o’clock» (ժամը 19-ն է),- անգլերեն ասաց կինը՝ ցույց տալով դիմացի սենյակը։ Հետո ուտելու ժեստ ցույց տվեց և կրկնեց «Nineteen o’clock» »։
Ես հոգնած էի, շփոթված, ու ընթրիքի չէի սպասում, սակայն ժամը 7-ին արեցի այն, ինչ ինձնից խնդրել էին… Ու հետո սկսվեց բուռն, սրտանց և օղիով լիքը երեկոն, որի մասին նախապես գլխի չէի ընկել։
Նշված ժամին հայտնվելով՝ պարզեցի, որ տանտերերի ավագ դստեր 18-ամյա տարեդարձին նվիրված խնջույք է։ Իմ ձեռքը սրտանց սեղմեցին, ինձ համար աթոռը բերեցին։ Սեղանի շուրջ 12 հոգի էինք՝ աղմկոտ մի խումբ. Լուսինեն՝ հոբելյարը, նրա ամենամոտ և ամենաթանկ հարազատները, և ես՝ մի շփոթված, բայց հիացած ճամփորդ։
Ուտելիքը բերվում էր մեծ չափաբաժիններով։ Կինը, որն ինձ դիմավորել էր, Լուսինեի մայրն էր, նա էր երեկույթի պատասխանատուն։
Սկզբում եկան լավաշները։ Հետո՝ բադրիջան և ձիթապտուղ, թարմ բողկ և պանիր։ Հետո բերեցին խոզի խորոված՝ կանաչիով և սխտորով։ Հետո՝ սոխով լցոնած սունկ և ճուտ՝ կծու սոուսով։ Մենյուն դարձավ խառը։
Պատճառը տնական մրգի օղին էր։ Մեր սեղանը բաժանված էր ըստ սեռերի՝ կանայք մի կողմում էին, տղամարդիկ՝ մյուս։ Հոբելյարի անգլերենի շնորհիվ ես հասկացա, որ նստած եմ երկու քեռիների արանքում։ Նրանք ուրախ և գիրուկ մարդիկ էին և իրենց պարտականությունն էին համարում, որ իմ օղու բաժակը դատարկ չմնա։ Ինչպես սնունդն էր անսպառ, այնպես էլ թունդ օղին։
Խնջույքը թեժանում էր, և իմ կողքին նստած քեռիները պնդեցին, որ պետք է խմենք բոլորի և ամեն ինչի համար։ Հայաստանի համար։ Միացյալ Թագավորության համար։ Ընտանիքների համար։ Իմ ընտանիքի համար։ Հանգուցյալների հիշատակի համար։ Ապագայի համար։ Ընկերության համար։ Մի քանի կենացներ ինձ անհասկանալի մնացին, սակայն դրանք էլ նույն ձևով ընթացան՝ բաժակների շրխկոց և կոկորդը այրող օղի։
Հետո խմորեղեն, երգեր… Ինձ համար արդեն դժվար էր դրա տակից դուրս գալ։ Երեկույթը ավարտվեց ջերմ գրկախառնություններով և հավերժ հարազատության մասին հայտարարություններով։
Առավոտյան մեկնելուց առաջ փորձեցի որոշ գումար թողնել՝ նախորդ օրվա սննդի դիմաց, սակայն այնպիսի կտրուկ մերժում ստացա, որ այլևս չպնդեցի՝ վախենալով վիրավորել տանտերերին։
Նրանք ինձ տվեցին Հայաստանի հարավում ապրող իրենց բարեկամի կոնտակները (ում չայցելելու համար այժմ զղջում եմ) և ջերմորեն ինձ ճանապարհեցին դեպի ավտոբուսի կանգառը։
Ու միայն այդ պահին ես գիտակցեցի այդ ընտանիքի հյուրասիրության աստիճանը։ Ես լիովին անծանոթ մարդ էի՝ հազարավոր մղոն հեռվից եկած։ Հայտնվել էի նրանց դարպասի մոտ՝ առանց ներկայանալու, չսափրված, ընտանեկան ընթրիքից ընդամենը մեկ ժամ առաջ։
Ինձ ոչ միայն անկողին տրամադրեցին, այլև այնպես բնական ձևով և սրտանց ինձ մասնակից դարձրեցին իրենց խնջույքին, ասես ես իրենցից մեկն էի։ «Հյուրատուն» բառը ինձ համար լրիվ այլ իմաստ ստացավ»։
Հեղինակը հոդվածն ավարտում է հետևյալ բառերով. ։ «Երբ ձեզ հյուրընկալեն Հայաստանում, դուք դժվար թե երբևէ այդ մասին մոռանաք»։