ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայությունն ամեն տարի էական գումարներ է հատկացնում ներկայացուցչական ծախսերի համար: ԱԱԾ-ի կատարած գնումների պայմանագրերի ուսումնասիրությամբ armtimes.com-ը պարզել է, որ այս կառույցը 2017 թվականին միայն ներկայացուցչական ծառայությունների ձեռքբերման թվով 42 պայմանագիր է կնքել:
ԱԱԾ-ի, այսպես ասենք, հիմնական գործընկերներն են՝ Երեւանի կոնյակի գործարանը, «Անի» հյուրանոցը, «Էլիտ բաս» ընկերությունը, «Երեւանյան գիշերներ» ռեստորանը, «Արքայաձոր» ռեստորանային համալիրը, «Ուռենիներ» ռեստորանը, «Շիրակ» հյուրանոցը, ճաշկերույթ կազմակերպող «Սել» ընկերություն եւ «Երեւան պանդոկը»:
Այսպես, ԱԱԾ-ի հյուրերը տեղափոխվում են մայրաքաղաքում ամենահայտնի տուրիստական ուղղություներ սպասարկող եւ քաղաքացիներին տեղափոխող ընկերությունների կողմից՝ Հյուր սերվիսի եւ «Էլիտ բաս» ընկերության կողմից:
«Էլիտ բաս» ընկերության հետ այս տարի կնքվել է 115 հազար եւ 80 հազար դրամ արժեքով երկու պայմանագիր, որով տեղափոխվել են ԱԱԾ-ի հյուրերը: Հյուր սերվիսի հետ կնքվել է 430 հազար դրամ արժողությամբ մեկ պայմանագիր:
«Պեռնո ռիկար Արմենիա» ԲԲԸ-ն, որը հանդիսանում է Երեւանի կոնյակի գործարանի իրավական հիմնադիրը, ԱԱԾ-ին կոնյակ մատակարարող հիմնական ընկերությունն է: Միայն այս տարի Ազգային անվտագության ծառայությանը կոնյակներ մատակարարելու թվով 7 պայմանագիր է կնքվել: Բոլորը միասին վերցրած կազմել են մոտ 4 միլիոն դրամ (3 միլիոն 968 հազար 300 դրամ): Մատակարարվել են «Ախթամար», «Ընտիր» եւ «Նաիրի» տեսակի կոնյակներ, երբեմն էլ հուշանվերի տուփերով: Նշենք, որ կոնյակների այս տեսակները միջինից բարձր են համարվում, քանի որ ամենաքիչ հնեցումն այս կոնյակների 10 տարվա է, իսկ «Նաիրի» կոնյակը 20 տարվա հնեցում ունի, որը շարքային քաղաքացիների համար դասվում է ոչ մատչելի խմիչքների ցանկում:
«Սել» ընկերության հետ կնքվել է 2 պայմանագիր: Առաջին պայմանագրով, որի արժեքը կազմել է 278 հազար դրամ, կազմակերպվել է թվով 35 անձի համար ճաշկերույթ, որտեղ մեկ անձի համար նախատեսված գումարը կազմել է մոտ 8 հազար դրամ: Այս ընկերության հետ կնքված երկրորդ պայմանագրով էլ վճարվել է նույն գումարը նույն թվով անձանց համար ճաշկերույթ կազմակերպելու համար:
«Անի պլազա» հյուրանոցի հետ, որն ամենամոտն է ԱԱԾ-ի վարչական շենքին, կնքվել է հյուրանոցային ծառայություներ մատուցելու թվով 7 պայմանագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 3.5 միլիոն դրամ (3 միլիոն 575 հազար 200 դրամ): Այս պայմանագրերից ամենաթանկը կազմել է 2.2 միլիոն դրամ, որով հյուրանոցը ԱԱԾ-ին է տրամադրել 2 հատ լյուքս եւ 13 հատ ստանդարտ համարներ, կոնֆերանս դահլիճը եւ 3 օր 34 անձի համար ճաշ եւ ընթրիք է մատուցել:
«Երեւանյան գիշերներ» ռեստորանի հետ (Վիկտորի կոնցեռն) կնքվել է թվով 3 պայմանագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է մոտ 1 միլիոն դրամ: Պայմանագրերում չի նշվել, թե կազմակերպված ճաշկերույթներին քանի անձ է մասնակցել:
«Արքայաձոր» ռեստորանը (Ֆրիզե ՍՊԸ) ԱԱԾ-ի հետ ունի կնքած 2 պայմանագիր, որոնց ընդհանուր արժեքը կազմել է 1 միլիոն 270 հազար դրամ: Այս ռեստորանի ծառայություններից օգտվողների թիվը կրկին նշված չէ պայմանագրերում:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: