Հոկտեմբերի 25–ին Այսօր Ջորջ Քլունին «Հանուն արդարության «Քլունի» հիմնադրամի» միջոցով 1 միլիոն դոլարի նվիրատվություն է կատարել The Sentry նախաձեռնությանը՝ սկսելով «Ստիպելով պատերազմի հանցագործներին պատասխան տալ» դրամահավաք-արշավը: Առավել ընդգրկուն հետաքննական հնարավորություններով՝ The Sentry-ն, որը Enough և Not On Our Watch կազմակերպությունների նախաձեռնությունն է, զգալիորեն կնպաստի պատերազմի հանցագործների և նրանց ֆինանսական ցանցերի վերաբերյալ փաստաթղթերի ստեղծմանն ու ուսումնասիրմանը: Ստեղծված փաստաթղթերը հանձնվում են բանկերին և կառավարություններին, որպեսզի նրանք հիմք ունենան իրավապահ մարմինների միջոցով լուրջ գործողությունների դիմել ողջ աշխարհում: Այս գործողությունները նպատակ ունեն պատժի ենթարկել կամ բռնագրավել նրանց ունեցվածքը, ովքեր շահույթ են հետաբնդում ցեղասպանության կամ պատերազմի այլ հանցագործությունների միջոցով:
Ջորջ Քլունիի նվիրատվությունից բացի նախաձեռնությունն ուրախ է հայտնել, որ դրամական աջակցություն են ցուցաբերել նաև Դոն Շիդլը, Կարլ Ալենը, Ռուբեն Վարդանյանը` «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության անունից և երեք այլ խոշոր նվիրատուներ, որոնք ցանկացել են անանուն մնալ: «Քլունի» հիմնադրամի դրամաշնորհի հետ միասին այս նվիրատվությունները կազմում են 3,45 միլիոն դոլար: The Sentry-ի նպատակն է հավաքել 6 միլիոն դոլար՝ ավարտին հասցնելու արշավը:
The Sentry-ն քաղաքական վերլուծաբանների, տարածաշրջանային փորձագետների և ֆինանսական հետաքննողների խումբ է, որը հետևում է դրամական հոսքերին՝ փորձելով պատասխանատվության առաջ կանգնեցնել նրանց, ովքեր ֆինանսավորում և շահույթ են ստանում Աֆրիկայում ցեղասպանություններ և զանգվածային բռնություններ իրականացնելով: Նախաձեռնությունը նպատակ ունի լծակներ ստեղծել խաղաղության համար:
Խոսելով իր նվիրատվության մասին The Sentry-ի համահիմնադիր Ջորջ Քլունին ասաց. «Մեր ռազմավարությունն է այնպես անել, որ պատերազմի հանցագործություններն անարդյունավետ դառնան: Մենք ուզում ենք դժվարություններ ստեղծել նրանց համար, ովքեր զանգվածային սպանություններ են իրականացնում՝ նպաստելով իրենց քաղաքական և տնտեսական շահերի առաջխաղացմանը: Երբ մենք հնարավորություն ունենանք մտնել պատերազմի ղեկավարների դրամապանակները և սննկացնել նրանց, կխթանենք խաղաղությանը, ոչ թե պատերազմին, թափանցիկությանը և ոչ կոռուպցիային»:
«The Sentry-ն որդեգրում է զանգվածային բռնությունները կանխարգելելու նոր ռազմավարություն, որն օգտագործելու է ահաբեկչության, կազմակերպված հանցագործության և միջուկային տարածման դեմ պայքարում սովորաբար կիրառվող ֆինանսական հակազդեցության գործիքները: Մենք նպատակ ունենք թուլացնելու պատերազմական տնտեսության սյուները և խանգարելու ֆինանսական հոսքերին, որոնք նպաստում են հակամարտությունների զարգացմանը: Քանի դեռ հակամարտության և կոռուպցիայի միջև կապերը վերացված չեն, խաղաղությունը մնալու է անհաս երազանք», – ասաց The Sentry-ի համահիմնադիր Ջոն Փրենդերգաստը:
«Քլունի» հիմնադրամի նվիրատվության և արշավի ընթացքում ձեռք բերված այլ դրամաշնորհներով The Sentry-ն հնարավորություն կունենա՝ բարձրացնելու հանրային իրազեկման մակարդակը ձեռք բերված փաստաթղթերի և տեղեկատվության վերաբերյալ: Հաջորդ մեկ տարվա ընթացքում կհրապարակվեն պետական կողոպուտի և անօրինական ֆինանսական հոսքերի մասին զեկույցներ այնպիսի պատերազմական երկրների վերաբերյալ, ինչպիսիք են Սուդանը, Հարավային Սուդանը, Կոնգոն, Սոմալին և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը:
The Sentry-ն իր գործողությունների շրջանակում ակտիվորեն աջակցում է նաև #KeepThePromise արշավին (www.thepromisetoact.org), որը նպատակ ունի պայքարելու ցեղասպանությունների դեմ և աշխարհում բարձրացնելու անցյալի ոճիրների և մասնավորապես Հայոց ցեղասպանության մասին իրազեկվածությունը: Հաջորդ տարիներին The Sentry-ն և Not On Our Watch-ը կընլայնեն իրենց գործունեությունը այդ համագործակցության մեջ: