Երբ հրապարակվեց Հայաստանի և ԵՄ–ի միջև ստորագրվելիք համաձայնագրի տեքստը, հասարակության շրջանում բուռն քննարկում ծավալվեց, և ուշադրության կենտրոնում հայտնվեց Հայաստանի ատոմակայանը։ Sputnik Արմենիայի սյունակագիր Ռուբեն Գյուլմիսարյանը մտորում է, թե ինչով էր պայմանավորված այդպիսի բուռն արձագանքը։
Այսօրվա իշխանության նկատմամբ կարելի է տարբեր աստիճանի ընդդիմադիր լինել` «փափուկից» մինչև անզիջում, բայց չարժի ասել, որ իշխանությունն ինքնասպանության հակվածություն ունի։ Այդ տեսանկյունից այդքան էլ հասկանալի չէ Մեծամորի ԱԷԿ-ի ապագայի շուրջ բարձրացած աղմուկը, որը սկսվեց Հայաստանի և ԵՄ-ի միջև համաձայնագրի տեքստի հրապարակումից հետո։
Բոլորի աչքը զարնեց Մեծամորի ԱԷԿ-ը փակելու վերաբերյալ պահանջը։ Պետք չէ մոռանալ, որ նմանատիպ պահանջներ էին հնչում նախկին ԽՍՀՄ բոլոր այն հանրապետությունների և Արևելյան Եվրոպայի երկրների հասցեին, որոնք ատոմային էլեկտրակայաններ ունեին։ Եվ այդ երկրները կատարեցին իրենց առջև դրված պահանջները, և ի տարբերություն Հայաստանի` նրանք ԵՄ-ի անդամակցություն ստացան։ Մենք այդ մասին չենք մտածում։
Ակնհայտ է, որ Հայաստանի ԱԷԿ-ի փակումն այսօր առկա հանգամանքներում հավասարազոր է ոչ միայն գործող իշխանության, այլև ամբողջ պետության ինքնաբացարկին։ Այդ պատճառով կարելի է համոզված լինել, որ ատոմակայանը չի փակվի։ Այն երկրները, որոնք դիմել են այդ քայլին, իրենց էլեկտրաէներգիայով ապահովելու այլընտրանքային հնարավորություն ունեին, մենք նման հնարավորություն չունենք, և նույնիսկ եթե Հայաստանը հենց այսօր սկսի քրտնաջան աշխատել այլընտրանք ստեղծելու համար, գործընթացը երկար տարիներ կտևի, եթե ոչ տասնամյակներ։
Այն, որ Հայաստանի ԱԷԿ-ը փորձում են փակել հարևան երկու պետությունները, հասկանալի է։ Եվրամիության ինչի՞ն է պետք, այդքան էլ տրամաբանական չէ, առավել ևս, որ ՄԱԳԱՏԷ-ն հայտարարում է կայանի անվտանգության մասին: Բայց, այնուամենայնիվ, սա փաստ է, և այն պետք է հաշվի առնվի:
Ատոմակայանը պետք է մի պարզ պատճառով, որպեսզի չվերադառնան հիշողության մեջ մխրճված տերպետրոսյանական տխուր տարիները. Հայաստանը երկրորդ անգամ չի դիմանա մութ ու ցուրտ տարիների։ Ինչ վերաբերում է այն խոսակցություններին, թե ԱԷԿ-ի փակումը կանդրադառնա էներգետիկ անկախության ու անվտանգության վրա, ապա այս հարցում մի փոքր անհամապատասխանություն կա. բանն այն է, որ նույնիսկ ԱԷԿ-ի հետ Հայաստանը չի կարող հայտարարել էներգետիկ անկախության մասին։ Անկախությունն այս առումով իրական կլիներ այն դեպքում, եթե երկիրն ուրանի արտադրություն ունենար, բայց չէ՞ որ Հայաստանն այսօր կախում ունի ուրանի մատակարարներից:
Բնականաբար, այս ամենը հիանալի գիտակցում են հայկական իշխանությունները, և առաջին մեկնաբանությունները, որոնք հնչեցին նրանց շուրթերից, հաստատում են այդ գիտակցումը։ «Հայաստանի ատոմային էլեկտրակայանը չի փակվի և կշահագործվի այնքան, քանի դեռ ներկայիս ռեսուրսները չեն սպառվել։ Մեծամորի ատոմակայանի ռեսուրսն անվերջ չէ, և, բնականաբար, որոշակի ժամանակ հետո այն, այսպես թե այնպես, պետք է դուրս գա շահագործումից», — Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարի մամուլի քարտուղար Վասակ Թարփոշյանը և ավելացրեց, որ ԵՄ-ի հետ համաձայնագրի տեքստում նշված չեն ատոմային էլեկտրակայանը փակելու ժամկետները։
Ամբողջությամբ՝ armeniasputnik.am