Մարոկկոյում ներկայում բնակվում է 100-110 հայ: Տարբեր ժամանակներում Մարոկկոյում հայ համայնքը երբևէ մեծաթիվ չի եղել: Հայերը Մարոկկոյում հաստատվել են հիմնականում Մեծ Եղեռնից, որոշ ընտանիքներ` Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո:
Ինչպես «Արմենպրես»–ի հետ զրույցում նշեց Մարոկկոյի հայ համայնքում ՀՀ սփյուռքի նախարարի խորհրդական Պողոս Կարապետյանը, Մարոկկոյի հայ համայնքի ձևավորման մասին հստակ տեղեկությունները քիչ են: Կան տեղեկություններ, որ համայնքը կազմավորվել է 1920-ական թվականներից: Հայկական բարեգործական ընդհանուր միության արխիվներն էլ վկայում են, որ 1931 թվականին Կասաբլանկայում կազմավորվել է միության առաջին մասնաճյուղը:
«Չնայած այստեղ հայերը երկար տարիներ առաջ են հաստատվել, սակայն նրանք հայկական մշակութային կենտրոններ կամ դպրոցներ չեն ունեցել: Մարոկկոյում առաջին հաստատված հայերից է Սուրմենյան ընտանիքը, որը հետագայում հիմնել է արդյունաբերական ձեռնարկություններ, մասնավորապես, կաուչուկի գործարան: Ներկայում Կասաբլանկայում ապրում են այդ ընտանիքի սերնդի ներկայացուցիչները՝ Վահրամ Սուրմենյանը և թոռը՝ Նարեկը»,- ասաց Պողոս Կարապետյանը:
1950-ական թվականի տվյալներով Մարոկկոյում բնակվել է շուրջ 400 հայ: Նրանցից հայտնի են Սողոմոն Թեհլերյանը, ով հաստատվել է Կասաբլանկայում և այլք: Հայերը Մարոկկոյում զբաղվել են առևտրով ու արհեստներով: Կասաբլանկայում և Ռաբաթում սուրճի, նպարեղենի և այլ ապրանքների առևտրում հայտնի են եղել Հարությունյանների, Պալթայանների ընտանիքները: Հագուստեղենի և կտորեղենի առևտրով են զբաղվել Ափիկյան եղբայրները և Սալիպյան ընտանիքը: Համայնքում հայտնի են եղել բժիշկ Արթահելվաճյանը, ճարտարագետ Պերճ Վարժապետյանը և ուրիշներ:
Պողոս Կարապետյանի խոսքով, այսօր էլ հայերը ակտիվ աշխատում են տարբեր ոլորտներում: Բժշկության ոլորտում գործունեություն է ծավալում Հովհաննես Դուրյանը, գիտության ոլորտում՝ Հ. Սյուլահյանը, Է. Ռամիչյանը տեքստիլի գործարանի տնօրեն է, Գևորգ Համամճյանը ռեստորանների սեփականատեր է և այլք:
Չնայած համայնքը փոքրաթիվ է, Պողոս Կարապետյանը նշեց, որ այդուհանդերձ այն առանձնապես կազմակերպված չէ: Պողոս Կարապետյանը նկատեց նաև, որ մարոկկացիների շրջանում զգալի աշխատանք կա կատարելու Հայաստանի մասին տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ: