
Երևանում բացվել է XX դարի մեծագույն լուսանկարիչներից մեկի՝ կանադահայ Յուսուֆ Քարշի լուսանկարների ցուցահանդեսը:
Յուսուֆ Քարշ
1908 թվականին Արևմյտան Հայաստանում ծնված, ապա ընտանիքի հետ ծննդավայրից արտագաղթած Քարշը լուսանկարչությամբ է սկսել զբաղվել Կանադայում՝ սովորելով հորեղբոր Նաղաշի լուսանկարչական արվեստանոցում: Հետո շարունակել է ուսումը Բոստոնում, ապա հիմնել սեփական ստուդիան Օտավայում:
Ուինսթոն Չերչիլ, 1941
Քարշին մեծ համբավ են բերել նրա բազմաթիվ դիմանկարները: Դրանցից ամենահայտնին Ուինսթոն Չերչիլի հայտնի լուսանկարն է, որի ստեղծման ընթացքում, ըստ լեգենդի, Քարշը խլել է Մեծ Բրիտանիայի վարչապետից վերջինիս սիգարը, ապա անմահացրել Չերչիլի դեմքի դժգոհ արտահայտությունը: Լուսանկարը հետագայում հայտնվել էր Life ամսագրի շապիկին:
Երևանյան ցուցահանդեսի նախաձեռնողը թարգմանիչ Արտաշես Էմինն է: Երևանում հռչակավոր Քարշի աշխատանքների ցուցահանդեսի մասին նա մտածել է դեռևս լուսանկարչի կենդանության օրոք. «1997-ին Օտավայում էի: Պարզել էի, որ Քարշը քաղաքի կենտրոնի Cateau Laurier հյուրանոցում էր ապրում ու աշխատում՝ 7-րդ հարկում, իսկ առաջին հարկում էլ իր մշտական ցուցահանդեսն է): Հանդիպեցինք, ասացի՝ «Չե՞ս ամաչում՝ Հայաստանում չես եղել»։ Ասաց՝ «Ինձ ո՞վ ա կանչել, որ»։ Ասացի՝ «Պաշտոնապես կանչում եմ, համ էլ՝ արի ցուցահանդես էլ անենք»։ Կանչեց վերև, թարսի պես կինն էր այնտեղ, գործը փչացրեց։ Երևում էր, որ երկչոտություն էր գալիս վրան կնոջ ներկայությամբ։


Դրանից հետո ինչքան փորձեցի առանց կնոջ բռնացնել, չէր ստացվում, տպավորություն ունեի, թե չի ուզում, որ Հայաստանի հետ կապն ամրանա։ Չգիտեմ ինչու։ Հետո այդ կինը Բոստոնում լավ աշխատանքի առաջարկ ստացավ, ու ծերունի մարդուն իր հարյուր տարվա տաք տեղից քոքահան արեց, տարավ անծանոթ Բոստոն։ Մարդը չդիմացավ, 2002-ին մահացավ։


Իսկ ես այդ առաջին հանդիպումից ի վեր վիզ դրած փորձում էի կազմակերպել հայաստանյան ցուցահանդեսը: Ի վերջո Կանադայի կառավարությունը խառնելով ստացվեց։

Մի անգամ վաղուց Երևանում սիրողանկան փոքր ցուցադրություն եղել է, սակայն՝ ապօրինի, ալբոմից վատ արտատպած լլուսանկարներով։ Այս մեկը Կանադայի Պետական Արխիվների պաշտոնական արտոնությամբ իսկական բնօրինակ ժապավեններից տպված պատճեններ են, իր լավագույն գործերից շատերը կան»:
Մոհամեդ Ալի | Համֆրի Բոգարտ, 1946
Բերնարդ Շոու, 1943
Մայա Պլիսեցկայա, 1963
Ցուցահանդեսն անցկացվում է Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում՝ Կանադայի Համադաշնության կազմավորման 150-ամյակի կապակցությամբ: