Ռուբեն Շուխյանի հրապարակումը:
«Էրեբունի-Երևան» տոնն առաջին անգամ նշվեց 1968 թվականին՝ Էրեբունի ամրոց-քաղաքի հիմնադրման 2750-ամյակի առթիվ:
1965-ի ազգային զարթոնքից հետո՝ այն, առանց չափազանցնելու, վերածվեց մի մեծ համազգային տոնախմբության: Նախապատրաստական աշխատանքներին ներգրավված էին բնակչության բոլոր շերտերը, սկսած մեզանից՝ Երևանի կենտրոնի մի քանի դպրոցների աշակերտներից: Մոտ մեկ ամիս մեզ տանում էին «Դինամո» (այժմ՝ «Հանրապետական») մարզադաշտ՝ որտեղ կրկին ու կրկին փորձարկում էինք հանդիսություններին մասնակցության մեր անելիքը:
Ողջ քաղաքը ողողված էր հոբելյանական պաստառներով, ամենատարբեր գունազարդ հուշանվերներով, բուկլետներով ու բացիկներով: Բոլորի ոգևորությունն իրոք աննախադեպ էր: Այդ օրերին բացվեց «Էրեբունի» թանգարանը, իսկ կից փողոցն անվանվեց էրեբունի: Էդգար Հովհաննիսյանն ու Պարույր Սևակը հատուկ այդ հոբելյանի համար գրեցին «Էրեբունի-Երևան» երգը, որը ներկայումս դարձել է քաղաքի օրհներգը: Լենինի (այժմ՝ Հանրապետության) հրապարակին հարող պուրակում տեղադրվեցին 2750 հատ գեղեցիկ շատրվաններ, և այն ժամանակ Երևանում թերևս չկար մի երեխա, որ չփորձեր հաշվել նրանց քանակության ճշտությունը:
Տոնակատարության այդ օրերին ներկայիս «Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանին կից՝ Նալբանդյան և Մելիք-Ադամյան փողոցների անկյունում տեղադրվեց Արգիշտի արքայի սեպագիր արձանագրության կրկնօրինակը, որը շատ խորհրդանշանական էր և փաստացի դարձավ Երևանի հիմնադրման ծննդյան քարե վկայականը: Իսկ Լենինի հրապարակին և Աբովյան փողոցին հարող անկյունում տեղադրվեց «Յոթ Աղբյուր» երևանյան հայտնի ցայտաղբյուրը՝ կա արդյո՞ք մի հայ, որ չի խմել այդ զուլալ աղբյուրի ջրից:
Իրոք, ինչքան հարազատ ու սրտամոտ էին այդ օրերին գրված Պարույր Սևակի հանրահայտ խոսքերը. «Մեր փոքրիկ հողի՝ դու մեծ երազանք, մեր դարե կարոտ, մեր քարե նազանք»: