Գեղարքունիքում հոկտեմբերի 16-ին տեղացած անձրևը, որը որոշ տեղեր գիշերային ժամերին փոխվել է ձյան, շատ տնտեսություններում խաթարել է կարտոֆիլի բերքահավաքի ընթացքը՝ այն հետաձգելով ևս մի քանի օրով:
Ինչպես տեղեկացրին Գեղարքունիքի մարզի մի շարք համայնքների ղեկավարներ, հետկեսօրին տեղացել է առատ անձրև, որն ուղեկցվել է քամու ուժգնացմամբ, անմիջապես ընդհատվել են բերքահավաքի եռուն աշխատանքները կարտոֆիլի դաշտերում, նույնիսկ հնարավոր չի եղել ցեխոտ դաշտերից տեղափոխել պարկերի մեջ լցված բերքը:
«Բեռնատար մեքենաներն ի վիճակի չէին դաշտեր մտնելու և հավաքած բերքը բեռնելու: Տարբեր համայնքների տնտեսություններում դեռ չհավաքած է մնում կարտոֆիլի, կաղամբի, գազարի բերքի մոտ 30 տոկոսը: Տեղումներն այնքան առատ են, որ առաջիկա մի քանի օրերին դժվար թե հողը չորանա, ձյունը հասել է մինչև մեր գյուղի փեշերը: Եթե գոնե մի շաբաթ ժամանակ տա, մարդիկ կհասցնեն հավաքել բերքը, թեև ցրտահարության վտանգն էլ առկա է գիշերային ժամերի ընթացքում: Մարդիկ ամբողջ տարին պայքարեցին երաշտի դեմ, հիմա էլ ջանում են օր առաջ անկորուստ հավաքել բերքը, սակայն եղանակային անբարենպաստ պայմաններն, այդուհանդերձ, անում են իրենց գործը»,- ասաց Շատվանի գյուղապետ Լյովա Աբրահամյանը:
Նույն աղբյուրի հավաստմամբ՝ պարենային կարտոֆիլը տեղում վաճառվում է 120-130 դրամով, ինչը մոտ 20-30 դրամով բարձր է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի շուկայական գնից: