Բեմում Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբն է և դաշնակահար Լևոն Կարապետյանը։ 6 տարեկանում տեսողությունը կորցրած դաշնակահարը ապշեցնում էր ռոյալի ստեղները զգալու ունակությամբ։ Խաչատրյանի դաշնամուրային կոնցերտում ակորդների մեծ թռիչքները թվում է՝ չպետք է հաղթահարվեին այդպես հեշտությամբ։
Դիրիժոր Սերգեյ Սմբատյանը կանգնեցնում է նվագախումբը, դիտողություններ անում, ու էլի Լևոնը բարդ ակորդները միանգամից է վերցնում, ասես միլիմետրի ճշգրտությամբ մատները ձուլել է ռոյալին։ Լևոնը դիրիժորի շարժումները չի տեսնում, բայց ինձ հավաստիացնում է, որ դրանք լսում է:
Լևոնն արդեն յոթ տարեկանում սկսել է նվագել։ Արմեն Կարապետյանը՝ Լևոնի հայրը, ավելի քան 10 տարի ղեկավարել է «Հայհամերգը», բեմադրող ռեժիսոր է։ Որդու ֆենոմենալ ընդունակություններից կարող է երկար պատմել։
Լևոնը Երևանում է Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի շրջանակներում։ Ներկայացնում է Ֆրանսիան, որտեղ նրա ընտանիքը գաղթել է 11 տարի առաջ։ Մեկնելը պարտադրված քայլ էր, անձնական խնդիրներ կային։ Լևոնը հրաժարվել է ծնողների հետ մեկնել։ Մնացել է մենակ՝ Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայում ուսում ստանալու նպատակով։ 6 տարի ապրել է միայնակ։ Մագիստրատուրան ավարտելուց հետո միացել է ծնողներին Ստրասբուրգում, այնտեղ էլ անցել վերապատրաստման երկարատև դասընթաց:
Կենցաղային իրավիճակներում լուծումներ գտնելու նրա փորձն ասես ֆանտաստիկ գրքից լինի։
«Երբ մերոնք գնացին, ես՝ 17 տարեկան տղա, ասես կյանքը ձեռքս տված լինեին։ Մի քիչ էլ փող էին թողել: Ու ես պետք է ապրեի: Միայնակ: Ու ամեն ինչ սովորեցի: Սովորեցի, թե ինչպես փողը խնայելով ծախսել: Սկզբում փողերն ասես քամուն էին գնում: Զարմանում էի, թե էդ ինչպես ստացվեց: Հետո սովորեցի ճիշտ հաշվարկ անել:
Երբ մերոնք մեկնեցին, բարեկամներս, դե սովետական ժողովուրդ են, դժգոհում էին ծնողներիցս՝ ո՞նց եք էս կույր էրեխուն մենակ թողնում և այլն: Շատերը հետս հատուկ չէին շփվում՝ հույս ունենալով, թե մերոնք ստիպված կվերադառնան: Ես ասացի՝ հանգիստ գնացե՛ք: Հայրս բուժման կարիք ուներ, պետք էր մեկնել:
Զանգում էի ծանոթներիս տաքսի սերվիս, տանում էին կոնսերվատորիա, ինձ էնտեղ ընկերներս դիմավորում էին, ճանապարհում: Հետո սկսեցի նոր ընկերներ ձեռք բերել, ու ճանապարհողների թիվը մեծացավ: Հետո սովորեցի ափսե լավանալ, ճաշ եփել: Սովորել էի, թե ինչը որ դարակում է, աղն ու համեմունքները՝ որտեղ: Միայն առևտուրն էր, որ մենակ չէի անում: Ու էդպես՝ վեց տարի: Մի լավ ընկեր ունեմ՝ կարտոֆիլ մաքրելը սովորեցրեց, մի լավ ընկեր ունեմ՝ սուրճ դնել սովորեցրեց: Ասում էր՝ որ աղջիկները գան, սուրճ կեփես, թող զարմանան: Որ սուրճը բարձրանում էր՝ ձայնից հասկանում էի, վերցնում էի կրակից, խառնում, էլի դնում, խառնում»,- հրճվանքով պատմում է 27-ամյա դաշնակահարը։
Լևոնը հանդես է եկել Պետերբուրգի Մարիինյան թատրոնի նվագախմբի, Ակադեմիական սիմֆոնիկ նվագախմբի, Հայաստանի ֆիլհարմոնիկի, ընդ որում՝ 17 տարեկանում, Երևանի օպերային թատրոնի նվագախմբի հետ՝ Կարեն Դուրգարյանի ղեկավարությամբ:
«Շատ լավ մարդ և դիրիժոր է Կարեն Դուրգարյանը: Կուզեի իր հետ գոնե մեկ համերգ էլ ունենալ: Նույնը՝ Սերգեյ Սմբատյանի հետ: Կուզենայի էս համագործակցությունը շարունակական լինի: Էս անգամ անսպասելի կազմակերպվեց ամեն ինչ: Ընտանիքով շատ պատահաբար հանդիպեցինք Սերգեյ Սմբատյանին, հայրս ասաց՝ Սերգե՛յ, Լևոնի հետ համերգ չեք ուզու՞մ: Սերգեյը հարցրեց՝ ի՞նչ կառաջարկես նվագենք, պատասխանեցի՝ Խաչատրյան: Ասաց՝ դե գնա սովորի, նվագենք: Գնացի, սովորեցի ու համերգը տեղի ունեցավ: Նման անմիջականությունից, նման դիպվածից մարդու կյանքը կարող է փոխել»,- ասում է Լևոնը:
Ամբողջությամբ՝ hetq.am