ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության հիդրոմետ ծառայության տեղեկացմամբ` հոկտեմբերի 16-ին հանրապետության երեք մարզերում` Լոռիում, Տավուշում և Գեղարքունիքում գրանցվել են ուժեղ քամիներ: «Արմենպրես»-ի հետ զրույցում Լոռու մարզային փրկարարական վարչության պետ Կարեն Հովհաննիսյանը տեղեկացրեց, որ Լոռիում ուժեղ քամիներ են գրանցվել և դրանց հետևանքով երկու քաղաքներում` Ստեփանավանում և Տաշիրում ավերածություններ են արձանագրվել:
«Ստեփանավան քաղաքում քամու հետևանքով կոտրվել են էլեկտրասյուներն ու ընկել գազատարի վրա, ինչից տեղի է ունեցել գազի արտահոսք՝ հրդեհի բռնկումով»,- ասաց նա՝ հավելելով, որ Տաշիր քաղաքում ևս ավերածություններ են եղել, որոնց չափերը դեռ ճշտվում են:
Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության տեղեկացմամբ` մարզում որևէ ավերածություն չի գրանցվել:
Տավուշի մարզի Իջևան քաղաքից ահազանգ է ստացվել այն մասին, որ Մ-4 ավտոճանապարհի Իջևան-Դիլիջան հատվածի 15-րդ կմ-ին ծառ է ընկել, ինչից ավտոճանապարհը դարձել է միակողմանի երթևեկելի․ անհրաժեշտ է օգնություն։
Դեպքի վայր է մեկնել թիվ 62 ՀՓՋ-ից մեկ մարտական հաշվարկ: Հրշեջ-փրկարարները մասնատել են ծառը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից:
Դիլիջան քաղաքից էլ ահազանգ է ստացվել այն մասին, որ Դիլիջանի ոլորաններում՝ «Հաղարծին» հյուրանոցի մոտակայքում, քամուց ծառի ճյուղ է կոտրվել, ընկել երթևեկելի հատվածում և խանգարում է երթևեկությանը. անհրաժեշտ է օգնություն:
Դեպքի վայր է մեկնել թիվ 63 ՀՓՋ-ի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարները մասնատել են ծառի ճյուղը և հեռացրել ճանապարհի երթևեկելի հատվածից:
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից էլ մեզ տեղեկացրին, որ ինչպես և նախապես զգուշացվել էր, նշված երեք մարզերում քամու ուժգնացում գրանցվել է: Հոկտեմբերի 17-ին նման երևույթներ չեն սպասվում: