Երեկ՝ հոկտեմբերի 22-ին, Ադրբեջանի զինված ուժերը խախտելով վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների Ժնևի հանդիպման ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունը, հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսարևելյան (Մարտակերտ-Մատաղիս) ուղղությամբ կիրառել են հրետանային զինատեսակներ, հայկական դիրքերի վրա արձակելով ականանետի 5 արկ և «ՍՊԱՅԿ» տիպի մեկ հակատանկային հրթիռ:
Ինչպես հայտնում են Արցախի ՊԲ-ից, կատարվածը փաստում է, որ, ինչպես միշտ, Բաքուն ոչ միայն հակված չէ ձեռքբերված պայմանավորվածությունը նպատակաուղղել հակամարտության խաղաղ կարգավորմանն ու չարդարացված կորուստների բացառմանը, այլև հակառակը՝ կանխամտածված սադրանքների միջոցով գնում է իրադրության ապակայունացմանը:
Հաշվի առնելով միջազգային հանրության և, մասնավորապես, ԵԱՀԿ Մինսկի խմբի կողմից ադրբեջանա-արցախյան հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված գործընթացների արդյունավետ իրականացման անհրաժեշտությունը, Արցախի զինված ուժերը ձեռնպահ են մնացել պատասխան գործողություններից: Սակայն դա ամենևին չի նշանակում, որ դեպքերը նման տրամաբանությամբ զարգանալու պարագայում հակառակորդի նախահարձակ գործողությունները մնալու են անպատասխան:
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունն ամենայն պատասխանատվությամբ Բաքվի ռազմաքաղաքական ղեկավարությանն զգուշացնում է, որ սադրանքները շարունակվելու դեպքում պատասխանը լինելու է անհամարժեք և բավականին ցավոտ:
Հիշեցնենք, որ հոկտեմբերի 16-ին ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Ժնևի ՄԱԿ-ի գրասենյակում և այլ միջազգային կազմակերպություններում Շվեյցարիայի մշտական ներկայացուցչի կեցավայրում կայացել են Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների բանակցությունները:
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները և ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները բանակցությունների արդյունքներով հանդես են եկել համատեղ հայտարարությամբ, որում մասնավորապես ասվում էր, որ նախագահները համաձայնել են միջոցներ ձեռնարկել բանակցային գործընթացն առաջ մղելու և հավելյալ քայլեր կատարել շփման գծում լարվածությունը նվազեցնելու նպատակով:
Մինչդեռ հանդիպումից երեք օր անց՝ հոկտեմբերի 19-ին, Արցախում ադրբեջանական կողմի կրակոցից 19-ամյա զինծառայող է զոհվել: Իսկ ահա երեկ, փաստորեն, Ադրբեջանը խախտեց շուրջ 4 ամիս տևած հարաբերական անդորրը և կրկին անցավ հրթիռների կիրառմանը: