Փանոս Թերլեմեզյանի հուշերից
Advertisement 1000 x 90

Փանոս Թերլեմեզյանի հուշերից

Լույս է տեսել մեծանուն նկարիչ Փանոս Թերլեմեզյանի հուշագրությունը (Փանոս Թերլեմեզյան, «Կյանքիս հուշերը», հրատարակչությամբ «Թեքեյան» մշակութային միության, Երևան, 2017): Հուշերի բնագիրը հրատարակության է պատրաստել Երվանդ Տեր-Խաչատուրյանը, որը նաև գրքի առաջաբանի ու ծանոթագրությունների հեղինակն է:

Փանոս Թերլեմեզյանը, բացի մշակութային գործունեությունից, կյանքի տարբեր ժամանակահատվածներում ներգրավված է եղել նաև ազգային-հասարակական գործունեության մեջ: 1915թ. Պոլսից տեղափոխվել է Վան և մասնակցել է քաղաքի ինքնապաշտպանության կազմակերպմանը: Որպես ինքնապաշտպանությունը համակարգող մարմնի անդամ` Փանոս Թերլեմեզյանը ականատեսի աչքերով իր հուշերում ներկայացրել է այդ ժամանակահատվածում տեղի ունեցող իրադարձությունները, մասնավորապես՝ դրվագներ Դաշնակցության գործունեությունից:

ՁԵՌԱԳՐԵՐ

Ես դեռ Ախավանք չեկած՝ շատ էի մտահոգ Աղթամարի ձեռագիրների մասին: Դրսի տունը հասնելուս պես հարցրի, թե ձեռագրերը կղզիում են, թե դուրսը։ Եզնիկ վարդապետը, որ կաթողիկոսական տեղապահի պաշտոն էր կատարում, ինձ պատմեց, որ ձեռագրերը մի միջոց լեցված էին զանգակատանը, ուր, չորս կողմից բաց լինելով, անձրև էր ձգում վրանին, և. քամին էլ պոկոտում էր նրանց թերթերը։ Այդ պատճառով բերինք դուրս ու թափեցինք այն փոքր սենյակը, ուր հիմա գտնվում են։ Առաջարկեցի, որ անմիջապես ինձ թույլատրվի տեսնել նրանք: Եզնիկ վարդապետը, որի անվան վերջին «նիկ» վանկը սխալմամբ էր պահված, ինձ ընկերացավ, և մենք միասին տեսանք թանձր փոշիների մեջ իրար վրա թափթփված պատվական ձեռագրերը: Այդ բոլորովին փոքր խուցին կից կար մի ուրիշը, որի մեջ լեցված էին աշակերտների այբբենարանները: Այդ երկու խուցերն էլ առաջ հավի բուն էին եղած։ Ես մոտեցա և վերցրի այբբենարաններից մի քանիսը և թափ տալով փոշիները՝ բաց արի, տեսա՝ նրանց բոլորի երեսների վրա փակցրած էին մագաղաթներից մկրատված նկարներ։ Ւմ հուզումնալից վերաբերմունքը զայրույթի փոխվեց, և երբ մենք ճաշի հրավիրվեցինք, ուր սեղանին մասնակից էր «փաշա» մականվանյալ Դաշնակցության լիդեր Արամը: Ես շատ խիստ արտահայտվեցի և պահանջեցի, որ այդ թանկագին ձեռագրերը էջմիածին փոխադրվեն՝ իբրև ավելի ապահով մի տեղ։ Արամը, որ միամտություն ուներ կարծելու, թե ինձ նման անկուսակցական մի նկարչի հեշտ է իրենց փարախը մտցնել, սիրալիր էր դեպի ինձ։ Բացի դրանից, նա համոզվեց, որ ազգային բարձր կուլտուրայի այդ գանձերը պետք է փրկել և խոստացավ շուտով էջմիածին ուղարկել։ Ինչպես շատ գործերում՝ այս անգամ էլ նա իր խոստումը չկատարեց:

Ինն ամիս հետո, երբ Վանի գաղթը եղավ, Ախավանքում գտնված ձեռագրերը սնդուկների մեջ առագաստանավով բերում են Ավանց գյուղի նավահանգիստը և այնտեղ հաջողացնում են երեք սնդուկ ուղարկել էջմիածին, իսկ երկու սնդուկ ձգում են ծովը, որպեսզի թուրքերի ձեռք չընկնի: էջմիածին ուղարկված սնդուկներից մեկի միջից Դանիել վարդապետի անկողինն է դուրս բերվում, իսկ մյուս երկու սնդուկների ձեռագրերը այժմ գտնվում են մեզ մոտ։

Ախավանքում ես ընդօրինակեցի ինը լավագույն ձեռագրերի նկարները և լուսանցքային զարդերը: Այդ ընդօրինակությունները ինձ հետ լինելով՝ ազատվեցին կորստից: Գաղթից հետո, երբ մի կերպ Թիֆլիս հասա, և երբ ոչ հագուստ ունեի վրաս և ոչ փող՝ գրպանումս, այդ ձեռագրերի ընդօրինակությունները տարա Հայոց ազգագրական միության գրասենյակը, ուր ընկ. Լալայանը վերցրեց այդ կոպիները իրենց վարչական ժողովին ներկայացնելու: Բայց որովհետև շատ հավանեց, հանեց, երեք ռուբլի փող տվեց և մի էշի բեռ էլ խոստում, որ իբր թե իրենց վարչությունը շատ լավ պիտի գնահատի, ու հետո փողեր պիտի ստանամ: Իհարկե, ձգձգումի պատճառով ես հեռացա և փող չկարողացա ստանալ: Այժմ իմ այդ ինը ընդօրինակություններից միայն երեք հատ տեսած եմ մեր Պետական թանգարանում, իսկ մյուսները անհետացած են (298-299):

ilur.am