Լաս Վեգասի հրաձիգի ընկերուհին ողբերգությունից հետո առաջին հայտարարությունն է արել (լուսանկարներ)
Advertisement 1000 x 90

Լաս Վեգասի հրաձիգի ընկերուհին ողբերգությունից հետո առաջին հայտարարությունն է արել

Լաս Վեգասի Mandalay Bay հյուրանոց-խաղատան 32-րդ հարկից սպանդ իրագործած ու 59 մարդու կյանք խլած Ստեֆան Փեդոքի ընկերուհին՝ 62-ամյա Մարիլու Դենլին, ողբերգությունից հետո առաջին հայտարարությունն է արել:

Հայտնի է, որ դեպքից հետո նա Ֆիլիպիններից ԱՄՆ է վերադարձել ու արդեն հարցաքննվել է Հետաքննությունների դաշնային բյուրոյի կողմից:

Ինչպես հաղորդում է Associated Press-ը, ծագումով ֆիլիպինուհին ասել է, որ գաղափար անգամ չի ունեցել կողակցի արյունալի ծրագրի մասին:

«Նա ինձ երբեք չէր ասել կամ չէր արել այնպիսի բան, ինչն ինձ ինչ-որ կերպ կարող էր հուշել սպասվելիք սարսափի մասին»,-փաստաբանի միջոցով տարածված հայտարարությունում ասել է կինը:

Դենլիի խոսքով՝ 64-ամյա Փեդոքը «բարի, հոգատար ու հանգիստ մարդ էր»:

Կինը մանրամասնել է, որ հոկտեմբերի 1-ի սարսափելի դեպքից 2 շաբաթ առաջ Փեդոքն իրեն Ֆիլիպիններ էր ուղարկել: Դենլիի խոսքով՝ Փեդոքն իր համար էժան տոմս էր գնել ու առաջարկել հայրենիք վերադառնալ՝ ընտանիքի անդամներին այցելելու: Դենլին մանրամասնել է, որ Ֆիլիպիններում գտնվելու ժամանակ Փեդոքն իր հաշվին 100.000 դոլար է փոխանցել, որպեսզի կինն իր ու ընտանիքի համար տուն գնի: Դա անհանգստացրել է Դենլիին, քանի որ նա կասկածել է, որ սիրելին ուզում է վերջ տալ իրենց հարաբերություններին:

Մինչդեռ հրաձիգի կրտսեր եղբայրը՝ Պատրիկ Փեդոքը, պատմել է, որ նա լավ մարդ էր՝ «չնայած վերջին 20 տարվա ընթացքում նրանք չեն շփվել»:

Փեդոքի նախկին համադասարանցիները նրան բնութագրել են որպես խելացի մարդ ու նշել, որ երբեք չէին մտածի, որ Փեդոքն ընդունակ է նման ոճրագործության:



Նման նյութեր