Աննախադեպ ծրագրով տրվեց Խաչատրյանի 5-րդ միջազգային փառատոնի մեկնարկը։ «Արամ Խաչատրյան» համերգասրահում միահյուսվել էին արվեստի հզորագույն ճյուղերը՝ երաժշտությունն ու գրականությունը։ Եվ այս միաձուլումն էլ ավելի ազդեցիկ էր, քանի որ ներկայացվում էր մեր օրերի մեծագույն դերասան Ջոն Մալկովիչի մատուցմամբ։
Ալֆրեդ Շնիտկեի դաշնամուրի և լարային նվագախմբի համար գրված կոնցերտի հնչյունների ներքո Մալկովիչը ներկայացրեց արգենտինացի գրող Էռնեստո Սաբատոյի «Հերոսների և գերեզմանների մասին» նովելի «Հաղորդագրություն կույրերի մասին» գլուխը (էկրանին հայերեն թարգմանությամբ)։ Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հետ հանդես եկավ դաշնակահարուհի Անաստասիա Տերենկովան։
Հոլիվուդի լեգենդը նաև անակնկալ էր պատրաստել երևանյան հանդիսատեսին՝ ներկայացնելով հատված Գրիգոր Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմի անգլերեն թարգմանությունից։ Նարեկյան ընթերցանությունն ուղեկցվում էր ժամանակակից կոմպոզիտոր Վարդ Մանուկյանի «Խոստովանություն» սիմֆոնիայի հնչյուններով։
Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի տեղեկացմամբ՝ Մալկովիչի կողմից հայկական գրական ստեղծագործության ընթերցում ի սկզբանե նախատեսված չէր, դերասանն ինքն է ցանկություն հայտնել կատարել որևէ հայկական գործ։ Փառատոնի կազմակերպիչների կողմից առաջարկվել է Նարեկացու «Մատյան ողբերգության» պոեմը, և մեծ է եղել զարմանքը, երբ տեղեկացել են, որ Մալկովիչը քաջատեղյակ է միջնադարյան հայ մեծ բանաստեղծի և փիլիսոփայի արվեստին, ավելին, շատ լավ պատկերացնում էր, թե «Նարեկի» որ հատվածն է ընթերցելու։ Մաեստրո Սմբատյանի խոսքով՝ շատ կարևոր է համերգի ասելիքը։ «Ջոնը շատ է հավատում, որ այն, ինչ տեղի է ունենում տեքստային ֆորմատի և երաժշտության ներքո, կարող է փոխել մարդուն»,- փոխանցեց Սերգեյ Սմբատյանը։
Փառատոնի բացման համերգին հնչել է նաև Էդվարդ Միրզոյանի լարայինների և գոսերի սիմֆոնիան (գոսերի մենանվագը՝ Էդուարդ Պապոյանի)։
Համերգային երեկոյից մեծապես տպավորված էր հանդիսատսը։ Լիլիթ Անտոնյանը նշում է, որ արվեստի տարբեր ճյուղերի այսպիսի սինթեզ առաջին անգամ է տեսնում. «Ուրախալի է, որ Հայաստանում կարողանում ես ներկա գտնվել նման հետաքրքիր նախագծերի։ Հպարտություն է նաև, որ մեր բեմում տեսնում ենք գերաստղի ու հաղորդակից դառնում նրա արվեստին»։