ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի է ունենում Հայաստանի համար բարենպաստ պայմաններում. Ալեքսանդր Մանասյան
Advertisement 1000 x 90

ՀՀ և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի է ունենում Հայաստանի համար բարենպաստ պայմաններում. Ալեքսանդր Մանասյան

Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը տեղի է ունենում Հայաստանի համար բարենպաստ պայմաններում: «Արմենպրես»-ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը նշեց, որ աշխարհաքաղաքական տեսանկյունից  տեղի են ունենում հետաքրքիր զարգացումներ, որոնք շահեկան են Հայաստանի համար:

Վերջին 2, 3 տարիների ընթացքում կարևոր տեղաշարժեր են եղել: «Եվրոպան հասկացել է, թե ում հետ գործ ունի և վերջին բացահայտումները` կապված ադրբեջանական լվացքատան, մարդու իրավունքների շարունակական խախտման հետ, Եվրոպային հուշել են, որ այլևս չի կարող Ադրբեջանին հին ձևով հանդուրժել Եվրոպայի խորհրդի կազմում: Հետևաբար` ձեռնարկում է դաստիարակչական քայլեր: Սկսում է մի երկար գործընթաց, որի ընթացքում փորձում է փոխել այդ երկիրը, ինչպես անում է Թուրքիայի դեպքում: Այս իրավիճակում Ադրբեջանն արդեն կներկայանա ոչ թե որպես երկիր, որը բարձր ձայնով խոսում է ժողովրդավարության մասին, Հայաստանին էլ մեղադրում ագրեսիայի մեջ, այլ նա դեռ պետք է ապացուցի, որ արժանի է լինել եվրոպական ընտանիքի անդամ»,-ասաց Ալեքսանդր Մանասյանը: Ըստ նրա`այդ իմաստով Ադրբեջանն ու Թուրքիան դառնում են նույն գործընթացներում հայտնված պետություններ, աշխարհը, ի դեմս Եվրոպայի, փորձում է փոխել այդ երկրների քաղաքական վարքը:

Մյուս կողմից, ըստ քաղաքագետի, նույն Եվրոպան ամենայն հավանականությամբ Հայաստանի հետ կունենա փաստաթուղթ, որի գլխավոր բովանադակությունն այն է, որ համակրում է Հայաստանին, համարում է  քաղաքակրթական արժեքներ դավանող  պետություն: Ալեքսանդր Մանասյանը նկատեց, որ նման ուղերձ Հայաստանն ստացել է նաև ԱՄՆ-ից: Երբ ընթանում էին ՀԱՊԿ զորավարժությունները, ամերիկյան գեներալը հայտարարել է, որ Հայաստանի հետ խորացնում են ռազմական համագործակցությունը, և ռուսական զորքերն այդ հարցում չեն խանգարում: Չինաստանի ԱԳՆ-ն էլ նշել է, որ Հայաստանն իր արտաքին քաղաքական առաջնահերթություններից է:

«Եվրոպայից, ԱՄՆ-ից ստացված ուղերձները տրամագծորեն հակառակ բովանդակությունն ունեն Ադրբեջանի համար: Ինչպես տեսնում եք, որ շատ լավ քաղաքական իրավիճակ է, այս պայմաններում է տեղի ունենում Հայաստանի, Ադրբեջանի նախագահների հանդիպումը: Քաղաքագետներն ասում են, թե պահը հարմար է Ղարաբաղի հարցում բացահայտ գրոհների անցնելու համար, սակայն կարծում եմ` շտապել պետք չէ: Մենք պետք է դանդաղ, հետևողականորեն քայլ առ քայլ, բառ առ բառ ամրապնդենք մեր դիրքերը: Ինչպես նաև շարունակենք ամրապնդել մեր կապերը Եվրոպայի, ԵԱՏՄ-ի, Իրանի, ԱՄՆ-ի հետ: Ղարաբաղյան հակամարտության մեջ էլ այս բարենպաստ շրջանում աշխատենք փոխել խնդրի աղճատված կերպարը: Ադրբեջանի` որպես ցեղասպան պետության կերպարը, չի արտացոլվում որևէ փաստաթղթում, մեր խնդիրն է տանել այդ գործն առաջ»,-ասաց նա:

Ինչ վերաբերում է ՀՀ-ի, Ադրբեջանի նախագահների՝ հոկտեմբերի 16-ին Ժնևում ընթացող բուն հանդիպմանը, ապա Ալեքսանդր Մանասյանը նշեց, որ վճռական ճեղքումների ականատես չենք լինելու, Ադրբեջանը մնում է իր դիրքերին, Հայաստանն էլ պաշտպանում է իր շահերը:

«Հանդիպմանը, կարծում եմ, կխոսվի անվտանգության հարցերից: Լուրջ ակնկալիքներ ունենալ պետք չէ, սակայն այս հանդիպումներն անհրաժեշտ են, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում բանակցային գործընթացը կանգ չառնի»,-հավելեց քաղաքագետը:



Նման նյութեր