Երևանը նոր լույսի ներքո. երևանցիները կարող են անվճար փոխանակել սովորական լամպերը էներգախնայող լամպերով
Advertisement 1000 x 90

Երևանը նոր լույսի ներքո. երևանցիները կարող են անվճար փոխանակել սովորական լամպերը էներգախնայող լամպերով

Երևանցիները մեկ շաբաթվա ընթացքում կարող են սովորական լամպերն անվճար փոխանակել LED լուսադիոդային լամպերով «Նոր լույսի ներքո» ակցիայի շրջանակում։

«Այսօր մենք տեղեկատվական արշավ ենք սկսում էներգախնայող տեխնոլոգիաների մասին։ Ակցիայի նպատակն է իրազեկել սովորական լամպերը LED լամպերով փոխանակելու հնարավորության մասին, ինչի շնորհիվ կարելի է 8 անգամ տնտեսել էլեկտրաէներգիայի ծախսը», – երկուշաբթի լրագրողներին ասաց ՄԱԿ–ի Զարգացման ծրագրի Կլիմայի փոփոխությունների ծրագրի համակարգող Դիանա Հարությունյանը։

«Նոր լույսի ներքո» ակցիան անցկացվում է Երևանում հոկտեմբերի 23–27–ը ՄԱԿ–ի Զարգացման ծրագրի և Գլոբալ էկոլոգիական ֆոնդի «Քաղաքային կանաչ լուսավորություն» ծրագրի շրջանակում, որն իրականացվում է ՀՀ բնապահպանության նախարարության և Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ։

Ցանկացողները կարող են սովորական լամպերը փոխանակել հատուկ տաղավարներում, որոնք հոկտեմբերի 23–25–ը գործելու են Հյուսիսային պողոտայում և մետրոյի «Երիտասարդական» կայարանի հարևանությամբ, իսկ հոկտեմբերի 26–ին և 27–ին` Գարեգին Նժդեհի հրապարակում և Նոր Նորքի 2–րդ զանգվածում։ Տաղավարները գործելու են ժամը 12։00–ից մինչև 20։00–ն։

Հարությունյանի խոսքով, ակցիայի շրջանակում նախատեսվում է փոխանակել 2800 լամպ։

newsarmenia.am