Վերջերս պոլսահայ բարեկամուհուցս՝ Պերճուհի Պերպերյանից ստացա իր հրատարակած գիրքը ՝ նվիրված թուրքական կինոյում 55 տարի ստեղծագործած, ամենահարուստ հունձքն ունեցած արվեստագետներից Արամ Գյուլյուզին (գյուլյուզ թարգմանաբար նշանակում է վարդերես, նա հայտնի է նաև Արամ Գյուլյուզ Յեշիլսամ անվամբ)։ Պերճուհի Պերպերյանի «Արամ Գյուլյուզ» թուրքերեն աշխատությունը 2017 թ. լույս է ընծայել Ստամբուլի «Փարոս» հրատարակչությունը:
Գրքի 240 էջերում հնարավորինս բացահայտվում է Արամ Գյուլյուզ մարդը՝ թուրքական կինոյին իր ողջ կյանքը նվիրած արվեստագետը։ Ամեն տողից զգացվում է բարեկամ, սրտակից գործընկեր, կանացի նուրբ ու զգայուն հոգի, Արամի արվեստով ու վաստակով հիացող հեղինակի՝ դերասանուհի Պերճուհի Պերպերյանի շունչը։ Առաջին դեմքով գրված էջերը մեր ժամանակի պոլսահայը՝ երկրի արվեստագետների սերուցքում իր տեղն ունեցողը, վստահությամբ պատմում է իր կյանքի պատմությունն այնքան բնական, այնքան հետաքրքիր, սրամիտ ու անուշ հիշողություններով լեցուն, որ գիրքը դարձնում է հուշագրության բացառիկ օրինակ։
Գրքի հերոսն ընթերցողի ձեռքը բռնած անցնում է կյանքի ամեն մի օրով, ապրում հիշողության մեջ տպավորված, այսինքն՝ կարևոր դեր խաղացած դեպքերի շարանով, հայտնվում տարբեր դեմքերի հետ դեմ հանդիման՝ ապրելով յուրաքանչյուր ֆիլմի պատմությամբ։
Արամ Գյուլյուզը ծնվել է 1931 թ. Պոլսի հայաբնակ Շիշլի թաղամասում: Նախնական կրթությունը ստացել է Հինդլյանի դպրոցում, ապա՝ Կենտրոնական, նաև Մխիթարյան վարժարաններում։ Կարծես թե սրանով ավարտվում է կամ թուլանում հայկական մթնոլորտի հետ նրա կապվածությունը: Բարձրագույն կրթություն ստանալու համար Գյուլյուզը մեկնում է Անգլիա, 4 տարի Լոնդոնում մասնագիտանում էլեկտրոնային և երաժշտական ինդուստրիայի ասպարեզում՝ անընդհատ հետևելով նաև հեռուստատեսային արվեստի դասընթացների։
Ամբողջությամբ՝ ankakh.com