Իրաքից Հայաստան ժամանած քուրդ Ազա Աբրահամյանն ու նրա հայուհի կինը`Աննա Մարգարյանը, հանդիպել ու ծանոթացել են պատահաբար, խանութում։ Ծանոթությունը վերածվել է սիրո ու ավարտվել ամուսնությամբ։
Աննան խոստովանում է՝ մինչ այդ քրդերի մասին գրեթե ոչինչ չգիտեր, բայց սիրտը թելադրել է ընդունել Ազայի ամուսնության առաջարկն ու համաձայնել ապրել Իրաքում։
Թե՛ հայ աղջկա և թե՛ քուրդ տղայի ընտանիքները դեմ են եղել նրանց միությանը, բայց, ի վերջո, սերը հաղթել է։
«Հետաքրքիր ժողովուրդ են քրդերը։ Սիրում են հայերին, հարգում են, ինձ շատ լավ ընդունեցին, վերաբերմունքն իմ նկատմամբ իդեալական է»,– ասում է Աննան։
«Ես չէի էլ պատկերացնում, թե ուր եմ գնում։ Բայց տեսա ծաղկող պետություն, կայացած հասարակություն, որը շատ բարձր է գնահատում կրթությունը»,– Իրաքի քրդական հատվածի մասին իր առաջին տպավորությունն է ներկայացնում Աննան։
Կրոնի տարբերությունը երիտասարդ կնոջը չի խանգարում։ Քրդերն իսլամի հետևորդներ չեն։ Նրանց կրոնը շատ լիբերալ է, իսկ ազգային ավանդույթները հայաստանյան գյուղում մեծացած աղջիկը նմանեցնում է իրենց գյուղի բարքերին, և իրեն այդ միջավայրում հարազատ է զգում։ Ամուսնու ընտանիքը հպարտ է, որ հայ հարս ունի։
Փոխարենը, հայ համայնքի հետ հանդիպումն Աննայի վրա շատ ավելի ծանր է նստել։ Համայնքն ունի դպրոց, համայնքային կառույցներ, բայց չի պահպանել ազգային լեզուն ու մշակույթը։
«Նրանք գիտեն միայն, որ էթնիկ հայ են։ Հայերեն չեն խոսում, Հայ առաքելական եկեղեցում արարողությունները կատարվում են արաբերեն և քրդերեն։ Համենայնդեպս, ես հայկական ոչինչ չեմ տեսել»,– ասում է նա։
Հետաքրքրական է, որ ազգային մշակույթը չպահպանած ազգակիցները սվիններով են ընդունել քուրդ երիտասարդի հետ ամուսնացած ու Հայաստանից հեռացած կնոջը։
«Նրանք ինձ ընդհանրապես չընդունեցին և հայտարարեցին, որ չեմ կարող ինձ համարել հայ համայնքի անդամ։ Փորձում եմ նրանց հասկանալ, ստեղծված իրավիճակում իրենք արդեն ունեն հայության պահպանման խնդիր, շատ քիչ են մնացել։ Եթե ձուլվեն, տարիներ անց այս համայնքն էլ չի լինի»,– ասում է Աննան` չթաքցնելով, որ կցանկանար հայրենակիցների կողմից գոնե հանդուրժողական վերաբերմունքի արժանանալ։
Աննայի մեկնաբանությամբ՝ հայ համայնքի նման վերաբերմունքն ավելի շատ նախադեպը չընդունելու մտավախություն է։
«Նրանք վախենում են, որ եթե ինձ ընդունեն, ապա դա կարող է օրինակ դառնալ մյուսների համար»,– ասում է կինը։
Քուրդ ամուսինը կնոջ հետ նույնիսկ հայկական եկեղեցի է գնացել, բայց համայնքն, իմանալով, որ երիտասարդը հայ չէ, կանչել է Աննային ու խստորեն պատվիրել այլևս եկեղեցի չմտնել։
Աննա Մարգարյանը և Ազա Աբրահամը՝ Sputnik Արմենիայի տաղավարում:
Հայ և քուրդ երիտասարդների ամուսնությունը համընկավ Քրդստանի անկախության համար քրդերի մղած պայքարի, թերևս, ամենակարևոր իրադարձության հետ։ Սեպտեմբերի 25-ին իրաքյան քրդերն անկախության հանրաքվե անցկացրեցին։ 95%-ն «այո» ասաց անկախությանը, բայց հանրաքվեի արդյունքներն առ այսօր էլ իրավական ուժ չեն ստացել։
«Արդեն մեկ դարից ավելի է՝ մեր ազգը ցանկանում է պետություն ունենալ։ 1946 թ.–ի Իրաքում մենք հռչակեցինք Մահաբադ պետությունը, սակայն նրանք ոչնչացրեցին այն, և մենք մինչ օրս էլ շարունակում ենք մեր պայքարը սկզբում Սադամի, հետո` ռեժիմի դեմ։ Ու այսօր էլ այդ ճանապարհին ենք»,– ասում է Ազան։
Առաջին և, առայժմ, միակ քուրդ պատգամավորը իրաքյան խորհրդարանում մանդատ է ստացել ընդամենը 14 տարի առաջ` 2003 թ.–ին։
«Մենք չենք կարողանում իրաքցիների հետ լեզու գտնել, նրանք մեզ ճնշում են, կրճատում մեր աշխատավարձերը ու, քանի որ քաջ գիտակցում ենք, որ այդ պետության մեջ մեր ազգի ներկայացուցիչները համարվում են երկրորդական, անգամ՝ երրորդական մարդ, մենք էլ որոշել ենք անկախանալ»,– անկեղծանում է Ազան։
Թե ինչ կտա անկախության պայքարն ու ինչ է սպասվում իրաքյան քրդերին, երիտասարդ ամուսինները դժվարանում են կանխատեսել։ Հայաստանի անկախության սերնդի ներկայացուցիչ Աննան պատմում է, որ իրավիճակը փոխվում է ոչ թե օրերի, այլ ժամերի, վայրկյանների արագությամբ։
«Քրդստանի շուրջ որևէ կանխատեսում հնարավոր չէ անել, բայց այն, որ 40 միլիոնանոց ժողովուրդն իրավունք ունի պետություն ունենալու, փաստ է»,– ասում է Աննան։
Քուրդ ամուսինը վստահ է` իր ազգը մի օր, անպայման, ազատ է լինելու։ Հայ կինն ավելի իրատես է. նրա համոզմամբ՝ Քրդստանի անկախությունը գերտերությունների շահերի բախման թատերաբեմ է։