Նախկին խորհրդային ու ուկրաինական մարմնամարզուհի Տատյանա Գուցուն պատմել է այն մասին, որ 26 տարի առաջ, գերմանական Շտուտգարդում մրցումների ժամանակ իրեն բռնաբարել է հայտնի խորհրդային և բելոռուս մարմնամարզիկ Վիտալի Շչերբոն:
Ըստ life.ru-ի, իր անցյալի ամենասարսափելի իրադարձություններից մեկի մասին հիշողություններով կրկնակի օլիմպիական չեմպիոնուհին կիսվել է Ֆեյսբուքում իր բաժանորդների հետ:
«Վիտալի Շչերբոն մոնստր է, ում պատճառով ես շատ տարիներ ապրել եմ սեփական վախերի գերության մեջ: Ես գիտեմ, դու կփորձես պաշտպանվել, սակայն իմ մանրամասները քո բառերից շատ ավելի ուժեղ են: Ես հիմա ավելի ուժեղ եմ, քան երբևէ: Դու այլևս ինձ չես ստորացնի»,- գրել է Գուցուն:
Մարզուհին բռնաբարության զոհ է դարձել 15 տարեկան հասակում, Շչերբոն այն ժամանակ 19 տարեկան էր: Ինչպես պնդում է Գուցուն, հավաքականի առնվազն երկու անդամներ գիտեին այդ հանցագործության մասին, սակայն ոչինչ չեն արել իրեն փրկելու մասին:
«Շնորհակալություն քեզ, Տատյանա Տորոպովա, ում ես իմ ընկերուհին էի համարում, որ դու ինձ չպաշտպանեցիր, երբ ես ամենից շատն էի քո կարիքը զգում: Ես կարիք ունեի, որպեսզի դու պայքարես ինձ և կանանց իրավունքների համար՝ այդպիսի սարսափելի հանցագործությունների դեմ: Դու այնտեղ ես եղել ու ամեն ինչ լսել ես: Սակայն չպաշտպանեցիր ինձ: Ռուստամ Շարիպով, քեզ նույնպես շնորհակալություն: Դու լավ ընկեր էիր Շչերբոյի համար և չպաշտպանեցիր ինձ, փոքրիկ 15-ամյա աղջկան»,- հայտարարել է Գուցուն:
Նախկին մարզուհին խոստացել է, որ կպաշտպանի ցանկացածին, ով կխիզախի իր կյանքից նման պատմություն պատմել:
Տատյանա Գուցուն օլիմպիական երկու ոսկե մեդալների տեր է, որը նա նվաճել է Բարսելոնում 1992թ. խաղերի ժամանակ: Վիտալի Շչերբոն վեցակի օլիմպիական չեմպիոն է: