Հայտնի ջութակահար Նիկոլայ Մադոյանը «Գինեսի» ռեկորդակիր է դարձել 2017 թվականի փետրվարի 11-12-ը Երևանի Կոմիտասի անվան Կամերային երաժշտության տանը 33 ժամ, 2 րոպե, 41 վայրկյան անընդմեջ նվագով: Նա ժամը մեկ հինգ րոպե դադարի հնարավորություն է ունեցել: Մադոյանը ռեկորդը սահմանել է հանուն հայրենիքի և այն նվիրում է Արցախյան քառօրյա պատերազմի անմահ հերոսներին:
Այս մասին հոկտեմբերի 18-ին լրագրողների հետ հանդիպմանը խոսեցին ջութակահարը և «Դյուցազնագրքի» հեղինակ, Դյուցազունների ասոցիացիայի նախագահ Վարդան Թովմասյանը:
«Ռեկորդը գրանցելու համար ընտրել եմ 59 հանրահայտ և բավականին բարդ ստեղծագործություններ: Ներառել եմ նաև չորս հայկական գործեր` Կոմիտասի «Ծիրանի ծառ»-ը, «Քելեր, ցոլեր»-ը, «Կռունկ»-ը և Էդվարդ Բաղդասարյանի «Նոկտյուրն»-ը»»,- նշեց ջութակահարը:
Նա ընդգծեց, որ ութ ժամում 59 ստեղծագործությունները կրկնվել են ութ անգամ, սակայն ինքը դրանցից յուրաքանչյուրը յուրովի է մատուցել, նոր մեկնաբանությամբ:
Նիկոլայ Մադոյանի խոսքով` այդ փորձն իրեն հիանալի հնարավորություն է տվել ստուգել իր տեխնիկական հնարավորությունները:
«Ես կարողացա գտնել մեթոդներ ու միջոցներ, որոնք ինձ թույլ տվեցին ժամեր շարունակ նվագելով հանդերձ բարելավել ծանրաբեռնված մկաններիս վիճակը ու շարունակել նվագը»,- շեշտեց ջութակահարը:
Անդրադառնալով «Գինեսի» ռեկորդակիր լինելու ընձեռած լայն հնարավորություններին` նա ասաց, որ այդ հանգամանքը յուրաքանչյուր արտիստի առաջ մեծ դռներ է բացում:
«Եթե համերգային ծրագրի համար նախատեսված պաստառի վրա նշվում է, որ տվյալ երաժիշտը «Գինեսի» ռեկորդակիր է, նրա նկատմամբ հետաքրքրությունը զգալիորեն մեծանում է»,- եզրափակեց Մադոյանը:
Վարդան Թովմասյանի խոսքով` Նիկոլայ Մադոյանը ևս մեկ ռեկորդ է սահմանել, որը ներկայացվել է «Գինեսի» ռեկորդների գրասենյակ, սակայն դրա պատասխանը դեռ չի ստացվել:
«Նա Նիկոլայ Ռիմսկի-Կորսակովի «Բոռի թռիչքը» ստեղծագործությունը սովորական ջութակով նվագել է 46 վայրկյանում, իսկ անգլիացի մի երաժիշտ էլեկտրական ջութակով նույն գործն ավելի երկար է նվագել»,- ասաց Թովմասյանը և հավելեց, որ Հայաստանում Նիկոլայ Մադոյանն առաջին ռեկորդակիրն է մշակութային ոլորտում: