Ամերիկյան Acopian ընկերությունն օգնում է լուսավորել Ամերիկան. Ամերիկայի Ձայն
Advertisement 1000 x 90

Ամերիկյան Acopian ընկերությունն օգնում է լուսավորել Ամերիկան. Ամերիկայի Ձայն

Acopian ամերիկյան ընկերությունն օգնում է լուսավորել Ամերիկան: Ընկերության արտադրանքից օգտվում են ամերիկյան տարբեր ընկերություններ՝ Disney-ից եւ NASA-ից մինչեւ Tesla:

Ընկերությունը հիմնադրվել է 60 տարի առաջ, պատմում է Acopian ընկերության մարկետինգի գծով տնօրեն Ալեքս Կարապետյանը, ում քեռին, Սարգիս Հակոբյանը, հիմնել էր ընկերությունը: 1957-ին, աշխատելով մեկ այլ ընկերության համար, Սարգիսն էլեկտրական յուրահատուկ էլեկտրական մասի կարիք ուներ: Պատվերը կատարելու համար Սարգսին այդ մասն անհրաժեշտ էր երկու օրվա ընթացքում, սակայն, ոչ մի ընկերություն չէր կարող արագ պատրաստել անհրաժեշտ մասը: Սարգիս Հակոբյանը գործում է ամեն հային ծանոթ բանաձեւով:

«Դրա համար, ինքը նախագծեց, սարքեց եւ գործածեց, – պատմում է Ալեքս Կարապետյանը: – Այդ ժամանակ հասկացավ, որ մյուսներն էլ կարիք կունենան արագ պատրաստվող էլեկտրական մասերի»:

Այսօր Acopian ընկերությունը տասնյակ հազարավոր էլեկտրական մասեր է արտադրում, իսկ ընկերության ապրանքանիշը կարելի է տեսնել Միացյալ Նահանգների առաջադեմ ու խոշորագույն կազմակերպությունների սարքավորումների վրա, նշում է Acopian-ի գլխավոր ինժեներ Մարք Ուիլքինսը.

«Մենք մասեր ենք պատրաստում խոշոր արտադրությունների, տիեզերքի, ռազմական կարիքների, հետազոտական, առողջապահական եւ էլեկտրականություն արտադրող կազմակերպությունների համար»:

Մրցակիցներից Acopian-ն առանձնանում է առաջին հերթին անհատական նախագծով էլեկտրական մասեր եւ սարքավորումներ արտադրելու կարողությամբ: Այդ պատճառով Acopian-ն օգնում է մարդկանց նոր բացահայտումներ անել, զվարճանալ, հաղթահարել բնության սահմանափակումներն ու նվաչել տիեզերքը:

«Walt Disney ընկերությունը շատերն են ճանաչում: Նրանք մեր էլեկտրական մասերն են օգտագործում իրենց արագընթաց կարուսելներում: NASA-ի շատ նախագծերում՝ Hubble աստղադիտակում, Appollo Mission-ի թեստային սարքավորումներում օգտագործում են մեր մասերը», – նշում է Ալեքս Կարապետյանը:

Ալեքս Կարապետյանի խոսքով, 60 տարի առաջ ընկերության հիմնադիր Սարգիս Հակոբյանը հավաքել էր նաեւ արեգակնային էներգիայով աշխատող աշխարհում առաջին ռադիոընդունիչը: Գաղափարը սակայն իր ժամանակների համար այնքան առաջադեմ էր, որ լայն տարածում չգտավ: Բայց Acopian ընկերությունը դեռեւս այն ժամանակներից է սերտ համագործակցություն պահպանել վերականգնվող, շրջակա միջավայրի համար անվտանգ էներգիա արտադրող ոլորտի հետ եւ այսօր Acopian-ների մասերը օգտագործվում են արեգակնային եւ քամու էներգիա ստացող սարքավորումներում ինչպես նաեւ էլեկտրական ավտոմեքենաներ արտադրող Tesla ընկերության կողմից: Ալեքսի խոսքով, Acopian-ների գաղտնիքն այն է, որ արտադրությունն ամբողջությամբ կատարվում է միայն Միացյալ Նահանգներում: Մեկ այլ գաղտնիք՝ ընկերության սեփականատերերը երբեք չեն մոռանում իրենց հայկական արմատները:

«Երկու շաբաթ առաջ առցանց մեզ պատվեր է գալիս Կանադայից՝ Անդրանիկ Սարգսյանից: Տեսա անունը՝ անմիջապես զանգահարեցի, սկսեցի հայերեն խոսել: Նա չէր սպասում, որ դա հնարավոր է, կարծում էր Acopian ընկերության միայն անունն է հայկական: Եւ հենց այդ րոպեից, երբ զանգեցի, կարծես թե մենք երկար տարիների ընկերներ ենք», – պատմում է Ալեքս Կարապետյանը:

Այսօր ամերիկյան Acopian ընկերությունն օգնում է Հայաստանին պահպանել շրջակա միջավայրը: Հայաստանում Ամերիկայի Համալսարանին կից գործող Acopian բնապահպանական կենտրոնն օգնում է Հայաստանին ոչ միայն պահպանել բնությունն այլ նաեւ դրանից առավելագույնը ստանալ՝ զարգացնելով էկոտուրիզմը: Բայց դա արդեն ուրիշ պատմություն է:

amerikayidzayn.com