Ի կատարումն Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարականի՝ հոկտեմբերի 28-ին սահմանամերձ զորամասերում ծառայող երևանաբնակ ժամկետային զինծառայողների ծնողների նախատեսված այցելությունները կազմակերպելու նպատակով արդեն իսկ ձեռնարկվել են անհրաժեշտ բոլոր քայլերը:
Այս մասին զեկուցվել է Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային խորհրդակցության ժամանակ:
Այցի կազմակերպման պատասխանատու, Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը զեկուցել է, որ այս անգամ զորամասերում իրենց որդիներին այցելելու ցանկություն են հայտնել ավելի քան 1600 երևանաբնակ զինծառայողների ծնողներ:
Զեկուցվել է նաև, որ ՀՀ պաշտպանության նախարարության հետ համագործակցությամբ իրականացվող ծրագրով այս անգամ ևս ծնողների այցի համար տրամադրված հարմարավետ ավտոբուսները կուղեկցեն ճանապարհային ոստիկանության մեքենաները, իսկ ավտոբուսներում ուղեկցողների թվում կլինեն նաև բժիշկներ: