Ռուսաստանի արևելյան հատվածում՝ Խաբարովսկի երկրամասում, արտադրվում են նոր և ժամանակակից «Սուխոյ Սուպեր Ջեթ» տեսակի ինքնաթիռներ: Ռուսաստանը Հայաստանին առաջարկում է այդ ինքնաթիռները ձեռք բերել ազգային ավիափոխադրող հիմնելիս: Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել է ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը:
«Մենք հիմա նախատեսում ենք ծրագիր, որը ենթադրում է հայ-ռուսական ընկերության ստեղծում և «Սուխոյ Սուպեր Ջեթ» ինքնաթիռների շահագործում։ Մենք մեր կողմից պատրաստ ենք ամեն կերպ օգնել և աջակցել այդ ծրագրին»,-ասաց Սոկոլովը։
ՌԴ տրանսպորտի նախարարի խոսքով`երկու կողմերն էլ լավ հասկանում են, որ նոր ինքնաթիռը բավականին թանկ կարժենա. այդ ինքնաթիռների հին տարբերակներ այս պահին չկան, որովհետև ոչ վաղ անցյալում են թողարկվել։
«Բայց, իհարկե, որոշակի քանակ մեր ընկերությունները կարող են փոխել ավելի նոր տիպի ինքնաթիռների հետ, այդկերպ լիզինգային պայմաններով նոր ավիափոխադրողի համար փոխարինված ինքնաթիռները կարող են լինել համեմատաբար ավելի մատչելի»,-ասաց Սոկոլովը։
Նա տեղեկացրեց` «Սուխոյ Սուպեր Ջեթ» ինքնաթիռներն արդեն իսկ իրենց արդարացրել են «Աերոֆլոտում», «Յամալում» շահագործման հանձնվելով։ Շուտով «Ազիմուտ» ավիաընկերությունը ևս ուղևորափոխադրումներ կիրականացնի այս տեսակի ինքնաթիռներով։ Նախարարի խոսքով`«Սուխոյ Սուպեր Ջեթը» տարածված է նաև Եվրոպայում ու Մեքսիկայում։
ՌԴ արդյունաբերության և առևտրի նախարար Դենիս Մանտուրովն ավելի վաղ հայտնել էր, որ Հայաստանում նոր ազգային ավիաընկերությունը կգործի, երբ հիմնավորվի դրա տնտեսապես շահավետ լինելը։ Նրա խոսքով, ավիաընկերության ստեղծման գաղափարն առաջ է քաշել հայկական կողմը, Ռուսաստանն էլ ընդունել է առաջարկը։
Նոր ավիաընկերությունը շահագործվելու է բացառապես ռուսական արտադրության, մասնավորապես` «Սուխոյ Սուպեր Ջեթ» ինքնաթիռներով (SSJ-100)։
SSJ-100 առաջին ինքնաթիռը հայկական «Արմավիա» ընկերությունը ձեռք էր բերել 2011 թվականին։ Մեկ տարի անց նախատեսված էր նաև երկրորդ նմանատիպ ինքնաթիռի գնումը։ Սակայն «Արմավիան» ստիպված եղավ հրաժարվել գործարքից` ֆինանսական խնդիրների պատճառով։ Իսկ 2012 թվականի օգոստոսին ընկերությունը Ռուսաստանին վերադարձրեց նաև առաջին ինքնաթիռը: