Կամավոր Արթուր Շտոյանը գտել է Նիժեգորոդսկի մարզի անտառում կորած մանկանը. armeniasputnik.am
Advertisement 1000 x 90

Կամավոր Արթուր Շտոյանը գտել է Նիժեգորոդսկի մարզի անտառում կորած մանկանը. armeniasputnik.am

Բոր քաղաքի բնակիչ Արթուր Շտոյանն իրական հերոս է դարձել` հենց նա է մեկ օրյա որոնումներից հետո հայտնաբերել Նիժեգորոդսկի մարզի անտառում կորած 4-ամյա Յարոսլավ Բալուևին, գրում է «Կոմսոմոլսկի պրավդան»։

Շտոյանը պատմել է, որ մոտ երկու հարյուր կամավոր անտառում, մինչև առավոտվա ժամը չորսը փնտրել են երեխային` շուրջ 2 կմ տարածքն անցնելով, իսկ առավոտյան հինգի կողմերը վերադարձել են շտաբ։ Այնուհետև երեխային սկսել են փնտրել անօդաչու սարքերի միջոցով, տարածքը սկսել են ստուգել փրկարարները։

Կամավորներին, որոնք հատուկ նախապատրաստվածություն չունեին, խնդրեցին որոշ ժամանակով լքել անտառը, որպեսզի չխանգարեն որոնողական աշխատանքներին։ Սակայն Արթուրը ձեռքերը ծալած նստել չէր կարող։ Այդ ժամանակ նա ընկերների հետ գնաց երեխայի կորած վայրը` ուսումնասիրելու այն հատվածը, որտեղ նրանք չեն հասցրել լինել գիշերը։

«Ուղղություն բռնեցինք դեպի հյուսիս–արևմուտք, մոտ երկու կմ անցանք ճահճի միջով, իսկ հետ գնացինք արդեն այլ ճանապարհով։ Ինչ-որ պահի որոշեցի բարձրաձայն կանչել Յարոսլավին, մենք սկսեցինք կանչել. «Յարիկ, Յարիկ», և իրական հրաշք կատարվեց` ի պատասխան մենք բարակ մի ձայն լսեցինք։ Սկզբում նույնիսկ չհավատացինք։ Իսկ հետո մեզանից քսան մետրի վրա տեսանք տղային։ Մեր հուզմունքը խոսքերով ուղղակի նկարագրելն անհնար է։ Մենք վազեցինք դեպի երեխան, նրան փաթաթեցինք բաճկոնի մեջ, չոր գլխարկ և զուգագուլպա հագցրինք, շոկոլադով տաք թեյ տվեցինք», – պատմել է Արթուրը պարբերականին։

Կամավորի խոսքով` Յարոսլավը բավական առողջ տեսք ուներ և այդքան էլ վախեցած չէր։

«Չէր լացում, միայն ասաց, որ սունկ հավաքելու էին գնացել, իսկ հետո նա կորավ։ Այնպիսի զգացողություն է, որ նա նույնիսկ չի նկատել, որ մի ամբողջ օր է անցել։ Ամենից շատ Յարոսլավը զարմացել է`իմանալով, թե որքան մարդ է նրան փնտրում, որ նույնիսկ ուղղաթիռով էին նրան որոնում», – ասում է Շտոյանը։

Նախնական տվյալների համաձայն` երեխայի առողջական վիճակը բավարար է, սակայն ամեն դեպքում նրան հետազոտելու համար շտապօգնության ավտոմեքենայով տարել են մարզի մանկական հիվանդանոց։

Երեխան կորել էր հոկտեմբերի 14-ին, Նիժոգորոդսկի մարզի Բորսկի շրջանի Կերժենեց գյուղի մերձակայքում` սունկ հավաքելիս։ Մինչ երեխայի մայրը զբաղված էր 1.5 տարեկան կրտսեր բալիկով, Յարոսլավը վազել է անտառ անհայտ ուղղությամբ։

armeniasputnik.am