Forbes պարբերականի ռուսական գործակալությունը կազմել և հրապարակել է Ռուսաստանի 200 խոշոր մասնավոր ընկերությունների վարկանիշը: Այստեղ ընդգրկված ընկերությունների համախառն հասույթը 2016 թվականի արդյունքներով աճել է 4.9%-ով և կազմել շուրջ 32.2 տրիլիոն ռուբլի: Ընկերությունների միջին տարիքը 21 է, իսկ աշխատակիցների ընդհանուր թվաքանակը՝ 3.3 մլն մարդ:
Ռուսաստանի 200 խոշոր մասնավոր ընկերությունների վարկանիշը գլխավորում է «Лукойл» ընկերությունը, որը 2016 թվականի արդյունքներով ապահովել է 4,743 տրիլիոն ռուբլու հասույթ: Ընկերությունում աշխատում է շուրջ 105.5 հազար մարդ:
Ռուսական խոշորագույն մասնավոր ընկերությունների վարկանիշի երկրորդ հորիզոնականում «Магнит» ընկերությունն է, որի տարեկան հասույթը կազմել է 1,074 տրիլիոն ռուբլի: Երրորդ հորիզոնականում «X5 Retail Group»-ն է՝ 1,033 տրիլիոն ռուբլի տարեկան հասույթով: Առաջին հնգյակում հայտնվել են նաև «Сургутнефтегаз» ընկերությունը (1,005 տրիլիոն ռուբլի) և «Мегаполис» ընկերությունների խումբը (638 մլրդ ռուբլի):
«VEON» խումբը, որը Beeline բրենդի ներքո ծառայություններ է մատուցում նաև Հայաստանում, վարկանիշի 6-րդ հորիզոնականում է՝ 593,5 մլրդ ռուբլի տարեկան հասույթով: 7-րդ հորիզոնականում «Татнефть» ընկերությունն է (580,1 մլրդ ռուբլի), 8-րդում՝«Норильский никель»-ը՝ 544,3 մլրդ ռուբլի: 9-րդ և 10-րդ հորիզոնականներում համապատասխանաբար «Новатэк» (537,3 մլրդ ռուբլի) և «US RUSAL» (533,5 մլրդ ռուբլի) ընկերություններն են:
Ռուսաստանաբնակ հայազգի գործարար Սամվել Կարապետյանին պատկանող «ՏԱՇԻՐ ԳՐՈՒՊ»-ը Ռուսաստանի խոշոր մասնավոր ընկերությունների վարկանիշում 34-րդն է: 2016 թվականի արդյունքներով ընկերության հասույթը կազմել է 195 մլրդ ռուբլի: «Տաշիր» ընկերությունների խումբը հիմնադրվել է 1990-ական թվականներին և ներդրումային ծրագրեր է իրականացնում շինարարության, էներգետիկայի և անշարժ գույքի ոլորտներում: Աշխատակիցների ընդհանուր թվաքանակը կազմում է շուրջ 45 հազար մարդ: