Արծրուն Պեպանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Մի քանի օրվա բնապահպանության նախարար էր, երբ զանգ ստացա։ Առաջարկեց հանդիպել։
Միմյանց գիտեինք հեռակա։ Համակրում էի իրեն որպես մտածող քաղաքական գործիչ։
Ես 1997-2012 թվերին բնապահպանության հինգ նախարարների փաստացի խորհրդական էի եղել մի շարք կարևոր հարցերով, ու համակարգն անգիր գիտեի։
Ներկայացրի համակարգի խութերը, որի ղեկավարումը վստահվել էր իրեն։
Հանդիպման ավարտին առաջարկեց ներգրավվել իր թիմում։
Հարցրի՝
– Իսկ ի՞նչ եք ուզում անել, ո՞րն է Ձեր նպատակը։
– Ցանկանում եմ այս ոլորտը կարգի բերել։
Նրա այդ նպատակը հոգեհարազատ էր ինձ ու ասացի, թե պատրաստ եմ աջակցել հնարավորություններիս ներածի չափով։
Չէի ասի, թե շատ գոհ ենք անցած մեկ տարում արվածից, հաշվի առնելով, որ ոլորտում լուծում պահանջող շատ խնդիրներ էին կուտակվել, իսկ կաշկանդող դժվարությունները լի էին։ Բայց կարևորը՝ նահանջելու մտադրություն չկա։
Մի բան կարող եմ ասել՝ ստեղծված կացության մեջ, էկոմշակույթի առկա ցածր մակարդակի պայմաններում, կարիք կա, որ մտահոգ քաղաքացիները բավարար ակտիվություն դրսևորեն անտառների պահպանության ու մեծ հաշվով՝ նաև էկոմշակույթի ձևավորման խնդիրների հետ կապված։ Սա ամենևին երկրորդական հարց չէ՝ բավարար մակարդակի էկոմշակույթ չունեցող ժողովուրդը չի կարող ունենալ նորմալ քաղաքական մշակույթ ու պետություն»։