«Գրանշան» նախագծի նպատակը հայկական տառարվեստը զարգացնելն ու այն աշխարհում ճանաչելի դարձնելն է: Այս մասին «Գրանշան» 6-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը նշեց նախագծի հեղինակ Էդիկ Գաբուզյանը: Բացումը անցկացվեց հոկտեմբերի 5-ին Թումո ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում:
«Այս տարի մրցույթին հարյուրից ավելի մասնակիցներ են ներգրավվել 27 երկրից: Կարծում եմ, որ բավականին հետաքրքիր աշխատանքներ են ներկայացվել, որոնք ուշադրության են արժանի»,-«Արմենպրես»–ի հաղորդմամբ` նշեց «Գրանշան» նախագծի հեղինակ Էդիկ Գաբուզյանը և հավելեց, որ մրցույթի հաղթողների անունները պարզ կդառնան առաջիկա օրերի ընթացքում:
Նա շեշտեց, որ «Գրանշան»-ի նպատակը հայկական տառարվեստը զարգացնելն ու այն աշխարհում ճանաչելի դարձնելն է: «Այսօր «Գրանշան»-ը դարձել է աշխարհում ընդունված ոչ լատինական տառատեսակին ուղղված ամենահեղինակավոր մրցույթը: Ամենամյա համաժողովներում քննարկվում են լեզվական համակարգերի այբուբենները, դրանց առջև ծառացած խնդիրները: Համաժողովներն անցկացվում են տարբեր երկրներում, սակայն այս տարի լրանում է «Գրանշան»-ի տասը տարին, այդ իսկ պատճառով որոշեցինք տասներորդ մրցույթը և վեցերորդ համաժողովը Երևանում անցկացնել»,-ասաց Գաբուզյանը:
Բացմանը ներկա էր նաև ՀՀ մշակույթի նախարարի տեղակալ Ներսես Տեր-Վարդանյանը: «Այս նախագիծը տարբեր երկրների մասնագետներին հնարավորություն է տալիս գալ Հայաստան, քննարկել ոչ միայն հայոց, այլև այլ ազգերի այբուբենների ժամանակակից խնդիրները: Գիտաժողովները, մրցույթները նպաստում են տառատեսակների նորացմանը, կատարելագործմանը: Նոր ու հետաքրքիր տառատեսակները դառնում են հրատարակիչների, գովազդային գործակալների և այլոց համար անհրաժեշտ գործիքներ»,-ընդգծեց Տեր-Վարդանյանը:
Փոխնախարարը շեշտեց, որ դիտել է անցյալ տարվա մրցույթին ներկայացված տառատեսակների ցուցահանդեսը: Այն համեմատելով նախորդ տարիների ցուցահանդեսների հետ` կարծում է, որ զարգացումն ակնհայտ է:
Համաժողովի կազմակերպիչ Ջերի Լեոնիդասի խոսքով` ինքն առաջին անգամ է Հայաստանում: «Իսկապես ուրախ եմ, որ այ նախագծի մի մասն եմ կազմում, քանի որ այն շատ մեծ դեր ունի նոր ու կրեատիվ տառատեսակների ստեղծման գործում: Կարծում եմ, որ ամեն մի լավ բանի սկիզբը գերազանց կրթությունն է: Այս համաժողովը ընդլայնում է մասնակից դիզայներների հմտությունները, գիտելիքները, քանի որ նրանց տարբեր երկրերի բարձրակարգ մասնագետների հետ հաղորդակցվելու, փորձի փոխանակման հիանալի հնարավորություն է տալիս»,-եզրափակեց Լեոնիդասը: